Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ Ռոզա Մարտիրոսյանի սպանության դեպքին, ում գլխին օղու շշով հարվածելով՝ դաժանաբար սպանել էր իր իսկ հարազատ եղբորորդի Արտակ Ալեքսանյանը:
Կազինոներում կուտակված պարտքերը մարելու նպատակով Ա. Ալեքսանյանը հորաքրոջը սպանելով ցանկացել էր տիրանալ նրա բնակարանին, որպեսզի այն վաճառեր եւ փակեր պարտքերը: Դատական ատյաններում որպես սպանված Ռ. Մարտիրոսյանի իրավահաջորդ՝ հանդես էր եկել նրա մյուս եղբորորդին` Նշան Հարությունյանը, ինչն առիթ էր հանդիսացել, որպեսզի սպանությունը կատարողի մայրը` Մարգարիտա Մարտիրոսյանը, վրեժ լուծի Ն. Հարությունյանից: «Իմ գլխին գործ է սարքել»,- վստահեցնում է խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար 5 տարվա ազատազրկման դատապարտված, «Նուբարաշեն» ք/հ-ում կալանքը կրող Ն. Հարությունյանը: Ինչպես Ն. Հարությունյանն, այնպես էլ նրա կինը` Գյուլվարդ Սարգսյանը, վստահեցնում են, որ Արարատի մարզի Մասիսի դատախազության ավագ քննիչ Ա. Անդրեասյանն իր քրեական գործ հարուցելու մեղադրական եզրակացությունը «կեղծ ցուցմունքների եւ կեղծ տեղեկանքների» հիման վրա է կազմել: Ավելին, նրանց հավաստմամբ` Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանը Մ. Մարտիրոսյանի կողմից 2000 դոլար կաշառք է վերցրել` Ն. Հարությունյանին 5 տարվա ազատազրկման դատապարտելու համար: «Դա գիտեն բոլորը, իսկ Մարգարիտան աջ ու ձախ էդ մասին հայտարարում է: Կան մարդիկ, ովքեր կապացուցեն այդ հանգամանքը: Երբ առաջին ատյանն ամուսնուս 5 տարի տվեց` մենք բողոքարկեցինք ՀՀ Վերաքննիչ դատարան: Մարգարիտան գլխապատառ այս ու այն կողմ էր ընկել: Ծանոթ էր ման գալիս, որ Վերաքննիչում դասավորի, դատավորներին փող բաժանի` վճիռն անփոփոխ թողնելու համար: Նա մի գողականի միջոցով ծանոթներ էր գտել Վերաքննիչի դատավորներին կաշառք տալու հարցում միջնորդելու համար: Ասում էր՝ եթե Վերաքննիչն արդարացնի Նշանին` Արարատի դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին գործից կհանեն: Թ. Պողոսյանը նրան կանչել, ասել էր` մի բան պիտի անես, թե չէ ինձ գործից կհանեն: Ասում էր` էդ մարդն ինձ շատ լավություն ա արել, չեմ ուզում իմ պատճառով տուժի»,- ասում է դատապարտյալ Ն. Հարությունյանի կինը` Գ. Սարգսյանը: Այդպես էլ եղել է` ինչպես ՀՀ Վերաքննիչ, այնպես էլ` ՀՀ Վճռաբեկ դատարանները վճիռը թողել են անփոփոխ: Ի դեպ, քրեական գործի այս նյութերում առկա են գաղտնի տեսաձայնագրություններ, որոնք, սակայն, դատարանը քննության չի ենթարկել: Այդ խտասկավառակներում պարունակվող տեղեկատվությունն իր մեջ հանցանք է պարունակում` ուղղված կոնկրետ անձանց եւ հեղինակությունների: Խտասկավառակում Մ. Մարտիրոսյանը ծանոթներից մեկի` Արթուր Ջանյանի հետ (ով դատավորներին կաշառելու համար միջնորդ գտնելու գործում նրան օգնում է) մոտ 20.000 դոլար գումարի բանակցություններ է վարում: Այնուհետեւ Մ. Մարտիրոսյանը նրան (ձայնագրության մեջ կոնկրետ գողականների անուններ են նշվում) համոզում է գողականների «կռուգում» կեղծ վկայություն տալ այն մասին, իբր ինքը երկրորդ միջնորդին խոշոր գումար է տվել, սակայն վերջինս չի վերադարձրել: Ա. Ջանյանն անընդհատ կրկնում է. «Մարգո տոտա, հենց սկզբից ես գիտեի, որ էս շառ գործ ա, որ էս մեծ բան ա դառնալու: Բայց կասեմ, դու ոնց ասես, ես տենց էլ կասեմ: Ես հենց սկզբից վիզ եմ վերցրել էս գործում խառնվել` հասկանալով, որ էս շառ ա, ու մինչեւ վերջ էլ տանելու եմ: Դե, դու հլը մեկ-մեկ ինձ ասա, թե ես ո՞նց պիտի ասեմ կռուգի մոտ»: Այնուհետեւ 70-ամյա Մ. Մարտիրոսյանը բավականին ոչ կոռեկտ բառապաշարով նկարագրում է, թե Ջանյանը որն ինչից հետո պետք է ասի. «Կռուգն արդեն որոշել ա, էդ գործը պիտի արվի: Ոչ մի բազար չկա: Խի՞, ես էդքան կորած կնիկ ե՞մ, իմ թիկունքին նենց մարդիկ են կանգնած»: Նշանի կնոջ` Գ. Սարգսյանի խոսքով, բացի Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին կաշառք տալուց, Մ. Մարտիրոսյանը 5500 դոլար գումար էլ ոմն Սամվելի միջոցով (ըստ Գ. Սարգսյանի` Վերաքննիչ դատարանի դատավորներից մեկի փեսան է), տվել է ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավորներին: «Սամվելն աշխատում է ՕՎԻՐ-ում, իսկ կինը` ՀՀ նախագահի անվտանգության բաժնում: Նա խոստացել է դատարանում հարց լուծել, որ գործը չքանդեն ու Նշանին չարդարացնեն: Հակառակ դեպքում` Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի արձակած վճիռը կհամարվեր անօրինական, եւ հնարավոր էր, որ նախագահող դատավոր Թ. Պողոսյանին աշխատանքից ընդհանրապես ազատեին այդ աբսուրդ դատաքննության համար»,- ասում է նա:
Դատավորներին կաշառե՞լ են
Ինչեւէ, Ն. Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հիմնված է հետեւյալ տրամաբանության վրա. հանդես գալով որպես սպանված Ռ. Մարտիրոսյանի իրավահաջորդ` Ն. Հարությունյանը գաղտնի համաձայնության է եկել սպանությունը կատարող Արտակի մոր` Մարգարիա Մարտիրոսյանի հետ` որոշակի գումար տալու դեպքում հրաժարվել դատարանում իրավահաջորդ հանդես գալուց: Այդպիսով հույս ունենալով, որ դատարանը սպանություն կատարողին ավելի մեղմ պատիժ կտա: Սակայն նա, այնուամենայնիվ, դատարանում հանդես է եկել որպես Ռ. Մարտիրոսյանի իրավահաջորդ: Քննիչն արձանագրում է, որ Ն. Հարությունյանը խարդախության ճանապարհով Մ. Մարտիրոսյանից հափշտակել է 4 մլն 520.000 դրամ: Ուսումնասիրելով մեղադրական եզրակացության մանրամասները, այդուհանդերձ, մենք չգտանք որեւէ ապացույց այն մասին, որ Ն. Հարությունյանն, իրոք, այդ գումարը շորթել է: Որքան էլ տարօրինակ է, բայց ավագ քննիչ Ս. Անդրեասյանը մեղադրանքը կազմել է մի քանի վկաների բավականին զավեշտալի ցուցմունքներով, որտեղ բոլորն էլ բառացիորեն ասում են. «Մենք լսել էինք, քաղաքում լուրեր էին տարածվել, որ սպանությունից հետո Նշանը Մարգարիտայից փող է պահանջել որպես իրավահաջորդ դատարանում հանդես չգալու համար, բայց հետո Արտակին նրա պատճառով խիստ են դատել»: Քրեական գործով հարցաքննված 6 վկաներն իրենց ցուցմունքները շարադրել են` հիմնվելով Արտաշատում բամբասանքի կամ փողոցային խոսակցության մակարդակով շրջանառվող ասեկոսեների վրա: Չնայած դրան, քննիչն այդ խոսակցությունները, որպես ցուցմունք, ընդունել է որպես հիմք եւ արձանագրել է վարույթում: Բացի դա, նախաքննական մարմնի գործի նյութերում առկա են կեղծ տեղեկանքներ, որոնք պարունակում են անկախ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունեցող կեղծ կնիքներ: Գ. Սարգսյանի հավաստմամբ` դատարանում նույն վկաները միանգամայն այլ վկայություններով փորձել են հերքել նախաքննական մարմնին տված ցուցմունքները, սակայն. «Դատավորը թույլ չէր տալիս: Բղավում էր, սաստում էր, թե` կրկնի էն, ինչը գրել ես ցուցմունքներիդ մեջ»: «2009թ. դեկտեմբերի 23-ին Վերաքննիչ դատարանում կայացած առաջին նիստը հետաձգվել է Նշանի վատ ինքնազգացողության պատճառով. սրտային պրոբլեմներ ունի: Հաջորդ օրը նիստը տեւել է ընդամենը մի քանի րոպե, շուտասելուկի նման: Ընդհանրապես թույլ չեն տվել, որ փաստաբանը խոսի, ներկայացնի փաստերը: 15 րոպեում որոշում կայացրեցին` վճիռը թողնել անփոփոխ: Մենք փաստեր ունենք, որ նա Վերաքննիչ դատարանի դատավորներին 5500 դոլար փող է տվել վճիռն անփոփոխ թողնելու համար»,- ասում է Գ. Սարգսյանը:
Այդուհանդերձ, ինչպես Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության, այնպես էլ` ՀՀ Վերաքննիչ դատարանում Ն. Հարությունյանի պաշտպանները հանդես են եկել հայտարարությամբ. «Նախաքննական մարմինը մեղադրանքի հիմքում դրել է Մ. Մարտիրոսյանի ցուցմունքները եւ անտեսել է գործով ձեռք բերված մյուս ապացույցները` գերապատվությունը տալով տուժողի ցուցմունքներին, որոնք չեն հիմնավորվել գործով ձեռք բերված մյուս ապացույցներով: Նախաքննական մարմինը ապացույցները բազմակողմանի, օբյեկտիվ չի գնահատել: Նույն վիճակը եղել է դատարանում. Դատարանը չկարողացավ իրականացնել արդարացի դատաքննություն: Դիրքորոշումներն արտահայտելու հավասար պայմաններ ստեղծելու եղանակներից մեկն էլ կողմերի միջնորդած վկաներին հարցաքննելն է, որը չի արվել: Բացի նրանից, որ նախաքննական մարմինը կեղծ մեղադրանք է առաջադրել Ն. Հարությունյանին, դատարանն էլ թույլ չտվեց պաշտպանության կողմին իրականացնել արդյունավետ պաշտպանություն: Դատարանը հանդես է եկել մեղադրանքի կողմում եւ չի արտահայտել իրավունքի շահերը, չի պահպանել օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը»:
Այն, որ մեր իրականության մեջ միջընտանեկան հարաբերություններն այնքան են խեղաթյուրվել, որ կարելի է ազգականների գլխին «գործ սարքել»` ամենեւին էլ զարմանալի չէ: Կազինոներում գումարները կորցրած Արտակը հորաքրոջ բնակարանին տիրանալու եւ պարտքերը մարելու համար սպանում է հարազատ հորաքրոջը: Հորաքույրը որդուն մեղմ պատիժ տալու համար սկսում է «շանտաժի» ենթարկել եղբորորդուն` Նշանին, եւ այնպես անել, որ նա 5 տարի անցկացնի բանտում: 70-ամյա կինը դիմում է տեղի «կռուգին»` գողականներին, գողականները դատարանում հարց լուծելու համար միջնորդ են գտնում: Կոռուպցիայի մի մեծ ցանց են շրջանառում, որ նախաքննական եւ դատական մարմիններում մեկին մեղմ պատիժ տան, իսկ մյուսին` դատապարտեն: Փաստացի խոսվում է կոռուպցիոն ցայտուն դրսեւորման մասին, այդ մասին տեւական ժամանակ է` «աղաղակում» է «Նուբարաշեն» ք/հ-ում կալանքը կրող Ն. Հարությունյանը: Նրա կինը` Գ. Սարգսյանը, բազմաթիվ դիմումներով պետական գրեթե բոլոր կառույցներին տեղեկացնում եւ փաստեր է տրամադրում կոռուպցիայի մեջ թաղված այս քրգործի մասին: Սակայն այդպես էլ գործն ուսումնասիրելու «հավես» կամ ցանկություն որեւէ մեկի մոտ չի առաջանում, մինչեւ անգամ՝ Գլխավոր դատախազության եւ Հանցավորության դեմ պայքարի վարչության: Հետո էլ զարմանում են, թե ինչու շարքային քաղաքացին չի հավատում ՀՀ արդարադատությանը: Պատասխանը` Նշան Հարությունյանի հետ տեղի ունեցածն է: