Բաքուն հուսով է, որ 2010թ. հոկտեմբերի 7-13-ը Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ անցկացրած փաստահավաք առաքելության այցի արդյունքով կպատրաստվի արդար զեկույց: Այս մասին երեկ 2010թ. 9 ամիսների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների շուրջ կառավարության խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նաեւ հավելել է, թե «շատ լավ է», որ համաշխարհային հանրությունը եւս մեկ անգամ հավելյալ տեղեկություններ կստանա. «Ես հուսով եմ, որ այդ զեկույցը կդառնա օբյեկտիվ եւ կարտացոլի իրողությունները»: «Քանի որ դրանք մեր տարածքներն են, եւ հայկական կողմը այնտեղ ավերել է բոլոր շինությունները, քարը քարի վրա չի մնացել, ավերվել եւ թալանվել են մեր բոլոր պատմական հուշարձանները, մզկիթները, տները: Գրավյալ տարածքներում իրականացված հանցագործությունները ցույց են տալիս հայկական ֆաշիզմի վայրի դեմքը»: Ալիեւի խոսքով` Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական զարգացման ցուցանիշերի տարբերությունը տարեցտարի ավելի է մեծանում, եւ «ուժեղ ռազմական պոտենցիալ ունեցող ադրբեջանական կողմը կլուծի տարածքների խնդիրը»: