«Հայերը կորցնում են պետականությունը»

21/10/2010

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքն է հայտնել ՌԴ սփյուռքի միության նախագահ Վարդան Մուշեղյանը: Նա ասել է, թե ինքն այն համոզմունքին է, որ հայերը կորցնում են պետականությունը, հետեւաբար շատ կարեւոր է հասկանալ, թե ի վերջո ի՞նչ պետականություն ենք մենք ուզում: «Ինչպիսի՞ն այն պետք է լինի: Այն պետք է լինի պետականություն մի փոքրիկ երկրի, որտեղ բնակչությունը 3 մլն է, թե՞ պետք է լինի պետականություն, որն իր հովանու տակ կվերցնի ողջ հայությանը»,- ասել է նա` ավելացնելով, որ սփյուռքն այսօր չի կարողանում լիարժեք, մի քանի հանգամանքներից ելնելով, իր ներդրումն ունենալ ՀՀ զարգացման գործում: Նա նաեւ նշել է, որ անկախության սկզբնական շրջանում սփյուռքն իր ողջ եռանդով մուտք գործեց Հայաստան եւ՛ ֆինանսապես, եւ՛ հոգեպես, եւ՛ անգամ ռազմական առումներով: Սակայն դրան առաջին հերթին խանգարեց երկքաղաքացիության արգելման վերաբերյալ հոդվածը, այնուհետեւ՝ բարեգործության ֆոնդերի խաբեությունը, եւ այլն: «Սփյուռքահայերին ամբողջությամբ մեկուսացրեցին թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական խնդիրներից եւ ասացին՝ կովի պես կթենք Ձեզ, կոպիտ ասած»,- ասել է նա: Մուշեղյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունն այսօր մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում է, իսկ նրանք, բնականաբար, մրցակցություն տեսնել չեն ցանկանում. «Ամեն մեկը որոշել է, որ այս տարածքն իրենն է: Այսինքն՝ ես դա չեմ կարող օգտագործել, բայց ոչ ոքի էլ չեմ թույլ տա, որ այնտեղ մտնի: Տեսեք ինչքան անշարժ գույք կա այսօր Հայաստանում»: