«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչով դիմում է պատգամավորներին: Հաղորդագրությունում ասվում է. «Անցած վեց ամիսների ընթացքում, երբ առաջ քաշվեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, բյուրեղացան մի շարք գործընթացներ, որոնք հերթական անգամ ապացուցեցին` մեր կրթական համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի: Սակայն այս ժամանակահատվածը մեզ նաեւ ցույց տվեց, որ կրթական համակարգի այս վիճակի հիմնական պատճառը կրթության կառավարման եւ կրթական համակարգի համար օրենքներ գրող պատասխանատուների անիրազեկությունն ու անգրագիտությունն է: Դիմում ենք Ազգային ժողովի օվալաձեւ նոր դահլիճում հավաքված մեր «ընտրյալ» Մեծամասնությանը. հիմա մենք հստակ ջրբաժանի առաջ ենք կանգնած` կամ միասին դեմ ենք արտահայտվում այս օրինագծերին եւ լծվում ենք կրթական համակարգի խորքային խնդիրների վերհանմանն ու լուծմանը, կամ դուք մեր կրթությունը տանում եք վերջնական կործանման: Իշխող կոալիցիայի պատգամավորները նախաձեռնող խմբի անդամների հետ անհատական հանդիպումների ժամանակ միշտ հավաստիացրել են, որ կիսում են մեր մտահոգությունները, սակայն կքվեարկեն այնպես, ինչպես որոշում կկայացնի ղեկավարությունը: Մենք կոչ ենք անում այդ պատգամավորներին` ինչպես զինվորը կարող է չկատարել իր ապաշնորհ վերադասի ապօրինի հրամանը, դուք էլ այսօր պարտավոր եք դեմ քվեարկել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին: Դրանով դուք կխուսափեք ձեր ողջ կյանքի ընթացքում այս խարանը կրելուց եւ սերունդների նզովքից: Մեր կոչն անտեսելու եւ օրինագծերին կողմ քվեարկելու դեպքում, վստահեցնում ենք, որ ողջ ձեր քաղաքական գործունեության ընթացքում, ամեն հնարավորության դեպքում, հիշեցնելու ենք ձեզ այս օրերի ձեր կործանարար դիրքորոշման համար անհատական պատասխանատվության մասին»: