Պզոն Rolls Royce-եր է ուղարկել

23/10/2010

Մեր տեղեկություններով` ԱՄՆ-ում ձերբակալված Արմեն Ղազարյանը (Պզո) ժամանակ առ ժամանակ թանկարժեք ավտոմեքենաներ (Rolls Royce, Mercedes-Benz եւ այլն) է ներկրել ՀՀ եւ վաճառել որոշ օլիգարխների ու պետական պաշտոնյաների: Ընդ որում, նույն աղբյուրների փոխանցմամբ` ԱՄՆ համապատասխան ծառայությունները ՀՀ բանկերից տեղեկություններ են պահանջել Պզոյի եւ նրա խմբի կողմից ՀՀ փոխանցված գումարների մասին: Բոլոր բանկերը, բացի HSBC-ից` տրամադրել են այդ ինֆորմացիան: Ի դեպ, երեկ ռուսական «Նովայա գազետա» թերթը գրել էր, որ Պզոյին Լոս Անջելեսի «նայող» էր նշանակել օրենքով գող Դեդ Հասանը, որի նկատմամբ վերջերս մահափորձ էր կատարվել: Ըստ թերթի` Հասանը կապեր ունի ՌԴ Ոստիկանության եւ Դատախազության հետ եւ նրանց վճարում է իր «տանիքի» համար: Ավելին, նա բիզնես ծրագրեր է իրականացնում Պետդումայի պատգամավորների եւ ուժային գերատեսչությունների բարձրաստիճան աշխատակիցների հետ: Թերթի աղբյուրների համոզմամբ` Դ. Հասանը կանոնավոր կերպով վճարում է Ոստիկանության աշխատակիցներին եւ դատախազներին, ովքեր էլ նրա համար անվտանգ քրեական գործունեություն են ապահովում: