«Ա1+» հեռուստաընկերությունը երեկ հայտ է ներկայացրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին` թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթին մասնակցելու նպատակով: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը: Հարցին, թե ի՞նչ ծրագրով է ներկայացել «Ա1+»-ը, Մ.Մովսեսյանը պատասխանել է, թե մինչեւ մրցույթը շատ բան ասել չի կարող, որովհետեւ դրա իրավունքը չունի, բայց «ինչպես միշտ, «Ա1+»-ը պատշաճ ձեւով է ներկայացել իր փաթեթով եւ ներկայացրել է այն նախագիծը, որով ուզում է ուղղորդվել հաղթելու դեպքում»: «Ուղղվածությունը ընտրված է լրատվական, 24-ժամյա աշխատանք: Մնացածը պարզ կլինի փաթեթը բացելուց հետո»,- ասել է նա: Հանձնաժողովից ռադիոկայանին փոխանցել են, որ մրցույթի հետ կապված տեղեկատվությունը, այդ թվում՝ մասնակիցների թիվը եւ անունները, օրենքով սահմանված կարգով կհրապարակվի հոկտեմբերի 22-ին` հանձնաժողովի ինտերնետային էջում: Ի դեպ, երեկ մրցութային հայտերը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջին օրն էր: Արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերին: Հիշեցնենք, որ «Ա1+»-ն արդեն 13-րդ անգամ է մասնակցում հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին: