ԵՄ-ն Արտգործնախարարություն է ստեղծում

21/10/2010

Եվրախորհրդարանի քաղաքական խմբավորումները համաձայնել են չորեքշաբթի օրը Ստրասբուրգում հավանություն տալ Արտաքին գործողության ծառայության կազմավորմանը: ԵՄ դիվանագիտական կորպուսը ղեկավարելու է արտաքին քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ բրիտանուհի Քեթրին Էշթոնը, որին անվանում են նաեւ «Եվրոպական միության արտգործնախարար»: Ըստ «Ազատության»` երեքշաբթի օրը Էշթոնը գովեստով է խոսել հիմնական քաղաքական խմբավորումների համաձայնության մասին` ասելով. «Դա ընձեռում է մեր հռչակած նպատակներին հասնելու հնարավորություն: Եվրամիության ցանկացած քաղաքացուն է վերաբերում այն, ինչ մենք անում ենք արտաքին քաղաքականության, առեւտրի, զարգացման եւ ահաբեկչության դեմ պայքարի բնագավառներում: Համոզված եմ, որ հենց այս ծառայությունն է կոչված զբաղվելու այդ խնդիրներով»: Կառույցը սկսելու է աշխատել այս տարեվերջից: Մինչդեռ Եվրամիության նորեկ փոքր պետություններում կա մտահոգություն, որ Արտաքին գործողության ծառայությունը կարող է հայտնվել խոշոր տերությունների դիվանագետների ազդեցության տակ, քանի որ նրանք առանցքային պաշտոններ եւ կշիռ են ունենալու այդ կառույցում: Առաջին շրջանում այդ «նորեկ» երկրներից ընդամենը չորս ներկայացուցիչ է պաշտոններ ստանալու մոտ երեք տասնյակ հաստիք ենթադրող ծառայությունում: Հանձնակատար Մարոս Շեւչովիչն ասել է, որ այդ մտահոգությունը հաշվի է առնվել, սակայն դրա համար մի քանի տարի է պետք: «Փոխզիջումը ներառում է պայման, որ ծառայության կազմավորման հարցում անպայման տեղ կգտնի աշխարհագրական եւ գենդերային հավասարակշռության սկզբունքը: Դա կյանքի կկոչվի 2013 թվականից»,- ասել է հանձնակատարը: Արտաքին գործողության ծառայության, ինչպես նաեւ՝ այլ հաստատությունների ստեղծումը նախատեսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած Եվրամիության բարեփոխման Լիսաբոնի պայմանագրով: