«Հայաստանի իշխանությունները «Ա1+»-ի դեպքում կգտնեն հարցի ամբողջական լուծումը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը: Անդրադառնալով ընդդեմ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռին եւ այն պնդումներին, որ Հայաստանի իշխանությունը միայն մասամբ է կատարել այդ վճիռը` Գյուլումյանը նշել է. «Իհարկե, քննադատությունը միջազգային ատյանում անցանկալի է, իհարկե, դա կարող է որոշակի անձանց մոտ տպավորություն ստեղծել երկրի մասին, որոնք նաեւ ինչ-որ հարցերում կարող են վճռորոշ ձայնի իրավունք ունենալ: Այս ամենը պետք է հաշվի առնել, եւ եթե մենք ինքներս անդամագրվել ենք տվյալ միջազգային կազմակերպությանը, մենք ինքներս պարտավորություններ ենք ստանձնել` ոչ մեկը մեզ չի պարտադրել դառնալ այդ կազմակերպության անդամ, այսինքն` որդեգրել ենք խաղի կանոնները` պետք է խաղանք»: Հիշեցնենք, որ Եվրադատարանը 2008 թ. հունիսի 17-ի որոշմամբ հաստատել է, որ «Ա1+»-ի պարագայում խախտվել է հեռուստաընկերության` ազատորեն տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու իրավունքը, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է 30 հազար եվրո վճարել «Ա1+»-ին` որպես վնասի եւ դատական ծախսերի հատուցում: Սակայն հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները Եվրադատարանի որոշումը միայն մասամբ են կատարել` գումարն են վճարել: Ալվինա Գյուլումյանի խոսքերով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռը կայացնելուց հետո այլեւս ազդեցություն չի կարող ունենալ կատարման ընթացքի վրա. «Վճիռը կայացնելուց հետո արդեն վճռի կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, իսկ դատարանը ոչինչ չի կարող անել այդ բնագավառում, դատարանը միայն մի բան կարող է պնդել, որ իր վճիռները պարտադիր են այն երկրի համար, որի նկատմամբ կայացվել են, եւ դրանք պետք է կատարվեն»: