Հոկտեմբերի 23-ին ՀՀ մի շարք գյուղերում եւ քաղաքներում կշարունակվեն ՏԻՄ ընտրությունները: Այդ օրը կկայանա նաեւ Գավառի քաղաքապետի ընտրությունը, որին մասնակցում է 5 թեկնածու: Գավառում եւս իրար հետ պայքարի մեջ են մտել իշխանամետ տարբեր ներկայացուցիչներ` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գրիշա Հովեյանը, գործող փոխքաղաքապետ, ՄԱԿ անդամ Գուրգեն Մարտիրոսյանը, ՕԵԿ-ական Միշա Գեւորգյանը, անկուսակցական Արմեն Խանդանյանը, որին, ըստ հավաստի տվյալների, պաշտպանում են ուժային կառույցները եւ անկուսակցական Հրաչյա Զաքոյանը, որին, ըստ նույն աղբյուրների հավաստման՝ պաշտպանում են «ԺՊ» խմբի մի քանի պատգամավորներ: Այս նախընտրական պայքարը չէր հայտնվի մեր ուշադրության կենտրոնում, եթե չլիներ մի հետաքրքիր հանգամանք: ՄԱԿ-ը, որն ունի ինտելեկտուալ եւ եվրոպական չափանիշներին հավակնող կուսակցության իմիջ, Գավառում պաշտպանում է մի թեկնածուի, որը եվրոչափանիշներին, մեղմ ասած, չի համապատասխանում, որովհետեւ, դժվար թե որեւէ եվրոպացի հասկանա, թե ինչու են ընտրություններից առաջ մասսայաբար հավաքվում մարդկանց անձնագրերը եւ հետ չեն վերադարձվում: Առավել եւս, նրանք դժվար կհասկանան, թե ինչպես կարելի է ահաբեկել այն մարդկանց, ովքեր քարոզում են մրցակիցներին: Ասում են, որ հոկտեմբերի 19-ին «Գավառ» հեռուստաընկերության կողմից հրավիրված կլոր սեղանին ՄԱԿ «ինտելեկտուալ» անդամը չի մասնակցելու, իր շատ «ինտելեկտուալ» լինելու պատճառով: Այնպես որ, այս անգամ արդեն ՄԱԿ-ն իր հայտնի դարձած «բիզնես-պլանը», որը վերջին մի քանի ամիսների ընթացքում իրեն չի արդարացնում, որոշել է փոխարինել այլ մեթոդներով: