Հարգելի պարոնայք, քննարկման է դրվել ՀՀ կառավարության կողմից ԱԺ-ին ներկայացված ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ Բոլորիս հայտնի է, որ նախորդ եւ ընթացիկ տարում զգալիորեն բարձրացել են բոլոր տեսակի մթերքների մանրածախ գները եւ կոմունալ ծառայությունների սակագները։ Մոտ հինգ ամիս հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հայտարարում էին, որ նոյեմբերից կենսաթոշակները բարձրանում են 2500 դրամով: Մի՞թե դա վիրավորական չէ, երբ մի տարվա առումով այդպիսի բարձրացում են նախատեսում։ Նրանց կարծիքով` բազմավաստակ թոշակառուներին դա էլ մեծ ճոխություն է, քանի որ նշված գումարով կարելի է գնել մեկ կիլոգրամ տավարի կամ խոզի միս։ Անհրաժեշտ չենք համարում առանձին-առանձին նշելու բոլոր տեսակի սննդամթերքների ներկայիս գները, սակայն գիտենք, որ որոշ անհրաժեշտության մթերքների գները բարձրացել են կրկնակի եւ նույնիսկ եռակի անգամ։ Հանրապետության 530.000 թոշակառուների հիմնական մասն ապրում է կենսաթոշակների հաշվին, սակայն նրանցից շատերը չեն կարողանում ստացած գումարով նույնիսկ վճարել տարեցտարի ավելացող կոմունալ ծախսերը։
Թոշակառուների հայկական միավորման վարչությունը` դիմելով մեր պատգամավորներին, խնդրում է չմոռանալ իրենց նախընտրական խոստումները եւ 2011թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ (հատկապես, որ այն ունի սոցիալական ուղղվածություն) հարց բարձրացնել: Համոզված ենք, որ հնարավորություն կունենաք բացահայտելու ֆինանսական աղբյուրներ եւ բյուջեի շրջանակներում թոշակառուների ամսավճարը բարձրացնել առնվազն 20-25 տոկոսով։
Թոշակառուների հայկական միավորման վարչության նախագահ՝ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գործադիր տնօրեն՝ Վ. ՀԱԿՈԲՅԱՆ