Հայաստանի առջեւ ծառացած ամենահրատապ խնդիրներից կամ մարտահրավերներից մեկը բնապահպանական ոլորտի, մեղմ ասած, անմխիթար վիճակն է. Սեւանա լճի աղտոտվածություն ու ջրի մակարդակի բարձրացում, անտառածածկի վերացման աննախադեպ չափեր, հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական նորմերի կոպտագույն խախտումներ…. այս ցանկը շատ երկար կարելի է շարունակել: Եվ, թերեւս, չեն չափազանցնում բնապահպաններն ու բնապահպանական կազմակերպությունները, երբ ժամանակ առ ժամանակ տագնապ են հնչեցնում այն մասին, որ Հայաստանը կանգնած է էկոլոգիական աղետի սպառնալիքի առջեւ: Մի խոսքով, ՀՀ-ում այս ոլորտն այնպիսի վիճակում է, որ այդ ոլորտի պատասխանատուները կամ պետք է ամաչեն հասարակության առջեւ որեւէ առիթով երեւալ, կամ գոնե ձեւացնեն, թե այնքան մտահոգ են այդ հիմախնդիրներով, որ ժամ առաջ երազում են հրաժեշտ տալ իրենց պաշտոններին: Սակայն միանգամայն այլ դեպք ու երեւույթ է ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որն իր պաշտոնավարման տարիների ընթացքում ապացուցել է, որ իսկապես արժանի է իր «Բուլկի» մականվանը: Վերջինս երեկ ասուլիս է հրավիրել ու ցինիզմի հասնող հրճվանքով լրագրողներին տեղեկացրել, որ կարողացել է «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ» միջազգային բնապահպանական կազմակերպությունից 10 մլն դոլար դրամաշնորհ «կպցնել»: Իր հրճվանքը չի կարողացել թաքցնել նաեւ երեկվա ասուլիսին մասնակցող այդ կազմակերպության ղեկավար տիկին Մոնիկ Բարբութը, որը գովասանքի շռայլ խոսքեր է հղել ՀՀ կառավարության ու նույնիսկ Ա. Հարությունյանի հասցեին: Ընդ որում, սույն տիկինը նույնքան անթաքույց գոհունակությամբ պատմել է, թե ինչպես են իրեն հյուրասիրել Սեւանում, «Խոսրովի արգելոցում» եւ այլուր: Այսինքն` ամենայն հավանականությամբ, գործել է դասական, «հայկական» սխեման: Օտարերկրացի տիկնոջը հյուրասիրել են՝ ինչպես հարկն է, եւ երեւի կարմրախայտի սեղանի շուրջ պայմանավորվել, թե որքան գումար է նա ստանալու ոչ իր սեփական փողերը Արամ Հարությունյանի` գրեթե անվերահսկելի տնօրինմանը հանձնելու համար: Եթե չենք սխալվում, նաեւ ՀՀ վարչապետի բնորոշմամբ, սա կոչվում է «ատկատ», ինչի դեմ պայքարի մասին անցած տարի խոսում էր նա: Սա նաեւ լավ օրինակն է այն երեւույթի, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս են միջազգային կազմակերպությունները ֆինանսավորում ՀՀ իշխանություններին նույնիսկ այն ոլորտների համար, որոնք իրենց իսկ գնահատմամբ՝ գտնվում են անմխիթար վիճակում: Ավելին, նույն երեւույթների դեմ պայքարելու համար նրանք նաեւ գրանտներ են տալիս ՀՀ-ում գործող բնապահպանական բազմաթիվ հասարակական կազմակերպություններին, որպեսզի դրա մասին պատշաճ աղմուկ բարձրացնեն: