10 միլիոն դոլար գրանտ ա կպել… ուխխ…

21/10/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ ՀՀ Բնապահպանության նախարարությունում լրագրողները հերթական անգամ ականատես եղան ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, մեղմ ասած՝ ցինիկ պահվածքին: Այնպիսի տպավորություն էր, ասես նախարարն իր սեփական «դուքանում» տղերքով հարցեր է քննարկում:

Երկրի բնապահպանական բոլոր հարցերը մի կողմ դրած` նախարարը ամենայն պատասխանատվությամբ ուզում էր խոսել իրենց «կպցրած» 10 միլիոն դոլարանոց դրամաշնորհի մասին: Ավելին, ասուլիս-շոուն առավել ազդեցիկ դարձնելու համար նախարարի կողքին նստել էր «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» (ԳԷՀ) գործադիր տնօրեն Մոնիկ Բարբութը, որն առիթը բաց չէր թողնում ՀՀ Կառավարությանը գովաբանելու համար, ասելու, որ մենք պետք է հպարտանանք ՀՀ Կառավարությամբ, եւ այլն, եւ այլն: Իսկ այժմ` առավել մանրամասն ներկայացնենք ասուլիսի նյութը:

Պարզվում է՝ 1994թ.-ից Հայաստանը համագործակցում է «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» (ԳԷՀ) հետ: Ի դեպ, հիմնադրամի հետ համագործակցող երկրների թիվը 180 է: Այս հիմնադրամը անկախ ֆինանսական կազմակերպություն է: Հիմնվել է 1991թ. եւ նպաստում է Երկիր մոլորակի շրջակա միջավայրի պահպանման գործընթացին: Կարճ ասած՝ գլոբալ բնույթի բնապահպանական խնդիրների լուծման համար ֆինանսներ է տրամադրում: Իսկ ԳԷՀ-ի գործունեության համակարգման նպատակով համագործակցող երկիրը նշանակում է քաղաքական եւ գործառնական ազգային համակարգող: Վերջինս պետք է ներկայացնի պետական կառավարման համակարգը՝ ԳԷՀ-ի ծրագրերի իրականացումն ապահովելու համար: Հայաստանում ԳԷՀ-ի քաղաքական եւ գործառնական Ազգային համակարգողը ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն է: 2010թ. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի (բանախոսները սա խիստ ընդգծում էին) 322Ն որոշմամբ ստեղծվեց «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» հետ համագործակցության հանձնաժողովը: Մեր հարցին, թե ովքե՞ր են այդ հանձնաժողովի կազմում,

ՀՀ-ում ԳԷՀ-ի քաղաքական եւ գործառնական ազգային համակարգող նախարարը պատասխանեց. «Մենք Ձեզ կտրամադրենք հանձնաժողովի կազմը, եւ ես Ձեզ ասեմ, որ ներգրավված են մեր գործընկեր-նախարարությունները՝ դա Էկոնոմիկայի նախարարությունն է, Գյուղատնտեսության նախարարությունն է, Էներգետիկայի եւ բնական պաշարների, Ֆինանսների նախարարություն: Սա մեկ խումբն է` Կառավարության ներկայացուցիչները, որպեսզի մենք միասնական լինենք, այնուհետեւ մեր 3 կոնվենցիաների պատասխանատուները, ներկայացուցիչները՝ ՄԱԿ-ի գրասենյակը, Համաշխարհային բանկի գրասենյակը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գիտության ներկայացուցիչներ»: Ինչեւէ, ԳԷՀ-ը տեսնելով մեր Կառավարության եւ, ինչու չէ, ՀՀ-ում ԳԷՀ-ի ազգային համակարգողի` Ա. Հարությունյանի «ջանադիր» աշխատանքը, համագործակցության 5-րդ փուլի գումարների չափը բարձրացրել է. 2011-2015թթ. ՀՀ-ին տրամադրելու են 10 միլիոն դոլար: Թե ի՞նչ նպատակներով է ծախսվելու, բանախոսները հերթով-կարգով թվարկեցին՝ կենսաբազմազանության պահպանման համար՝ 1,5 միլիոն, կլիմայի փոփոխության համար՝ 2,35 միլիոն, հողերի դեգրադացիայի կանխարգելման համար՝ 4,12 միլիոն: «Հատկանշական է, որ այս տարիների ընթացքում ծրագրեր են իրականացվել մասնավորապես «Սեւան ազգային պարկում», «Դիլիջան ազգային պարկում», կառուցվել են ազգային պարկի համապատասխան տարածքների շենքեր, եւ այդ շենքերն են վերանորոգվել, կահավորվել եւ տեխնիկական հագեցվածությամբ ապահովվել»,- խրոխտ հպարտությամբ ասաց Բնապահպանության նախարարը: Ի դեպ, նշենք, որ մինչ 2005թ. իրականացվել են 17 ծրագրեր: Ընդ որում՝ կենսաբազմազանության ապահովման համար տրամադրվել է 7,2 միլիոն, կլիմայի փոփոխության համար՝ 10,8 միլիոն, կայուն օրգանական աղտոտիչների համար՝ 1,3 միլիոն դոլար: Ընդհանուր հաշվարկով՝ մինչ 2005թ. հատկացված գումարները կազմում են 21,9 միլիոն դոլար: 2005-ից սկսած իրականացվել են եւ դեռ ընթացքի մեջ են հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացման, շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացման, Հայաստանի էներգաարդյունավետության, քաղաքային ջեռուցման եւ տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերը: Իսկ ահա 2011-2015թթ. տրամադրվելիք գումարին նախարարը չէր սպասում: «Ի ուրախություն մեզ՝ այն գումարները, որ հատկացվելու են մեր երկրին կամ կառավարությանը, դրանք մեր սպասվածից ավելի են, ինչպես հայտարարեց Մոնիկը, եւ մենք պատրաստ ենք այս ծրագրերը իրականացնել»,- ասաց Ա. Հարությունյանը:

«Ինչ վերաբերում է, թե Հայաստանն ինչու է ՋԷՖ 5-ի շրջանակներում ավելի մեծ գումար ստանում, նշեմ, որ դա պայմանավորված է անապատացման, հողերի դեգրադացման հետ: Աշխարհում Հայաստանը համարվում է ամենաբարձր չորային հողեր ունեցող տարածք»,- իր հերթին ավելացրեց ԳԷՀ-ի գործադիր տնօրեն Մոնիկ Բարբութը՝ նկատելով, որ իր տնօրինած հիմնադրամը նման չէ միջազգային մյուս կառույցներին, եւ իրենք հիմնադրամի հետ համագործակցող երկրներում չունեն ներկայացուցիչներ: Ինչեւէ, տիկին Մոնիկը հանգամանալից ներկայացրեց իր տնօրինած հիմնադրամի գործունեությունը: Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, հիմնադրամն ինչպե՞ս է վերահսկում տրամադրած գումարները, Մ. Բարբութը նկատեց, որ նրանք բազմաթիվ տարբերակներ ունեն գնահատելու արված աշխատանքը, եւ միշտ ունեցել են բարձր գնահատականներ մեր ԳԷՀ-ի կատարած աշխատանքից: Ավելին՝ տիկին Բարբութը ոչ միայն շռայլ էր դրամաշնորհի հարցում, այլեւ լրագրողներին խորհուրդ էր տալիս հպարտանալ նման Կառավարությամբ: Տիկին Բարբութը չմոռացավ նաեւ շեշտել հայերի հյուրասիրության մասին, ում հոկտեմբերի 19-ին ուղեկցել էին Սեւան, իսկ երեկ էլ՝ «Խոսրովի պետական արգելոց»: ԳԷՀ-ի գործադիր տնօրենին ուղղված` ինչպե՞ս կգնահատեր Սեւանի ներկա վիճակը հարցին էլ պատասխանեց Բնապահպանության նախարարը. «Ես ուղղակի Ձեզ ասեմ, որ երեկ երեկոյան, երբ մենք հանդիպեցինք, տիկին Մոնիկն ինձ ասաց, որ Սեւանի ջուրը շատ մաքուր է»: Ա. Հարությունյանը նկատեց նաեւ, որ «Սեւան ազգային պարկում» ափամերձ տարածքների շենքերի եւ ժամանակավոր շինությունների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: Բնապահպանական խնդիրները մի կողմ` ուշագրավ էր Արամ Հարությունյանի ոգեւորությունը՝ 10 միլիոն դոլար դրամաշնորհ «կպցնելու» կապակցությամբ: Այնքան, որ իրեն հարց տվող լրագրողին ցինիկ պահվածքով կարող էր հարցնել` «Ոնց որ հուզված ես: Մի հուզվիր…»:

Հատուկ տիկին Մոնիկի համար

2007թ. հունիսից այս պաշտոնը զբաղեցնող ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանով եւ ՀՀ կառավարությամբ հիացած Մոնիկ Բարբութին մի քանի խոսքով ծանոթացնենք իր հիացմունքի «օբյեկտի» հետ: 2004-2007թթ. նա եղել է ՀՀ քաղաքաշինության նախարար: Ստանալով նախարարական առավելագույնը 325 հազար դրամ աշխատավարձ, նա, սակայն, կարողացել է հսկայական կապիտալ կուտակել: Նա սկզբում «Օրինաց Երկիր» կուսակցության մանդատով պատգամավոր դարձավ, ապա` նախարար: Այնուհետեւ ՕԵԿ-ից անցում կատարեց դեպի Հանրապետական կուսակցություն: Այս ընթացքում նա դարձել է օլիգարխ պաշտոնյաներից մեկը: Իհարկե, նա իր ունեցվածքի մի մասն իր անունով չի գրանցել, սակայն բոլորին հայտնի է: Տարբեր ԶԼՄ-ներում բազմիցս է գրվել «Բուլկի» մականունով այս նախարարի ունեցվածքի մասին. գազալցակայան եւ գործարան Եղվարդում, «Նյու ռեժանս» հյուրանոցառեստորանային համալիրը` Քանաքեռ-Զեյթուն համայնքում, Երեւանի Հանրապետության հրապարակի եւ Տիգրան Մեծ փողոցի խաչմերուկում գտնվող պետական շենքի ամբողջ վերջին հարկը, ամառանոց` Սեւանում, երկու առանձնատներ «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ գտնվող էլիտար թաղամասում եւ Կասկադի հարեւանությամբ: Նույնիսկ ինքն է հրապարակավ խոստովանել, որ ներգրավված է շինարարական եւ ռեստորանային բիզնեսներում: Այն դեպքում, երբ ըստ ՀՀ Սահմանադրության, նախարարներն իրավունք չունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Իսկ բնապահպանական հասարակական կազմակերպությունները գրեթե ամեն օր ահազանգում են բնությանը հասցված այն վնասների եւ յուրացումների մասին, որոնք տեղի են ունենում Արամ Հարությունյանի օրոք: Նա այն նախարարներից է, որի անվան հետ ահռելի չարաշահումների ու յուրացումների փաստեր են կապվում: Նրա վրա բազմաթիվ գործեր կան թե ՀՀ Գլխավոր դատախազությունում, թե Վերահսկիչ պալատում: Գլխավոր դատախազությունը ժամանակին ֆինանսատնտեսական ստուգումներ էր կատարել Սեւանա լճի ափամերձ հատվածների մաքրման աշխատանքներում թերացման եւ բյուջեի գումարներն անարդյունավետ ծախսելու առիթով: Այդ նպատակով պետբյուջեից հատկացված 250 մլն դրամն անհետացել էր: Խոսակցություններ կային, թե Սեւանը դիտավորյալ չեն մաքրում, որպեսզի կառավարությանը ստիպեին դարձյալ գումարներ տրամադրել հատուկ տեխնիկա գնելու համար: ՀՀ Վերահսկիչ պալատը եւս չարաշահումներ էր հայտնաբերել Հարությունյանի ղեկավարած կառույցում: Այն, որ նախարարը Երեւանի մերձակա հանքերի շահագործման հետ կապված գործարքներից մի քանի հարյուր միլիոն դրամի գումար է յուրացրել: Վերահսկիչ պալատը նաեւ շուրջ 226 մլն դրամի խախտումներ ու չարաշահումներ էր հայտնաբերել նախարարությունում: Հատկապես մեծ խախտումներ կային 2006-08թթ. «Սեւան ազգային պարկի» հողերի օգտագործման, վարձավճարների գանձման նկատմամբ վերահսկողության հետ կապված: