Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում երեկ նոր ձերբակալություն է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի հովանավորյալ՝ Ռոժ մականունով հրամանատար Վարդան Մարտիրոսյանը եւ նրա խումբը (որոշ տվյալներով` նաեւ Խաչատուրովի որդին) մեղադրվում են ֆինանսական մախինացիաների, դրամաշորթության, զինվորներին ծեծելու եւ նվաստացնելու մեջ: Օրեր առաջ ձերբակալվել էր Վ. Մարտիրոսյանը, իսկ երեկ նաեւ` գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը: Վերջինս, ըստ ԶԼՄ-ների, զինծառայողներից շորթել է մոտ 1 միլիոն դրամ` հրամանատարի համար համակարգիչ գնելու նպատակով: Քննչական ծառայությունն առայժմ տեղեկատվություն չի տրամադրել, թե ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է զինծառայողներից շորթել Կարապետյանը: Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ` պայմանագրային զինծառայողներից շորթվել է 90 մլն դրամ: Ավելին, ըստ նույն աղբյուրի` Յու. Խաչատուրովն ասել է, որ եթե Ռոժը չվերադարձնի գումարը, ուրեմն ինքը հրաժարական կտա զբաղեցրած պաշտոնից: