Հոկտեմբերի լույս 21-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 24 դեպք: Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները «ԱԿ» ավտոմատներից, «ՊԿ» գնդացիրներից եւ «ՍՎԴ» դիպուկահար հրացաններից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակել են շուրջ 270 կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել Մարտակերտի պաշտպանական դիրքերի Սեյսուլան հատվածում, որտեղ հակառակորդը ժամը 22։30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, հայկական առաջնագիծը գնդակոծել է ավելի քան 160 անգամ: Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: