Ո՞վ ո՞ւմ է հովանավորում

23/10/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Նախօրեին մամուլում բավականին ուշագրավ տեղեկատվություն էր հայտնվել։ Մասնավորապես, «Հայկական Ժամանակը» գրել էր, որ հավաստի տեղեկությունների համաձայն, Եվրամիության եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության համապատասխան ստորաբաժանումները որոշում են կայացրել վարույթ սկսել Հայաստանի դեմ` ազատ առեւտրի կանոնները խախտելու համար:

«Խոսքը ներմուծվող եւ Հայաստանում արտադրվող ծխախոտի եւ օղու հարկերի գործող տարբերության մասին է: Այսինքն, Հայաստանը, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, ներմուծվող ծխախոտն ու օղին ավելի շատ է հարկում, քան նույն ապրանքների ներքին արտադրությունը»,- պարզաբանել էր թերթը: Տեղեկության իսկությունը ստուգել չհաջողվեց։ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից խոստացան պատասխանել մոտ ապագայում։ Էկոնոմիկայի նախարարությունում տեղյակ էին հրապարակված տեղեկատվությանը, սակայն չմեկնաբանեցին՝ նույնպես խոստանալով դրան անդրադառնալ ավելի ուշ։

Ինչեւէ: Փորձենք հասկանալ, դա որքանով է դա վատ մեզ համար։ Եթե պարզ արտահայտվենք՝ մեզ մեղադրում են հովանավորչական քաղաքականություն վարելու մեջ։ Իսկ ի՞նչ է հովանավորչությունը։ Դա նշանակում է, որ պետությունը հովանավորում է սեփական արտադրողներին՝ նրանց համար արտոնյալ պայմաններ, կամ ներմուծողների համար լրացուցիչ դժվարություններ ստեղծելով։ Նշենք, որ հովանավորչություն ժամանակին իրականացրել են այսօր տնտեսապես ամենազարգացած ինդուստրիալ երկրները։ Իսկ հիմա, երբ նրանց արտադրողներն արդեն պետության օգնության կարիքը չունեն, աշխարհին առաջարկում են խաղալ նույն կանոններով՝ հավասար պայմաններ արտադրողների ու ներմուծողների համար։ Ճի՞շտ է դա առանձին երկրի, ասենք՝ Հայաստանի համար, թե՞ ոչ, կարծիքները կարող են տարբեր լինել։ Սակայն դա էական չէ, քանի որ մեր երկիրը պաշտոնապես ընդունել է այդ խաղի կանոնները՝ 2003թ. անդամակցելով Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը։

Մյուս կողմից՝ նշենք, որ ԱՀԿ-ի անդամ ամենաազատական երկրներն անգամ որոշ առումով հովանավորչական քաղաքականություն իրականացնում են, սակայն այդ մասին ոչ բարձրաձայնում են, ոչ էլ շատ կտրուկ քայլերի են դիմում։ Մի բան ակնհայտ է. այս երկրներից եւ ոչ մեկը չէր հանդուրժի այնպիսի իրավիճակ, երբ ներմուծման ծավալները մի քանի անգամ գերազանցեին արտահանմանը, ինչպես Հայաստանում է։ Մի շարք տնտեսագետներ անգամ քննադատել են մեր իշխանություններին՝ չափից դուրս ազատական առեւտրային քաղաքականության համար։ Իսկ եթե այդպես է, ինչո՞ւ են մեզ մեղադրում հովանավորչական քաղաքականություն իրականացնելու եւ ազատ առեւտրի կանոնները խախտելու համար։ Հատկապես, որ դա պայմանավորված էր ճգնաժամով, եւ աշխարհի շատ երկրներ գնացել են աննախադեպ, երբեմն անգամ՝ շուկայական տնտեսության սկզբունքներին հակասող քայլերի։

Պատասխանը կարող է տարօրինակ հնչել. Հայաստանը «ինքնախոստովանական ցուցմունք» է տվել։ Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն այս ամսվա սկզբին խոսելով ճգնաժամային պայմաններում կառավարության քայլերի մասին՝ նշել էր ներքին արտադրողին չափազանց մեծ չափով խրախուսելու փաստը։ «Եթե խիստ մոտենանք այդ խնդրին, ապա դա հակասում էր մեր` Առեւտրի համաշխարհային կազմակերպության մեջ ընդունվելու ժամանակ դրված պարտավորություններին: Մենք պետք է արտաքին եւ տեղական արտադրողների համար նույն տնտեսական չափանիշներն օգտագործենք, իսկ տարբերությունը պետք է լինի միայն մաքսատուրքը։ Սակայն ճգնաժամն ավարտվեց, եկավ նաեւ դրանց ժամկետի ավարտը»,- հոկտեմբերի 6-ին ասել էր Գ. Մինասյանը՝ ընդգծելով, որ եթե շարունակեն այդ քաղաքականությունը, ապա պետք է պատրաստ լինեն, որ այլ երկրները նույն քաղաքականությունն իրականացնեն Հայաստանից արտահանվող ապրանքների, մասնավորապես՝ գինու եւ կոնյակի նկատմամբ: «Դա մեր համար շատ ավելի վտանգավոր հեռանկար է ակնկալում: Ճգնաժամն ավարտվեց, եւ ժամանակն է, որ պետությունը դուրս գա պրոտեկցիոնիստական քաղաքականությունից»,- նշել էր նա: Ու չնայած վտանգի գիտակցմանը` նա ավելացրել էր, որ կառավարությունը դեռեւս 100%-ով չի վերադառնում նախկին պայմաններին, դեռ որոշակի տարբերակված մոտեցումը կշարունակվի, եւ ներմուծողների նկատմամբ կդրվի որոշակի ֆիքսված գումար սպիրտային խմիչքների համար, որը 1 լիտրի սահմաններում շուրջ 120 դրամով ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում մեր տնտեսվարողների համար, քան ներմուծողների։

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը վերջերս փոփոխություններ կատարեց մի շարք օրենքներում եւ փոքր-ինչ նվազեցրեց ներմուծվող եւ տեղական արտադրանքի հարկերի տարբերությունը։ Սակայն ԱՀԿ-ին եւ Եվրամիությանը դա իհարկե չի բավարարում. նրանք պահանջում են հավասար պայմաններ։ Իսկ եթե գործը հայտնվի միջազգային արբիտրաժում, Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը շատ մեծ կլինի, քանի որ Գագիկ Մինասյանը պատահական մարդ չէ, այլ ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Եթե ինքն է ընդունել, որ մենք խախտել ենք կանոնները, դժվար կլինի հակառակն ապացուցել։

Սակայն այս բացասական տեղեկատվության մեջ մի շատ հետաքրքիր ու զավեշտալի երանգ կա։ Միջազգային կառույցները` տվյալ դեպքում՝ ԵՄ-ն եւ ԱՀԿ-ն, մեր կառավարությանը մեղադրում են սեփական արտադրողներին օգնելու (կամ օգնելու ցանկության) մեջ։ Եթե մոռանանք մեր պարտավորությունների ու պատժամիջոցների մասին, ապա սա իսկական կոմպլիմենտ է մեր իշխանությունների համար։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները հանուն սեփական արտադրողների պատրաստ են «թուքումուր» ուտել։ Սրանից էլ լա՞վ PR։ Ուշադրություն դարձրեք, խոսքը գնում է նույն իշխանությունների մասին, ում օրոք ազգային դրամն արժեւորվեց՝ անդունդի եզրին հասցնելով արդյունաբերությունը, եւ ում օրոք տնտեսության հիմնասյունը դարձավ ոչ արտահանելի՝ շինարարության ոլորտը։ Ու հիմա էլ շարունակում են «զարգացնել» արտադրությունը՝ հարկային բեռով, կոռուպցիայով, հազար ու մի ստուգող ու վերստուգող մարմիններով եւ, իհարկե, «ատկատներով»։ Սա իրոք ծիծաղելի է։

Փաստորեն մեր իշխանությունները, անկախ իրենցից, ներկայանում են որպես գերհայրենասեր սուբյեկտներ, որոնք մտահոգ են պետության ու տնտեսության հեռանկարով։ Միգուցե եւ մտահոգ են, բայց այս դեպքում նպատակն ավելի պարզ է եղել՝ պարզապես ավելի շատ փող լցնել բյուջե` ներմուծման հաշվին։ Պետք չէ մոռանալ, որ խոսքը վերաբերում է շատ սահմանափակ թվով ապրանքատեսակներին, մասնավորապես՝ ծխախոտին եւ օղուն։ Մենք գործ ունենք ոչ թե գերպետականամետ գաղափարական հակասության, այլ պարզապես փողային «բազարի» հետ՝ այս ոլորտի ներմուծողների եւ արտադրողների միջեւ։ Իսկ պետությունը պարզապես հաշվել է, թե ո՞ր դեպքում բյուջեն ավելի շատ գումար կստանա։ Բայց այդ մասին չարժե բարձրաձայն ասել. թող դրսում կարծեն, թե մեր իշխանությունները սիրում են իրենց երկիրը եւ տեղական արտադրողներին։