Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին «Կոմերսանտին» տված հարցազրույցում նշել է այն վտանգները, որոնք տարածաշրջանի համար ներկայացնում է ղարաբաղյան հակամարտությունը: «Շատ ողբերգական կլինի, եթե ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի եւս 40 տարի»,- ասել է նա` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Գյումրիի ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետը 49 տարով երկարացնելը նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտությունն էլ այդքան պետք է ձգվի: Սեմնեբիի խոսքով` ղարաբաղյան հակամարտությունը չափազանց երկար է ձգվում. «Ղարաբաղյան հակամարտությունը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների, տարածաշրջանի հարեւանների համար, չէ՞ որ այդ հակամարտությունը վակուումի մեջ չէ: Պետք է ավելի շատ ջանքեր գործադրել այդ հակամարտության լուծման համար: Անհրաժեշտ է ուժեղացնել հրադադարի համաձայնագրի պահպանման ռեժիմը շփման գծում, որտեղ մենք վերջին ամիսներին հետեւում էինք միջադեպերին եւ փոխհրաձգություններին»,- ասել է նա` ընդգծելով, որ հաշտության համաձայնագիրը խնդիրներ չի լուծում, բայց այն նպաստում է բանակցային գործընթացի նորմալացմանը: Հարցին, թե ինչպես են ԵՄ-ում գնահատում ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետի երկարացումը, Սեմնեբին պատասխանել է, որ չէր ցանկանա գնահատել այդ պայմանագիրը. «Դա ՌԴ եւ ՀՀ գործն է: Մեզ, իհարկե, հետաքրքրում է այդ հարցը, եւ կարծում եմ, որ այսօր անհրաժեշտություն կա տարբեր կողմերի հետ խորհրդակցելու եւ հարեւաններին համոզելու, որ այդ պայմանագիրը նրանց համար որեւէ վտանգ չի ներկայացնում: Կովկասում պետք է դիտարկել ռազմական պոտենցիալի ավելի լայն համատեքստ: Չի զարմացնում, օրինակ, Հայաստանի այսօրվա անհանգստությունը Ադրբեջանում լայնամասշտաբ ռազմական ծախսերի առնչությամբ: Եթե կողմերը շարունակեն միջոցներ եւ հակամիջոցներ ձեռնարկել, դա կարող է վերջնական արդյունքում իջեցնել ուժի կիրառման համար շեմը, որը վտանգավոր եւ ողբերգական կլիներ: Չի կարելի թույլ տալ ղարաբաղյան եւ այլ հակամարտությունների ռազմական լուծման հնարավորություն»: