Հայ օլիգարխին կզրկեն անձեռնմխելիությունից

21/10/2010

Ռուսաստանի գլխավոր դատախազության հետաքննական կոմիտեն դիմել է Պետդումային, որպեսզի Աշոտ Եղիազարյանին, ով կասկածվում է խոշոր մասշտաբի մեքենայությունների մեջ, զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից: Պետդումայում Ժիրինովսկու ղեկավարած ՌԼԴԿ խմբակցությունը հայտարարել է, որ իրենց հայտնի չէ, թե որտեղ է հիմա գտնվում իրենց խմբակցության անդամ Աշոտ Եղիազարյանը: Լուրեր են շրջում, որ նա փախել է արտասահման: Եթե ապացուցվի խոշոր չափերի մեքենայություններ կատարելու մեջ նրա մեղքը, ապա պատգամավորին սպասվում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: Ըստ դատական կատարածուների` Եղիազարյանի պարտքերի գումարը հասնում է 200 մլն դոլարի: Արդեն ձերբակալել են նրան պատկանող ծովային զբոսանավը եւ «Ֆերարի» մեքենան: Մինչ այդ Ա. Եղիազարյանը մամուլում հայտարարել է, որ իրեն անվանարկելու քարոզչական մեծ արշավ է սկսվել: Նա այդ արշավը կապել է իր կողմից դատական հայցեր ներկայացնելու փաստի հետ: Նաեւ նշել է, որ անվտանգության նկատառումներով ստիպված է եղել երկրից դուրս բերել ընտանիքը: