«Հայկական մառազմ» շարքից

19/10/2010

Հայաստանը հաջորդ տարի սկսելու է «Հայկական պանիր» ծրագիրը, որի շնորհիվ հայկական այդ նոր ապրանքանիշը կսկսի նվաճել աշխարհը: Սա մեջբերում է ոչ թե առաջին կուրսի որեւէ ուսանողի կուրսային աշխատանքից կամ սյուրռեալիստական ոճի էսսեիստի սիրողական ստեղծագործությունից, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից: Նա երեկ ասել է, թե սպասվում է, որ հայկական պանրի արտահանումը կտրուկ կավելանա նախ՝ դեպի Ռուսաստան, ապա`դեպի այլ շուկաներ: Ըստ Տ. Սարգսյանի, «Հայկական պանիր» ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում եւ մաս է կազմում արտահանման խթանման միջոցառումների: Համաձայնեք, որ պետության հանդեպ առանձնակի վերաբերմունք պետք է ունենալ երկրի տնտեսության զարգացման հեռանկարները նման մակարդակի հասցնելու, ավելի ճիշտ` իջեցնելու համար: Ընդ որում, Տ. Սարգսյանի ու նրա ղեկավարած կառավարության երեւակայության թռիչքը բովանդակային առումով անկասելի անկում է ապրում: Եթե ժամանակին նրանց ռոմանտիկ երազանքները «սավառնում» էին ՀՀ-ը տարածաշրջանային զանազան կենտրոններ (այդ թվում` Գյումրին` նավահանգստային կենտրոն) դարձնելու, հետո «հայկական աշխարհ» կառուցելու` գոնե հնչեղության առումով ինչ-որ տեղ տանելի գաղափարների շուրջ, ապա այսօր արդեն այդ միտքը հասել է պանրին: Ընդ որում, Տ. Սարգսյանը գոնե ընդհանուր գծերով չի մանրամասնում, թե «այնուհետեւ` դեպի այլ շուկաներ» ուղղելու դեպքում հայկական պանիրը ինչպե՞ս է մրցակցության մեջ մտնելու, ասենք, ֆրանսիական պանիրների հետ: Չի մանրամասնում, այնպես, ինչպես գոնե տնտեսագիտության տեսության շրջանակներում չեն պարզաբանվում երազներն ընդհանրապես: Որեւէ մեկը չի առարկում, որ հայկական պանրի տեսականին լավն է, սակայն նույն հաջողությամբ կարելի է «արտահանման խթանման միջոցառումների» շրջանակներում զարկ տալ, ասենք, «Ղարաբաղի թթի արաղի», «Գորիսի լոբու», «Քյավառի քյուֆթայի ու փախլավայի» կամ «Աշտարակի պոպոքի», «Մատունու կարտոլի» արտահանմանը: Իսկ եթե ավելի լուրջ, ապա կարծում ենք, վաղուց արդեն ժամանակն է Սահմանադրության տեքստում կամ գոնե Քրեական օրենսգրքում համապատասխան հոդված ավելացնել, որը պատիժ կսահմանի «Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը ոտնահարելու» կամ, ասենք, «Հայաստանի Հանրապետությունը` որպես երեւակայության փորձադաշտ օգտագործելու» համար: Այս պատիժը կարելի է կիրառել որոշակի արտոնություններով` ասենք, քրեակատարողական հիմնարկում ամեն օր տրամադրելով որոշակի չափաբաժին պանիր: Պետական պաշտոնյաների համար` «հայկական պանիր»: