Հացադուլը սկսեց

21/10/2010

Երեկ Կոմիտասի անվան զբոսայգում, կիսակառույց Դելֆինարիայի հարեւանությամբ, գրող-հրապարակախոս Վահրամ Թաթիկյանը դեղին հագուստով սկսել է իր անժամկետ հացադուլը: Նա վստահեցրել է, որ հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ իր աչքի առաջ կգան եւ կքանդեն արդեն գրեթե պատրաստ Դելֆինարիան: Ինչ վերաբերում է դեղին հագուստին, ապա, ըստ նրա` իր համար հացադուլը մեծ տոն է, եւ դեղինն էլ խորհրդանշում է աշունը: Նա իր հետ բերած իրերը տեղավորել էր թափանցիկ տոպրակներում, որպեսզի բոլորը համոզվեն, որ այնտեղ ուտելիք չկա: Վ. Թաթիկյանը նաեւ վստահ է, որ կքանդեն արդեն գրեթե կանգուն շենքը. «Եթե նրանք ընդունակ էին մեր ամբողջ հին քաղաքը տեղափոխել, Հյուսիսային պողոտա սարքել, սրա եղածը ի՞նչ է, մեկ օրվա հարց»: «Ա1+»-ի դիտարկմանը, թե ՀՀ-ում հացադուլավորները բավարար ուշադրության չեն արժանանում եւ արդյունքի չեն հասնում, Վ. Թաթիկյանը պատասխանել է. «Մեր սրամիտ գրողներից մեկը մի բան ասաց: Ասաց՝ մինչեւ վե՞րջ ես շարունակելու, ասացի` հա, ասաց` ուրեմն տեղում էլ կթաղեն: Իհարկե, նման հավակնություններ չունեմ»: