«Իլհամ Ալիեւը շարունակելու է ղեկավարել առնվազն մինչեւ 2014 թվականը, ինչի համար կա երկու երաշխիք. նախ` Ալիեւի վարչակազմը լիովին վերահսկում է երկրի քաղաքական ամբողջ համակարգը, բացի այդ` ընդդիմությունն է թույլ»,- նման կարծիք են հայտնել բրիտանական հեղինակավոր «Economist» հանդեսի վերլուծական բաժնի փորձագետները` Ադրբեջանում ստեղծված քաղաքական-տնտեսական իրավիճակի մասին հրապարակված զեկույցում: Այնուամենայնիվ, ըստ «Economist»-ի փորձագետների, 2005-2009 թթ. տնտեսական բուռն զարգացման համեմատությամբ այսօր առկա տնտեսական դանդաղումը եւ սոցիալական անհավասարությունը սպառնում են կայունությանը: «Եկամուտների անհավասարությունը կարող է հրահրել զանգվածների զայրույթը, ինչից գուցեեւ կփորձեն օգտվել քաղաքական վերնախավի որոշ դժգոհ տարրեր»,- նշում են նրանք: «Economist»-ի վերլուծաբանների համոզմամբ, չնայած այդ վտանգին` Ալիեւը եւ նրա աջակիցների թիմը կշարունակեն հսկել իրավիճակը եւ դրա համար հարկ եղած դեպքում ուժի կդիմեն: Ալիեւի առաջնորդած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը անցյալ տարվա մարտին նախաձեռնել է հանրաքվե, որի միջոցով չեղյալ է հայտարարվել նախագահական ժամկետների սահմանափակումը: Դա Իլհամ Ալիեւին ընձեռում է մինչեւ կյանքի վերջը նախագահելու օրինական հնարավորություն: Զեկույցի հեղինակները հանրաքվեի շուտափույթ անցկացումը բացատրում են իշխող վերնախավում Ալիեւին հնարավոր այլընտրանքի ի հայտ գալը նախապես կանխելու ձգտումով: Իսկ թույլ եւ մասնատված ընդդիմությունը տեսանելի ապագայում չի կարող սպառնալ նախագահին: Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանը աշխարհիկ երկիր է, սակայն Թուրքիայի եւ Իրանի իսլամիստների ազդեցությունը կարող է անհանգստացնել իշխանություններին: Կրոնական ազատությունների սահմանափակումը եւ արմատական տարրերի դեմ իշխանությունների գործադրած միջոցները, այդ թվում՝ որոշ մզկիթների փակումը, կարող են դժգոհություն առաջացնել մահմեդականների շրջանում եւ հանգեցնել բողոքների հատկապես այն դեպքում, եթե շարունակվի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացումը: Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 7-ին, իսկ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2013 թվականի հոկտեմբերին: «Economist»-ի վերլուծաբանների կարծիքով` «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նոյեմբերյան ընտրությունների արդյունքում պահպանելու է գերիշխող դիրքը: Անցյալ տարվա դեկտեմբերին «Ենի Ազերբայջանը» մեծ առավելությամբ շահել է տեղական ընտրությունները, որոնք քննադատվել են միջազգային դիտորդների կողմից: Իսկ առաջիկա ընտրություններում ընդդիմությունը` «Մուսաֆաթ» եւ «Ժողովրդական ճակատ» կուսակցությունները, դաշինք են կազմելու, սակայն դրա քաղաքական գործողությունները չեն կարող արդյունավետ լինել, քանի որ ընդդիմության համար մամուլը մատչելի չէ, չկան անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, եւ ուժի մեջ են հանրային միջոցառումներ անցկացնելու սահմանափակումները: