Պայքար գեներալիտետի դեմ

19/10/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

ԿԸՀ հաղորդած նախնական տվյալներով` հոկտեմբերի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում հաղթող է ճանաչվել քաղաքապետի թեկնածու Գագիկ Ավագյանը: Ընտրություններին մասնակցել է ընդհանուր ընտրողների 58 տոկոսը: Գագիկ Ավագյանի օգտին քվեարկել է 18.793 հոգի: Հավաքած ձայների թվով երկրորդ տեղում է եղել Երվանդ Աղվանյանը՝ 5970 ձայն: Մյուս թեկնածուները՝ Սուսաննա Հարությունյանն ու Ավետիք Գանձյանը, հավաքել են համապատասխանաբար 300 եւ 140 ձայն: Անվավեր է ճանաչվել 38 քվեաթերթիկ, անճշտություններ չկան: Քվեարկության վերջնական արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 22-ին:

Ընդդեմ գեներալիտետի, հանուն ինչի՞

Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում պայքարը ոչ թե քաղաքապետի թեկնածուների, այլ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի միջեւ է. ընտրողների այս կարծիքը, սակայն, չէին կիսում թեկնածուների շտաբներում:

Քաղաքապետի թեկնածու Գագիկ Ավագյանի շտաբը հերքում էր, թե գեներալ Մանվել Գրիգորյանն առանձնահատուկ վերաբերմունք ունի իրենց թեկնածուի հանդեպ: «Այդ լուրերը մեր հակառակորդները տարածում են՝ հավանաբար նկատի ունենալով այն իրողությունը, որ ԵԿՄ-ն աջակցում է Գագիկ Ավագյանին»,- բացատրեց Գ. Ավագյանի լիազոր ներկայացուցիչ Դանիել Գեւորգյանը: Իսկ թե ինչու է քաղաքապետի թեկնածու Գ. Ավագյանի նախընտրական գովազդային տեսահոլովակում զուգահեռ նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի գովքն արվում, լիազոր ներկայացուցիչը նույնքան սպառիչ պատասխան ուներ. «Այդ տեսահոլովակում մասնավորապես նշվում է, որ Գագիկ Ավագյանին աջակցում է նաեւ Արմավիրի մարզի միակ բարձրագույն ուսումնական հաստատության՝ «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի ղեկավարությունը, որի հիմնադիրը գեներալ Գրիգորյանն է»: Քաղաքապետի թեկնածու Երվանդ Աղվանյանի շտաբում թեեւ չեն հերքում Ա. Թումանյան-Ե.Աղվանյան քավոր-սանիկային կապը, սակայն միանշանակ պնդում են, թե Արտաշես Թումանյանն այս հարցում ձեռնպահ է մնացել, ավելին՝ նախապես փորձել է «ճնշել» Ե. Աղվանյանին, որպեսզի վերջինս ընդհանրապես հանի իր թեկնածությունը:

Նախապես իր թեկնածությունը հօգուտ Ե. Աղվանյանի հանել ցանկացող քաղաքապետի մյուս թեկնածու Սուսաննա Հարությունյանն իր այդ քայլը բացատրում է այսպես. «Մենք նախապես որոշեցինք միասին հանդես գալ, որովհետեւ կարծում էինք, առանձին-առանձին հնարավոր չէ պայքարել իշխանական այն բոլոր լծակների դեմ, որ գործի են դրվել ի պաշտպանություն Գագիկ Ավագյանի: Մեր համար կարեւորն այն է, որ ընտրություններում հաղթեն ոչ թե Երվանդ Աղվանյանը կամ Սուսաննա Հարությունյանը, այլ նա, ում օգտին կքվեարկի էջմիածինցին, այլ ոչ թե նա, ում կնախընտրի գեներալ Մանվելը»: Այս մտայնությամբ է առաջադրվել նաեւ քաղաքապետի մյուս թեկնածուն՝ Ավետիք Գանձյանը, որի մասին հաջողվեց ճշտել այսքանը՝ բարձրագույն կրթություն ունի եւ երկու ամիս առաջ ծեծի է ենթարկվել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից: Այդուհանդերձ, մեկ միասնական թեկնածուով հանդես չգալը բացատրեցին այսպես. «Քանի որ հանձնաժողովներում մենք ընդամենը մի տեղ ունեինք՝ ի դեմս ԱԺՄ-ի, առանձին հանդես գալու դեպքում մենք հնարավորություն կունենայինք գոնե քվեաթերթիկները հաշվելու ժամանակ 2-3 մարդ ունենալ»: Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ:

Էջմիածնի քաղաքապետը նշանակովի՞ է

Ընտրությունների օրը ժամը 14:00-ի սահմաններում Երվանդ Աղվանյանի եւ Սուսաննա Հարությունյանի վստահված անձինք լքել են ընտրատեղամասերը: Ս.Հարությունյանի նախընտրական շտաբից տեղեկացրին, որ պատճառը եղել են մասսայական ապօրինությունները: Վստահված անձինք բողոքել են, որ այլեւս ի վիճակի չեն հետեւել ստեղծված իրավիճակին, շտաբները որոշել են բոյկոտել ընտրությունները եւ բոլոր ընտրատեղամասերից հետ են կանչել վստահված անձանց: Ժամը 14:00-15:00-ի սահմաններում ընտրատեղամասերում արդեն ամեն ինչ շատ խաղաղ էր, հանձնաժողովի նախագահները միաձայն պնդում էին, որ ոչ մի միջադեպ կամ բողոք չի գրանցվել: Մինչ ընտրատեղամասերում հանձնաժողովներն ու Գագիկ Ավագյանի վստահված անձինք խոր հիացմունքով նկարագրում էին ընտրությունների «խաղաղ ու թափանցիկ» ընթացքը, Երվանդ Աղվանյանի ու Սուսաննա Հարությունյանի միացյալ շտաբում նրանց վստահված անձինք գրավոր փաստաթուղթ էին կազմում՝ մանրամասն նկարագրելով տեղի ունեցած լցոնումները, մեռյալ հոգիների «հարությունը», կեղծ անձնագրերով քվեարկության փաստերը: Նախ՝ ընտրատեղամասերում քվեաթերթիկները բաժանվել են 2 էտապով: Ս. Հարությունյանի հավաստմամբ՝ վերջնական ընտրացուցակներում ընտրողների թվերն ավելացել են 300-400 մարդով: Քվեաթերթիկները բաժանվել են նախնական ընտրացուցակների համաձայն, կողմերի բողոքներից հետո տեղամասեր են բերվել քվեաթերթիկների հավելյալ քանակություններ: 19/19 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, ԱԺՄ ներկայացուցիչ Ռոզա Աղվանյանի հավաստմամբ՝ հանձնաժողովի անդամների աշխատանքի բաշխումը կատարվել է «Ընտրական օրենսգրքի» մի շարք խախտումներով: «Հանձնաժողովի նախագահն աշխատանքների բաշխումը կատարում էր այնպես, ինչպես ինքն էր հարմար գտնում,- տեղեկացնում է Ռ.Աղվանյանը,- ինձանից մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի ես կարողանամ հետեւել ոչ թե քվեատուփերին, այլ նստեմ գոնե կնիքների վրա ու կարողանամ հետեւել նաեւ անձնագրերի գրանցմանը»: Կեղծ անձնագրերով քվեարկության մի քանի դեպքեր արձանագրելու ու բողոքելու համար վերջինիս առաջարկել են հեռանալ ընտրատարածքից՝ ընտրությունների ընթացքին խանգարելու պատճառաբանությամբ: «Ես Չարենցի թաղամասի բնակիչ եմ եւ այդ թաղամասում շենք առ շենք, բնակարան առ բնակարան բոլորին հատ-հատ ճանաչում եմ»,- պատմում էր Ռ.Աղվանյանը: Հանձնաժողովի անդամներին հատկապես հունից հանել է այն, որ տիկին Աղվանյանն իր անմիջական հարեւանի բնակարանում՝ Չարենցի 23/48 հասցեում կեղծ գրանցումներով 4 անձնագիր է «բռնացրել»: 19/11 ընտրատարածքում Ս. Հարությունյանի եւ Ե. Աղվանյանի վստահված անձանց թույլ չեն տվել մասնակցել չհրկիզվող պահարանի եւ կնիքի բացմանը: 19/11 տեղամասում Ս. Հարությունյանի վստահված անձ Գոհար Հովհաննիսյանը պատմում է. «Ժամը 13:00-ի սահմաններում մեր ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վարդան Մելքոնյանի թույլտվությամբ ներս խուժեց 50-60 հոգիանոց մի խումբ, խցիկներում միանգամից 5-6 հոգի էին քվեարկում, այնպիսի իրավիճակ էին ստեղծել, որ անհնար էր ընթացքին հետեւել»: Գ. Հովհաննիսյանի հավաստմամբ՝ մինչեւ ժամը 8:00-14:00 ժամանակահատվածը 19/11 տեղամասում կեղծ անձնագրերով ընտրել են 300-400 հոգի՝ Արմավիրի մարզի տարբեր բնակավայրերից:

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Էջմիածնում, դուրս է բանականության սահմաններից, եւ ես կոչ եմ անում ԿԸՀ նախագահին՝ դիմել ՀՀ նախագահին, որպեսզի 19-րդ տեղամասն ընդհանրապես հանվի, որպեսզի մենք էլ հստակ իմանանք, որ Էջմիածնում քաղաքապետը նշանակովի է, եւ նշանակում է գեներալ Մանվել Գրիգորյանը»,- հայտարարեց Սուսաննա Հարությունյանը:

Քաղաքապետի թեկնածու Գագիկ Ավագյանի շտաբն ընտրությունների ընթացքի հետ կապված ոչ մի բողոք չներկայացրեց: Տեղեկացնենք նաեւ, որ ի տարբերություն Գագիկ Ավագյանի, որի գովազդային բուկլետները փակցված էին ամենուր՝ սկսած Էջմիածին մտնող երթուղային տաքսիներից, մյուս թեկնածուների գոյությունը հիշեցնող ոչինչ չկար քաղաքում: Ավելին, Գ. Ավագյանի շտաբում նույնիսկ մեզ համոզեցին, որ մյուս թեկնածուները շտաբներ չունեն: Ի դեպ, Գ. Ավագյանի շտաբը գտնվում է քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանի անմիջական հարեւանությամբ: Ընտրությունների ամբողջ օրը տարածքը հսկվում էր ոստիկանական մեքենաներով, եւ շտաբի աշխատակիցներն ամեն կերպ ջանում էին թույլ չտալ տարածքում որեւէ բան լուսանկարել: Տեղեկություններ կան նաեւ, որ հոկտեմբերի 17-ին օրվա մեծ մասը Գ. Ավագյանի շտաբում են անցկացրել Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանն ու ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Վերջինս «Ազատություն» ռ/կ-ի լրագրողին հայտարարել էր, թե Գ.Ավագյանի շտաբի ղեկավարն ինքն է: Իսկ մեր այցելության պահին Գ. Ավագյանի շտաբում բաժանում էին Ամենայն հայոց կաթողիկոսի ուղարկած նշխարը: