«Դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում ԼՂ-ի հարցով շրջանակային համաձայնագրի ստորագրում չի սպասվում»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Բաքվում ելույթ ունենալով «Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում» խորհրդաժողովի բացման ժամանակ: «Ներկայումս մենք չենք աշխատում նման փաստաթղթի պատրաստման վրա»,- ասել է նա` ավելացնելով, որ այժմ օրակարգում ԼՂՀ հարցով Աստանայում անցկացվելիք բանակցությունների ձեւաչափի որոշումն է: Նա հայտնել է, որ մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան եւ կողմերին կներկայացնեն ԼՂ-ի հարակից տարածքներում Դաշտային գնահատման առաքելության աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Մամեդյարովը պնդել է նաեւ, որ ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը «մեծ սխալ կլիներ»: «Եթե Հայաստանը սկսի ԼՂ-ի ճանաչման գործընթաց, դա մեծ սխալ կլինի միջազգային իրավունքի տեսակետից: ԼՂ-ի անկախության ճանաչումը կնշանակի, որ Երեւանը ճանաչում է նաեւ Ադրբեջանի տարածքի օկուպացման փաստը»,- հայտարարել է Մամեդյարովը` համոզմունք հայտնելով, թե դրան պետք է հետեւի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միանշանակ արձագանքը: Նա չի բացառել, որ Աստանայի գագաթաժողովի շրջանակներում կարող է կայանալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: