Ում՝ ինչքան

23/10/2010 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Քաղաքական շրջանակներում վերջին ամիսներին ակտիվորեն քննարկվող հիմնական թեման 2012թ. խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի հնարավոր դասավորության կամ վերադասավորության հարցն է: Առաջին հերթին` այն առումով, թե որ քաղաքական ուժին ձայների քանի տոկոս է բաժին հասնելու: Եվ իշխանական շրջանակներում չեն էլ թաքցնում, որ իրականում հենց այդ նպատակով է առաջիկայում անցկացվելու փորձնական մարդահամարը. պետք է ենթադրությունների դաշտից անցնել կոնկրետության:

Չնայած մարդահամարի արդյունքներին, միեւնույն է` տարբեր հաշվարկներով ու գնահատականներով, ապագա խորհրդարանում մեծամասնություն ունենալու է դարձյալ իշխող Հանրապետական կուսակցությունը: Մարդահամարի տվյալների արդյունքում ընդամենը կփոխվեն ձայների թվային արտահայտությունները: Այս հարցի շուրջ որեւէ քաղաքական ուժ, այդ թվում՝ ընդդիմությունը, կասկած չունի: Ավելին` այս «կանխավարկածն» ընդունում են ի գիտություն, եւ դրանից հետո սկսում հաշվարկել, թե մնացած ձայներն ինչպես են բաժանվելու մյուս ուժերի միջեւ: Իհարկե, խոսքը ոչ թե կուսակցությունների իրական հնարավորությունների, հասարակական աջակցության մասին է, այլ հայաստանյան իրողությունների (վարչական ռեսուրս, ընտրակեղծիքներ եւ այլն) հիման վրա կատարվող կանխատեսումների: Մի խոսքով, եթե նկատի ունենանք, որ ՀՀԿ-ի տոկոսներն այդ առումով «անձեռնմխելի» են, մնում է մնացյալը բաժանել մյուս քաղաքական ուժերի միջեւ` պատկերացնելու համար, թե հաջորդ ԱԺ-ում որ ուժերն են ներկայացված լինելու: Ընտրություններ անցկացնելու մեջ հմտացած ցանկացած մեկը նման բաժանում կատարելու դեպքում որպես հիմք ընդունում է նախորդ խորհրդարանական ընտրությունների տվյալները: Բնականաբար, խոսքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների մասին է (տվյալ դեպքում խնդիրը դրանց արժանահավատ կամ կեղծ լինելը չէ), որոնք սկսում է «տեղաշարժել» տվյալ ժամանակահատվածում եղած քաղաքական ուժերին համապատասխան: Այսպիսով` 2007թ. ԱԺ ընտրություններին, ԿԸՀ-ի տվյալներով` ընտրողների ընդհանուր թիվը, ըստ ընտրողների ցուցակների՝ եղել է 2 մլն 319 հազար 722, որից գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ եղել է 1 մլն 391 հազար 540, անվավեր` 38.002: Այսինքն` ԱԺ նախորդ ընտրություններին մասնակիցների թիվը կազմել է 1 մլն 429 հազար 542: Սրանից 458 հազար 258-ը «քվեարկել» են ՀՀԿ-ի օգտին, 204 հազար 483-ը` «Բարգավաճ Հայաստանի», ՀՅԴ-ի օգտին` 177 հազար 907, ՕԵԿ-ի` 95.324: Մնացած 493.570 ձայներից «Ժառանգություն» կուսակցությանը տրվել է 81.048-ը, իսկ մնացածը բաժանվել է ընտրություններին մասնակցած մյուս ուժերի միջեւ: Որպես մեկնարկային տվյալներ՝ ընդունվում են հենց այս թվերը, հետո, ինչպես արդեն նշեցինք, դրանք հարմարեցվում են քաղաքական դաշտի ներկայիս հարաբերակցությանը կամ ուժերի կշռին: Օրինակ, պարզ է, որ ԲՀԿ-ն այլեւս նախկինը չէ, քանի որ այն ժամանակ գործող նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, եւ հենց նա էր ԲՀԿ-ին հնարավորություններ տվողը, տոկոսներ բաշխողն ու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակ կազմողը: Այժմ այդ ցուցակը ամենայն հավանականությամբ կազմվելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի ցանկությամբ: Հետեւաբար` ստացվում է, որ այս ընտրություններում առնվազն երկու ցուցակ լինելու է ՀՀԿ-ի տրամադրության տակ, ու հենց նրանց իշխանության տակ գտնվող մարդիկ են մուտք գործելու խորհրդարան: Բոլորովին այլ հարց է, թե ԲՀԿ-ի ցուցակում քանի հոգի կընդգրկվի Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ: Հենց սա է ԲՀԿ-ՀՀԿ իրական կամ մտացածին տարաձայնությունների միակ թեման, եւ խոսակցությունները, թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լուրջ տարաձայնություններ կան, սկսվում եւ ավարտվում են հենց այս հարցով: Սակայն, հաշվի առնելով այն, որ նախորդ ընտրություններում ԲՀԿ-ի ներկայացրած համամասնական ցուցակում Գ. Ծառուկյանի ցանկալի անձանց թիվը չի հասել նույնիսկ 5-ի, ավելի քան իրատեսական են դառնում այն գնահատականները, թե ԲՀԿ-ՀՀԿ հակասությունները կամ առանձին անձանց քաղաքական-տնտեսական ամբիցիաների դրսեւորումներ են, կամ որոշակիորեն արհեստական են: Իրավիճակը, ըստ գնահատականների` կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե, ասենք, ԲՀԿ-ի ցուցակը գլխավորի Ռոբերտ Քոչարյանը: Սակայն սա, շատերի կանխատեսմամբ` անհնարին է. բացի այն, որ Ռ. Քոչարյանը դա չի ցանկանա, դա նաեւ կարող է դառնալ իշխանափոխության սկիզբ, որը, բնականաբար, անընդունելի կլինի թե՛ Ռ. Քոչարյանի, թե՛ Ս. Սարգսյանի համար: Իսկ նրանք, հանուն որեւէ կուսակցության, այդ թվում` ԲՀԿ-ի, չեն զոհաբերի իշխանությունը եւ երկրի ներքաղաքական, թեկուզեւ հարաբերական կայունությունը: Բնականաբար, նրանցից ոչ ոք չի ցանկանա, որպեսզի իշխանության գա որեւէ այլ ուժ, ասենք` Հայ Ազգային կոնգրեսը: Սակայն որոշ աղբյուրների համաձայն, եթե նույնիսկ նման «անհավանական» սցենար զարգանա, ապա դրանից հնարավոր է շահող դուրս գա ՀՀԿ-ն, քանի որ ԲՀԿ-ն կկորցնի իր ընտրազանգվածը, որն անկախ ամեն ինչից` ընդդիմադիր չի եղել եւ չի կարող լինել: Եվ, բնականաբար, ԲՀԿ-ից հիասթափված ընտրազանգվածը կանցնի ՀՀԿ-ի տրամադրության տակ: Այսինքն` նույնիսկ այդ անհավանական սցենարի իրագործման դեպքում ԲՀԿ-ի ընտրազանգվածը երկու ընտրություն է ունենալու` Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան, եւ Քոչարյանի հետ համեմատության մեջ շահող դուրս կգա Ս. Սարգսյանը: Իրադարձությունների նման զարգացումը ձեռնտու չէ նաեւ Գագիկ Ծառուկյանին, եւ նա, ի վերջո, պետք է հնազանդվի: Իսկ ցուցակում իր համար ցանկալի 5-10 հոգու անունը Գ. Ծառուկյանը կարող է եւ՛ գրել, եւ՛ չգրել, քանի որ վերջին հաշվով դա ոչինչ չի փոխում: Վկա 2007թ. ընտրությունների փորձը: Գ. Ծառուկյանը անցյալ շաբաթ հայտարարեց, թե իրենք պայքարելու են 50+1 տոկոս ձայն ունենալու համար: Նա դրանով փորձեց ընդամենը, այսպես ասած, «ատամ ցույց տալ»: Բայց միաժամանակ հասկանում է, որ որեւէ այլընտրանք չունի, քան ցուցակում ընդգրկվելիք անձանց եւ հավաքած ձայների «տոկոսների» մասով համաձայնության գալը: Հակառակ դեպքում` ԲՀԿ-ն կամաց-կամաց կվերածվի շարքային կուսակցության, որին չեն կարող փրկել անգամ ԲՀԿ ղեկավարի ֆինանսական կարողությունները: Ի դեպ, մեր տեղեկություններով` Գ. Ծառուկյանը փոշմանել է իր` 50+1 տոկոսի վերաբերյալ արած հայտարարության համար եւ այժմ փորձում է ամեն կերպ մեղմել իրավիճակը` տարբեր մարդկանց միջոցով փոխանցելով, թե ինքը դա ասել է զուտ «սպորտային լեզվով»: Ի դեպ, ընտրությունների շեմին ԲՀԿ-ՀԱԿ հնարավոր միացման մասին խոսակցությունները, մեր տեղեկություններով` նույնպես «ատամ» ցույց տալու շարքից էին: Իշխանական կուլիսներում, սակայն, սա բացառում են` վստահեցնելով, թե «դա կլինի ԲՀԿ-ի վերջը, որը հասկանում է նաեւ ԲՀԿ առաջնորդը»:

Ինչ վերաբերում է կոալիցիոն մյուս ուժին` ՕԵԿ-ին, ապա վերջինիս հետ կապված ամեն ինչ ավելի պարզ է. որքան քիչ ձայն ՕԵԿ-ին՝ այնքան լավ: Մանավանդ, որ ՕԵԿ-ն այլեւս նախկին ընտրազանգվածի տերը չէ: Սա շատ լավ հասկանում են նաեւ ՕԵԿ-ում ու սպասում են, թե իրենց որքան բաժին են հատկացնելու: Լավագույն դեպքում ՕԵԿ-ը կարող է օգտագործվել ԲՀԿ-ի դեմ, թե որպես սեւ տեխնոլոգիաների «խոսափող», թե որպես ձայներ «փախցնող» միջոց: Հետաքրքիր է, թե այս ընթացքում ԲՀԿ-ն ում «կստեղծի»` այդ հակահարվածներին դիմակայելու համար: Իսկ ԱԺ-ում միակ ընդդիմադիր համարում ունեցող «Ժառանգությունը» խորհրդարանում կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե ՀՅԴ-ի հետ միասին մասնակցի ընտրություններին` միասնական ցուցակով: Լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ, ներկայումս «Ժառանգությունում» հենց այս սցենարն է քննարկվում` քանի որ նրանք հասկանում են, որ խորհրդարանում հայտնվելու այլ ելք այլեւս չունեն: Եթե ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» միավորվեն, ապա նրանց շատ քիչ տոկոս կտրվի, քանի որ, ըստ իշխանությունների եւ օբյեկտիվ հաշվարկի` ԱԺ-ում, որպես ընդդիմադիր, պետք է հայտնվի ՀԱԿ-ը` իր մեջ ընդգրկված տարբեր խայտաբղետ կուսակցությունների ներկայացուցիչներով: Իշխանությունների հաշվարկներով` հենց ՀԱԿ-ն էլ, իր ներկայությամբ` պետք է լեգիտիմացնի այդ ընտրությունները, եւ ամեն ինչ կավարտվի «ժողովրդավարության չափանիշներին համապատասխան» գնահատականով, որն էլ վերապահված է միջազգային դիտորդական առաքելություններին:

Հ.Գ.
Բնականաբար, այս եւ բազմաթիվ այլ կանխատեսումները կատարվում են այն վերապահմամբ, որ դրանք կիրականանան, եթե արտահերթ որեւէ իրադարձություն տեղի չունենա: Սակայն ֆորսմաժորային իրավիճակի հավանականությունը չեն բացառում նույնիսկ իշխանության ամենավերին օղակներին մոտ կանգած գործիչները: