«Միավորված ազգերի կազմակերպության օրը ես իմ երախտագիտությունն եմ հայտնում աշխարհի միլիոնավոր մարդկանց, ովքեր խորապես հավատում են խաղաղության, զարգացման եւ մարդու իրավունքների հաստատմանն ուղղված մեր աշխատանքին, ինչպես նաեւ՝ նրանց, ովքեր խրախուսում են մեր սկզբունքները եւ օգնում հասնել մեր նպատակներին: Իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ` բոլորիդ, աշխարհի ընկերներ եւ քաղաքացիներ»,- երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը: Վաթսունհինգ տարի առաջ հոկտեմբերի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր Կանոնադրությունն ուժի մեջ մտավ: «ՄԱԿ-ի օրն այն օրն է, երբ մենք որոշում ենք ավելին անել: Անել ավելին՝ պաշտպանելու նրանց, ովքեր հայտնվել են զինված հակամարտության մեջ, պայքարելու կլիմայի փոփոխության դեմ ու կասեցնելու ատոմային աղետը, անել ավելին՝ ընձեռելու հնարավորություններ կանանց եւ աղջիկներին ու պայքարելու անարդարության ու անպատժելիության դեմ, անել ավելին՝ հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին»,- հայտարարել է Բան Գի Մունը: «Անցյալ ամսվա ՀԶՆ գագաթաժողովը Միավորված ազգերի կազմակերպությունում` քաղաքական կամքի լիցք հաղորդեց բոլորին, ինչպես նաեւ՝ ստանձնելու ֆինանսական պարտավորվածություններ, որոնք հատկապես կարեւոր են տնտեսական այս ծանր Ժամանակներում: Եվ քանի որ մոտենում է 2015 թ. վերջնաժամկետը, ես վճռական եմ պահանջել ավելին: Չնայած մեր խնդիրներին, չնայած բեւեռացմանն ու անվստահությանը, մեր փոխկապակցված աշխարհը բացել է նոր հնարավորություններ համընդհանուր առաջընթացի համար: Եկեք պարտավորվենք անել անգամ ավելին՝ իրականացնելու ՄԱԿ-ի Կանոնադրությամբ հաստատված մեր տեսլականը»,- նշել է նա: