Գիտնականներն ապացուցել են, որ…
– Ավելորդ քաշից պետք է ազատվել ոչ միայն գեղեցիկ երեւալու համար, այլեւ՝ որովհետեւ այն վնասում է օրգանիզմի նորմալ աշխատանքին: Իլինոյսի Քնի բիոլոգիայի եւ ցիրկադ ռիթմերի կենտրոնի գիտնականները ապացուցել են, որ ուշ ժամի ընթրիքը ավելորդ քաշի ուղղակի պատճառ է: Նույնիսկ նշանակություն չունի` ինչ կալորիականության եւ ինչ քանակի սնունդ եք ընդունում: Դա կապված է կենդանի օրգանիզմի ֆիզիոլոգիական հատկությունների հետ: Բանն այն է, որ ցանկացած կենդանի օրգանիզմ ունի, այսպես կոչված՝ օրական իր ռիթմերը (ցիրկադ ռիթմերը` բիոլոգիական տարբեր պրոցեսների ցիկլային տատանումների ինտենսիվությունն են` կապված գիշեր-ցերեկ հերթափոխության հետ): Ցիրկադ ռիթմերը էնդոգեն ծագում ունեն եւ համարվում են օրգանիզմի «ներքին ժամացույցը», որը համընկնում է 24-ժամյա ցիկլի հետ: Արտաքին ազդակներից (ազդակ է, օրինակ, լույսը) բացի՝ օրգանիզմն ունի իր ժամացույցը եւ առանձին օրգաններ` իրենցը: Ավելին, այդ ռիթմի խախտումների դեպքում տարիների ընթացքում բազմաթիվ հիվանդություններ են ի հայտ գալիս: Օրական այդ ռիթմերին են ենթարկվում օրգանիզմի բոլոր պրոցեսները, օրգանների աշխատանքը, հորմոնների վերարտադրությունը: Մարդկանց մոտ այդ ռիթմի դրվածքն այնպիսին է, որ գիշերը քնում են, իսկ օրվա մեջ` արթուն են մնում: Գիշերվա ժամերին օրգանիզմը պարզապես պատրաստ չէ սնվելու: Նման ծրագրավորում օրգանիզմում դրված չէ: Մկների վրա ամերիկյան գիտնականները հետազոտություն են կատարել: Մկներին բաժանել են 2 խմբի: Մի խմբին կերակրել են միայն ցերեկը, երկրորդ խմբին` միայն գիշերը: Սկզբում նրանց կերակրել են սովորական, կենդանիներին օգտակար սնունդով, այնուհետեւ կերը փոխել են եւ 60% ճարպեր պարունակող սնունդ են տվել: Ինչպես հայտնի է` մկները գիշերային կյանքով են ապրում, իսկ ցերեկը հիմնականում քնում են: Եվ ահա, 6 շաբաթ հետո պարզվել է, որ ճարպերով լի կեր ստացած երկու խմբերի մկների քաշը բավականաչափ ծանրացել է: Նրանք, սակայն, ովքեր սնվել են ցերեկվա ժամերին` միջինը 48%-ով չաղացել են, իսկ այն մկները, որոնք կերել են իրենց համար նորմալ ժամերին, այսինքն` գիշերը, գիրացել են միջինը 20%-ով: Դրանից փոխվել էր նաեւ մկների վարքը: Նրանք, ովքեր քնելու փոխարեն սնվել են ցերեկը` իրենց համար ոչ նորմալ ժամերին, գիշերվա ժամերին այնքան էլ ակտիվ չեն եղել. նրանց քունն անվերջ տանում էր: Ակտիվ չէին, անքուն էին, ուժասպառ, դանդաղաշարժ, ինչի պատճառով հետեւողականորեն գիրանում էին: Նույն հետեւությունները պետք է անել մարդու օրգանիզմի համար: Բիոռիթմերի նման խախտումները ամբողջ օրգանիզմը անհավասարակշիռ վիճակի են հասցնում: Այն մարդիկ, ովքեր նույնիսկ ստիպված են գիշերվա ժամերին աշխատել եւ սնվել` հիմնականում ավելի գեր են: Ինչպես նշվեց, ցիրկադ ռիթմերը բնորոշ են մարդու օրգանիզմին: Գիշերվա ժամերին կշտանալու-հագենալու լեպտին հորմոնն անընդհատ «աշխատում» է: Արդյունքում, մարդն անդադար ինչ-որ բան է ծամում: Բացի այդ, օրվա ռիթմերի` գիշեր-ցերեկի խախտումների արդյունքում «ջարդվում են» բիոլոգիական ռիթմերը, գիտության մեջ այսպես կոչված`«գենի ժամացույցը»: Խանգարվում է օրգանիզմի նյութափոխանակությունը, առողջական բազմաթիվ խնդիրներ են առաջանում, մարդը օրըստօրե գիրանում է: Այնպես որ, գիշերը քնեք եւ ցերեկը լիարժեք ուժերով աշխատեք, գիշերը կողպեք սառնարանները: Բնությունը մեզ ստեղծել է այնպիսին, ինչպիսին կանք, բնությունը իմաստնաբար ղեկավարում է մեր օրգանիզմը, ուրեմն լսեք նրա ձայնը: Այդ դեպքում եւ ձեր քաշը նորմալ կլինի, եւ օրգանիզմը առողջ կլինի, եւ կունենաք բարձր-լավ-կյանքով լի տրամադրություն: Օրվա ընթացքում ժամը 18:00-ից հետո այլեւս ոչինչ մի կերեք, եւ այլեւս ձեզ որեւէ դիետա պետք չի լինի:
– 2010թ. Օքսֆորդի համալսարանի գիտնականների մի խումբ 14.000 հիվանդների շրջանում կատարված հետազոտությունների ընթացքում պարզել է, որ ասպիրինի 1 հաբի ամենօրյա ընդունումը կարող է նվազեցնել հաստ աղիի քաղցկեղի հնարավոր առաջացումը: «Lancet» բժշկական ամսագրում տպագրված հետազոտության արդյունքների համաձայն` փոքր քանակությամբ ասպիրինը 24%-ով նվազեցնում է նման քաղցկեղի առաջացումը: Ի դեպ, հաստ աղիի քաղցկեղից մահացությունները 35% են կազմում: Մինչ այդ բժիշկները նշել էին, որ սովորական ասպիրինի ամենօրյա ընդունումը նվազեցնում է ինսուլտի, սրտի հիվանդությունների ռիսկայնությունը: Սակայն շատերը այն չէին օգտագործում` զգուշանալով դեղի հնարավոր այլ փոխազդեցություններից: Այնուամենայնիվ, ցանկացած պրոֆիլակտիկ միջոց կիրառելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ասպիրինն իսկապես կողմնակի բացասական որոշ հատկություններ ունի:
– Իտալացի պատանիների մոտ 76%-ը ռիսկի են դիմում մարմնի տարբեր մասերի վրա դաջվածքներ (տատու) եւ պիրսինգներ անելով: Նեապոլիտանի համալսարանի գիտնականները պարզել են, որ շատ հաճախ երիտասարդները դա անում են չլիցենզավորված եւ ոչ պրոֆեսիոնալ մասնագետների մոտ` այդպիսով վտանգելով իրենց առողջությունը: Երիտասարդ աղջիկների եւ տղաների 31,3%-ն է պիրսինգ կրում, իսկ մարմնի վրա առնվազն մեկ դաջվածք ունի նրանց 11,3%-ը: Նորաձեւությանը տուրք տալով` համալսարանի ուսանողների 24,5%-ն՝ արդեն դաջվածքներ, 33%-ը` պիրսինգ ունի: Գիտնականները զգուշացնում են, որ դաջվածքներն ու պիրսինգները, վնասելով մաշկը, լուրջ վտանգ են հանդիսանում մարդու օրգանիզմի համար: Բացի այն, որ սարքավորումների միջոցով տարբեր բացիլներ, վարակակիր վիրուսներ են ներթափանցում, նաեւ հնարավոր է վարակվել սպիդով եւ հեպատիտ B եւ C-ով: Վիճակագրական տվյալներով` հեպատիտ C-ով հիվանդ է դաջվածքներ ունեցող մարդկանց 33%-ը, իսկ դաջվածքներ չունեցողների 3,5% տոկոսը: Գիտնականներին հատկապես մտահոգում է 13-ամյա աղջիկների հարցը, որոնց մեծ մասը հենց այդ տարիքում է առաջին պիսինգն անում, իսկ 15 տարեկանում նրանք հրապուրվում են դաջվածքներով: Հենց նրանք են դառնում այդ չլիցենզավորված մասնագետների հիմնական զոհերը:
Առողջ եղեք: