Ո՞ւմ է պատկանում Ծատուրյանի բնակարանը

21/10/2010

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է Ադրբեջանի Օմբուդսմեն Ելմիրա Սուլեյմանովային, որտեղ խնդրում է հայտնել, թե ում է հիմա պատկանում Անդրեյ Ծատուրյանի Բաքվի բնակարանը: Նամակում մասնավորապես ասվում է. «Երեւան քաղաքի Բագրատունյաց 4-րդ նրբանցքի 21 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ Անդրեյ Ծատուրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իր ընտանիքը բաղկացած է չորս անձանցից՝ ինքը՝ Անդրեյ Իսակովի Ծատուրյանը (ծնված 1938թ.), կինը՝ Նելլի Սուրենի Ծատուրյանը (1938թ.) եւ երկու երեխաները՝ Արթուր Անդրեյի Ծատուրյանը (ծնված 1968թ.) եւ Սուսաննա Անդրեյի Ծատուրյանը (ծնված 1971թ.): Նշել է, որ 1988թ. ընտանիքով լքել է Ադրբեջանի Բաքու քաղաքը՝ թողնելով այնտեղ երեքսենյականոց բնակարանը եւ տան ամբողջ գույքը: Գույքը ապահովագրված է եղել 10.000 ռուբլի ապահովագրական գումարով: Դիմումին կից ներկայացնելով բնակարանի օրդերը, բնակարանի ապահովագրության վերաբերյալ վկայականը եւ 12.12.1988թ. հաշվառման կենտրոնական բյուրոյի կողմից տրված փախստականի տեղեկանքը՝ խնդրել է Պաշտպանի միջամտությունը բնակարանի վերադարձման կամ համապատասխան փոխհատուցում ստանալու հարցում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ձեզ եմ ուղարկում քաղաքացի Անդրեյ Ծատուրյանի կողմից դիմումին կցված փաստաթղթերի պատճենները, խնդրում եմ հայտնել, թե օրդերում նշված բնակարանը ում անվամբ է գրանցված տվյալ պահին: Եթե այն դարձել է ուրիշի սեփականությունը, ապա որ թվականից եւ ինչ իրավական հիմնավորմամբ»: