«Մեդիքերից» (Medicare) միլիոնավոր դոլարներ շորթելու համար մեղադրվող մի քանի հայերի մասին լայնորեն շրջանառվող հաղորդումների առնչությամբ առաջին խնդիրն այն է, որ այդ անձինք անմեղ են համարվում, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ:
Միայն դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց կարելի է որակել որպես կեղծարարներ կամ հանցագործներ: Իսկ ավելի վիրավորականն այն է, որ լրատվամիջոցներն իրենց հախուռն ընդհանրացումներով արատավորում են ամբողջ հայության բարի համբավը` ամոթի սուր զգացում առաջացնելով միլիոնավոր օրինապաշտ հայերի մոտ, որոնք չափազանց զգայուն են իրենց վարքի հանդեպ: Անցյալ շաբաթվա զգայացունց վերնագրերը` «Հայկական հանցագործության սինդիկատի» կամ «Հայ ոճրագործների» մասին, ամբողջովին ցնցեցին ամերիկահայ համայնքը: Շահարկելով լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը` ի հայտ եկան տարաբնույթ ռասիստներ, հայատյացներ եւ, բնականաբար, որոշ թուրքեր, որոնք համացանցի զանազան կայքերում հակահայկական լկտի մեկնաբանություններ տեղադրեցին: Այս ձերբակալությունների առնչությամբ ամենավիրավորական ակնարկներն արվեցին «Երիտթուրքերը» կոչվող ամերիկյան ռադիո/համացանցային շոուի ժամանակ: Կարծես թե շոուի անվանումը բավարար չէր հայությանը վիրավորելու համար, դեռ համահաղորդավարները` ամերիկահայ Աննա Գասպարյանը եւ թուրքական ծագումով ամերիկացի Գենկ Ույգուրը, անցյալ շաբաթ կրկնակի հարվածներ հասցրին ամբաստանյալներին, ինչպես նաեւ ամբողջ հայությանը: Գասպարյանի հայ լինելու փաստն էլ ավելի վիրավորական դարձրեց նրա մեկնաբանությունները: Զվարճալի կամ հետաքրքրական երեւալու ձգտումը նրան իրավունք չէր տալիս լուտանքներ թափել այն անձանց վրա, որոնք պարզապես մեղադրվում են, սակայն որեւէ հանցագործության համար դեռ չեն դատապարտվել, ինչպես նաեւ ամբողջ համայնքի վրա` մի քանիսի ենթադրյալ հանցագործության համար: Ահա որոշ հատվածներ համահաղորդավարների վիրավորական դիտողություններից.
Գասպարյան – Վերջերս տասնյակ հայեր են ձերբակալվել ողջ Միացյալ Նահանգներում` «Մեդիքերի» հետ կապված խարդախության համար: Սա հայերի սովորական հնարքն է: Այս է հայերի գործունեությունը: Եվ այս մեծ չափազանցություն է: Եվ այդ կեղծարարների մեծ մասն ապրում է Գլենդելում, Կալիֆոռնիայում: Ես կատակ չեմ անում: Սա փաստ է:
Ույգուր – Ճիշտ է բառիս բուն իմաստով (Ծիծաղ.- Հ.Ս.): Ի դեպ, ինձ համար զվարճալի է Գլենդելում հայ համայնքի կողմից «Մեդիքերի» խարդախությունը: (Հայկական առոգանության ընդօրինակմամբ). «Դո՞ւք բժշկական խարդախություն արել եք: Իհարկե: Ո՞վ «Մեդիքերի» խարդախություն չի արել: Դե…»: Նմա՞ն է հայկական առոգանությանը:
Գասպարյան – Այո, մոտ է: Այսպիսով, ի՞նչ պետք է անեին այս անձինք. նրանք պետք է գողանային Միացյալ Նահանգների իրական բժիշկների ու հարյուր-հազարավոր մարդկանց անձնական տվյալներն ու կեղծ պահանջներ ներկայացնեին: Նրանք պետք է երեւակայական բժշկական կլինիկաներ ստեղծեին, որոնք նույնիսկ գոյություն չեն ունեցել, եւ ապա վճարման հաշիվ ներկայացնեին «Մեդիքերի» բուժումներից օգտվելու համար, որոնք երբեք չեն եղել, իսկ «Մեդիքերը» պետք է գումարներ փոխանցեր այդ կեղծ բժիշկներին կամ այն բժիշկներին, որոնց տվյալները գողացել էին…
Ույգուր – Թույլ տուր ավելի մանրամասն ներկայացնել, թե դա ինչպես է աշխատում: Այն շատ հետաքրքիր է: Այսպիսով, նրանք գողացել են բժիշկների անունների ցանկը…
Գասպարյան – …Սա խայտառակություն է երկու կողմի համար: Ամոթ հայերին եւ ամոթ կառավարությանը` մինչեւ օրս չհասկանալու համար, որ այդ հայերը 163 միլիոն դոլար են գողացել «Մեդիքերից»: (Իրական թիվը 35 մլն դոլար է.- Հ.Ս.):
Ույգուր – Գիտե՞ս ինչ: Սա բավականին լուրջ խարդախություն է: Պետք է հայերին շնորհավորել: Նրանք իսկապես աշխատում են Գլենդելում: (Ծիծաղ.- Հ.Ս.):
Գասպարյան – Եվ ոչ միայն Գլենդելում: Այդ հայերն ամբողջ երկրի տարածքում են: Այսպես, հայեր կան Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, մի քանիսը` Օհայոյում, ոմանք` Նյու Մեքսիկոյում, ոմանք` Ֆլորիդայում եւ ամենուր: Սա զանգվածային գործարք է: Նրանք բոլորը կապված են միմյանց հետ: Նրանք բոլորը գիտեն, թե ինչ են անում: Սա խելագարություն է: Փաստորեն, իշխանությունները դա հավասարեցնում են մաֆիային: Ստացվում է, որ Միացյալ Նահանգներում հայկական մաֆիա է գործում: Թվում է, թե իմ մի մասը պետք է հպարտանար դրանով, քանի որ մի քիչ «թարս» եմ, սակայն մյուս մասը, իհարկե, նվաստացած է: Ես այնքան վատ եմ զգում այն մարդկանց համար, որոնք այս ամենի զոհն են, որովհետեւ ոչ միայն կառավարությունից են միլիոններ գողացել, այլ նաեւ` այդ մարդկանց անձնական տվյալները: Այսպիսով, այդ հայերը կարող են նստել տանը, վարել իրենց «Ռոլս Ռոյսերը» եւ որեւէ բան չանել:
Ույգուր – Ես ավելի հակասական կարծիք ունեմ այս ամենի մասին: Ակնհայտ է, որ նրանք չէին կարող ավելի սխալ չլինել` ձերբակալվել, բանտ նստել եւ այլն: Խոսքն այդ մասին չէ: Սակայն մյուս կողմից՝ սա մի փոքր հանճարեղ է… Գիտե՞ս, թե ինչ է կատարվում: Մարդիկ ագահ են դարձել: Մի անգամ խարդախություն անելուց հետո, երբ երկար ժամանակ չես բռնվում, սկսում ես մտածել այն ավելի մեծ թափով անելու մասին: Յուրաքանչյուրն ուզում է, որ մի բան էլ իրեն հասնի: Հաջորդը, Գլենդելում բոլորը գիտեն եւ բոլորն ուզում են իրենց փայը: Իհարկե, սրա տգեղ կողմն էլ կա: Կարծում եմ` բոլորդ տեսաք, որ նկարում պատկերվածը «vor» էր:
Գասպարյան – Ի դեպ, «vor» հայերեն նշանակում է «հետույք»: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ են լուրերի բոլոր հոդվածներում նրան «vor» անվանում:
Ույգուր – Լուրերի հոդվածները պնդում են, որ «vor» նշանակում է՝ «օրենքով գող», որը շատ տարօրինակ բան է…
Իրավական եւ լրագրողական բոլոր նորմերը խախտելով՝ շոուի համահաղորդավարները երբեք չօգտագործեցին «կասկածյալ» կամ «մեղադրվող» բառերը` ամբաստանյալների մասին խոսելու ընթացքում: Եթե այս անձանցից ոմանց նկատմամբ առաջադրված մեղադրանքները դադարեցվեն, ապա Գասպարյանի եւ Ույգուրի դեմ կարող են դատական գործ հարուցել զրպարտության համար: Մինչ օրս տասնյակ-հազարավոր հեռուստադիտողներ համացանցի զանազան կայքերում դիտել են այս դրվագը, իսկ ավելի շատերը` լսել ռադիոյով: Միայն YouTube-ում 800-ից ավելի հեռուստադիտողներ մեկնաբանություններ են արել: Դուք կարող եք շոուն դիտել եւ մեկնաբանություններ տեղադրել հետեւյալ կայքէջում. www.youtube.com/watchգv=qUrFaecJOqE:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» հրատարակիչ, խմբագիր