Հայաստանում Ամերիկայի Առեւտրի պալատի 5-րդ տարածաշրջանային համաժողովից առաջ դիմել էինք ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին՝ խնդրելով պատասխանել տարածաշրջանի երկրների ինտեգրացիայի մակարդակին եւ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերին: Նախարարի պատասխանները ներկայացնում ենք ընթերցողներին:
– Ինչպե՞ս եք գնահատում Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ինտեգրացիայի ներկա մակարդակը եւ հնարավորությունները:
– Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության կողմնակից եւ ջատագով: Այսօր, երբ Հարավային Կովկասի պետությունները սկսում են բանակցությունները Եվրոպական միության հետ Նոր հարեւանություն քաղաքականության շրջանակներում ԵՄ-Հայաստան համատեղ գործողությունների ծրագրի մշակման նպատակով, տարածաշրջանային ինտեգրացիան նոր իմաստ ու կարեւորություն է ստանում:
Այս առումով հատկապես վերջին տարիներին Վրաստանի հետ մեր հարաբերություններում գրանցվել է նկատելի վերելք: Նախագահների պարբերական հանդիպումները, տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովների կանոնավոր աշխատանքը, տարբեր ոլորտները համակարգող նախարարների միջեւ ուղիղ կապը լավ նախադրյալներ են ստեղծում տարածաշրջանային ապագա համագործակցության համար: Մենք հույս ունենք, որ այս դինամիկան կունենա իր դրական ազեցությունը մեր մյուս հարեւանների վրա, դրդելով նրանց առավել իրատեսական կեցվածք որդեգրել Հայաստանի հանդեպ, դրանով հանդերձ նպաստել տարածաշրջանային ինտեգրացիային:
Ցավոք, առայժմ Ադրբեջանը մերժում է մեր նախաձեռնությունները եւ խոչընդոտում տարածաշրջանային լայնածավալ համագործակցությանը: Մինչդեռ, մեր կարծիքով, տարածաշրջանային համագործակցության միջոցով է հնարավոր հաղթահարել առկա տարակարծությունները եւ ձեւավորել վստահության մթնոլորտ հակամարտող կողմերի միջեւ:
– Ձեր կարծիքով, որո՞նք են տարածաշրջանային քաղաքական եւ տնտեսական համագործակցությանն ու արդյունքում՝ նաեւ համաշխարհային գործընթացներին որպես մեկ միասնական տարածք ինտեգրվելուն խոչընդոտող հիմնական գործոնները:
– Մեծ հաշվով, հիմնական խոչընդոտն առաջին հերթին Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածաշրջանային կարճատես եւ նեղմիտ քաղաքականությունն է, որով նրանք, փորձելով մեկուսացնել Հայաստանին, ցանկանում են մեզ մղել պարտադրված որոշումների Լեռնային Ղարաբաղի հարցում եւ Թուրքիայի հետ հարաբերություններում: Հարավային Կովկասի պետությունների հետագա ինտեգրացմանը խոչընդոտող տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ այսօր նկատվում են որոշակի նախադրյալներ բանակցությունները դրական ուղիով տանելու համար: Կարծում եմ, շատ բան կախված է Ադրբեջանից, որքանո՞վ է նա պատրաստ գնալու իրատեսական լուծումների, հրաժարվելու պոպուլիստական հայտարարություններից՝ հօգուտ հարցի երկարաժամկետ կարգավորման:
– Ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանի երեք պետություններում, առավելապես` Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ պետական աջակցությունը եւ մասնավորապես բիզնեսի ներգրավվածության մակարդակը:
– ԱՄՆ-ը մշտապես աջակցել է մեզ, դիտարկելով Հայաստանը որպես կայուն եւ վստահելի գործընկեր: ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունը բազմազան է, մասնավորապես կնշեի ամեն տարի Կոնգրեսի կողմից հաստատվող հատկացումները, ինչպես նաեւ՝ Հայաստանի ներգրավումը Հազարամյակի մարտահրավերների ծրագրում:
ԱՄՆ մասնավոր ձեռնարկությունները նույնպես բավականին ակտիվ են գործում հայաստանյան շուկայում: Այս առումով հատկապես նկատվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան ընկերությունների աշխուժացում:
Սեփ. լր.