Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ Երեւանում ընթացող «Ժողովրդավարություն հանուն ապագայի» եռօրյա միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է, որ ԵԽ-ն աջակցում է ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարումներին, նպաստում ընտրությունների կեղծմանը, ոչ լեգիտիմ իշխանությունների ամրապնդմանը: Նա առաջարկել է դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին` ելնելով հենց ԵԽ-ի շահերից: «ԵԽ-ն որպես կառույց այսօր լուրջ մարտահրավեր ունի իր նոր անդամների կողմից, որոնք ունեն ոչ լեգիտիմ իշխանություններ: Այսօր ԵԽ-ն արդյունավետ լծակներ չունի ոչ լեգիտիմ իշխանությունների դեմ պայքարելու համար: Այսօր ՌԴ-ի գլխավորությամբ ԵԽ-ում ձեւավորվում է բռնատիրական պետությունների մի խումբ»,- ելույթից հետո «Ա1+»-ին ասել է Սաքունցը: Նրա տեսակետն ընդունվել է ֆորումի որոշ պատվիրակների կողմից, սակայն կային մասնակիցներ, որոնք կարծում են, որ ՀՀ-ին, ինչպես նաեւ՝ ժողովրդավարության հետ կապված խնդիրներ ունեցող երկրներին ԵԽ-ից հեռացնելով` էլ ավելի կծանրացնեն նրանց վիճակը: ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասել է, թե անհրաժեշտ է շեշտը դնել ոչ թե Հայաստանի լիազորությունները դադարեցնելու, այլ պարտավորությունների կատարման հարցում վերահսկողությունն ուժեղացնելու վրա: Նաեւ ընդգծել է, որ այսօր ԵԽ-ի առաջ հաշվետու են միայն զարգացող երկրները, իսկ զարգացած երկրների անդամակցությունը միայն ձեւական բնույթ է կրում: