Հակահայկական ֆաշիզմ

19/10/2010

«Այո՛, Ադրբեջանում ակնհայտ է հակահայկական ֆաշիզմի ծավալումը, որ իրականացվում է ծրագրված կերպով եւ ամենաբարձր մակարդակով: Խոսքը ոչ թե առանձին տաքգլուխների կամ ազգայնամոլությամբ տառապող հիվանդների մասին է, որոնց կարելի էր անտեսել, այլ պետական գաղափարախոսության, ըստ որի` ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա: Ինչո՞ւ է այս ծայրահեղ ազգայնական դիրքորոշումը դրսեւորվում հատկապես հիմա: Ադրբեջանը զարմանում ու զայրանում է, որ միջազգային հանրությունը եւ եռանախագահող երկրների նախագահները հրապարակայնորեն ճանաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ավելին` Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ եւ դրա արդյունքները պետք է պարտադիր իրավական ուժ ունենան բոլորի համար: Ադրբեջանի հուսահատական ջղաձգումների մեխը հենց այստեղ է: Նրանք իրենց ժողովրդին չեն նախապատրաստել նման որոշումներ կյանքի կոչելու համար: Դատելով հռետորաբանությունից` կարծես դեռ չեն էլ պատրաստվում»,- շաբաթ օրը Գորիսում սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: