Բանկերը վերահսկվելու են նոր ստանդարտներով

19/10/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Կոնֆերանսին մասնակցեցին ԲՎԲՀ եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները, ԱՊՀ մի շարք երկրների բանկային վերահսկողության եւ բանկային մեթոդաբանության ստորաբաժանումների ղեկավարները, ինչպեսեւ` Լիտվայի, Հոլանդիայի, Հունգարիայի վերահսկողական մարմինների ներկայացուցիչները:

Քննարկումների արդյունքում մասնակիցները համաձայնության եկան Բազելյան հանձնաժողովի 2-րդ համաձայնագրի ստանդարտների ներդրման հարցում: Ի՞նչ է առաջարկում «Բազել 2»-ը: Համաձայն վերջինիս կանոնների, բանկային ռիսկերի գնահատման խնդիրները դրվելու են առեւտրային բանկերի վրա, այսինքն, վերջիններս իրենք պետք է գնահատեն իրենց ռիսկերը, սահմանեն նորմատիվներ (ինչն այսօր անում է Կենտրոնական բանկը), իսկ վերահսկող մարմինը` ԿԲ-ն, պետք է ուսումնասիրի, թե որքանով են արդյունավետ բանկերում ներդրված վերահսկողության համակարգերն ու մեթոդաբանությունը:

Անցումը «Բազել 2»-ին առանց կորպորատիվ կառավարման կանոնների ներդրման հնարավոր չէ: Եթե «ծանր գործը» ԿԲ-ի հետ կիսելու են առեւտրային բանկերը, ապա պետք է խստացվեն նաեւ դրանց սեփականատերերի, ղեկավար մարմինների նկատմամբ պահանջները: Պետք է բանկերում հստակորեն գործեն բիզնեսի կարգապահության հիմունքները, որում մեծ դեր կունենան նաեւ ռեյտինգավորող կազմակերպությունները: Սրանում համոզված էին կոնֆերանսի բոլոր մասնակիցները:

«Բազել 2»-ի ստանդարտներից ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը շատ կարեւոր համարեց այն, որ վերահսկողությունը պետք է սկսվի հենց արտոնագրման փուլից, երբ ԿԲ-ն հնարավորություն կունենա կասկածելի սուբյեկտներին թույլ չտալ մուտք գործել ֆինանսական շուկա: «Սա շատ լուրջ գործիք է, քանի որ հետագայում, երբ շուկայում հայտնվում են կասկածելի սուբյեկտներ, այսինքն, որի սեփականատերերը նույնիսկ հայտնի չեն, վերահսկելը դառնում է գրեթե անհնարին»,- նշեց Տ. Սարգսյանը:

Կոնֆերանսում ներկայացվեց նաեւ միասնական վերահսկողության տարբեր երկրների փորձը: Հիշեցնենք, որ 2006-ից Հայաստանում նույնպես ֆինանսական շուկայի 3 ոլորտների՝ բանկային համակարգի ապահովագրության եւ արժեթղթերի շուկայի, վերահսկողությունն իրականացնելու է մեկ մարմին՝ ԿԲ-ն: Վերջինիս նպատակահարմարությունը բացատրվում է նրանով, որ փոքր երկրներում բանկային համակարգը ֆինանսական շուկայի գերակշռող մասն է կազմում, եւ առանձին վերահսկողներ մյուս սեգմենտներում անհրաժեշտ չեն:

Ղրղըզստանի Ազգային բանկի նախագահի տեղակալ Սադաթ Ջանիբեկովան բանկային վերահսկողության հայաստանյան համակարգում գնահատեց վարկային ռեգիստրի առկայությունը: ԿԲ-ի այս ստորաբաժանումը մեծապես օգնում է առեւտրային բանկերին` նվազեցնել վարկային ռիսկերը՝ անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելով նրանց վարկառուների վերաբերյալ:

Ի դեպ, Հայաստանի ԿԲ-ն եւս 2 տարի նախագահելու է ԲՎԲՀ տարածաշրջանային ենթախումբը:

Կարծիք Բանկային ռիսկերի գնահատման խնդիրներն առեւտրային բանկերի վրա դրվելու վերաբերյալ փորձեցինք տարբեր բանկերի ներկայացուցիչների կարծիքներն իմանալ: Մի քանի բանկեր հրաժարվեցին խոսել: Մասնագիտական իր տեսակետն արտահայտեց միայն Զարգացման հայկական բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Բադանյանը: Վերջինիս կարծիքով, ռիսկերի գնահատումը առեւտրային բանկերի հիմնական գործառույթներից մեկն է: ԿԲ-ն պետք է ոչ թե «խաղի կանոններ» սահմանի բանկերի համար, այլ հսկի, որպեսզի վերջիններս ունակ լինեն իրենց վերահսկել: Պարզ ասած, յուրաքանչյուրն «իր գործը պետք է անի»: Իսկ մինչեւ այժմ վերահսկողության նման մեխանիզմի բացակայությունը Տ. Բադանյանը բացատրում է նրանով, որ մեր բանկային համակարգի ձեւավորման ժամանակ երկրում ֆինանսական շուկա, ըստ էության, գոյություն չուներ, եւ ամենեւին էլ նպատակահարմար չէր դեռ նոր կազմավորվող բանկերին տալ նման լիազորություններ: