Հոկտեմբերի 15-16-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանում Ամերիկյան Առեւտրի պալատի («AmCham») 5-րդ տարածաշրջանային համաժողովը: «Ընդհանուր ապագա» խորագիրը կրող այս համաժողովը կազմակերպվել էր մասնակցող երկրների (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա եւ այլն) գործարար հանրությանը երկխոսության հնարավորություն ընձեռելու եւ տարածաշրջանների «AmCham»-ների միջեւ համագործակցությունը բարելավելու նպատակով: Հայաստանում «AmCham»-ը հիմնադրվել է 2000թ., եւ այժմ պալատին անդամակցում են ավելի քան 80 ընկերություններ, որոնց կապիտալն ամերիկյան է, կամ որոնք լայնածավալ առեւտրաշրջանառություն ունեն ԱՄՆ-ի հետ: Համաժողովում ողջույնի խոսքով հանդես եկան հայկական «AmCham»-ի նախագահ Էդիթ Խաչատրյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը եւ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Վերջինս հավատացած է, որ «Պետությունը գործարարության համար պետք է գործընկեր լինի, այլ ոչ թե` մամլիչ մեքենա»: Ա. Բաղդասարյանը կոչ արեց «AmCham»-ին` աջակցել օրենսդիր մարմնին՝ Հայաստանի տնտեսական օրենսդրությունը բարելավելու գործում: Իսկ Ջ. Էվանսը համոզված է, որ բիզնեսը եւ առեւտուրը շատ բան կարող են անել երկրների միջեւ քաղաքական հակամարտությունները հարթելու նպատակով:
Հայաստանի «ճիճուն»
«Հայաստանի ազգային անվտանգությանն առաջին սպառնացողները ոչ թե դրսից են, օրինակ` Թուրքիան կամ Ադրբեջանը, այլ ներսից, եւ դա կոռուպցիան է»,- վստահ է Վաշինգտոնից միջազգային կապերի մասնագետ Ռիչարդ Գիրագոսյանը: Վերջինս նաեւ նշեց, որ Հայաստանում իրեն նյարդայնացնում է ոչ այնքան օլիգարխների, տարբեր ոլորտներում մոնոպոլիստների առկայությունը, այլ այն, որ «ինչ-որ մեկի 16-ամյա դեբիլ որդին կարող է սեփական «Համեր» մակնիշի մեքենայով վրաերթի ենթարկել անմեղ մարդկանց ու չպատժվել»: Նա չպարզաբանեց, թե ում որդուն նկատի ունի:
Համաժողովում հնչած ելույթների զեկուցումների եւ քննարկումների մասին ավելի մանրամասն կարդացեք հաջորդ համարում: