Հայաստանի ավիատոմսերի վաճառքի շուկայում հակամրցակցային համաձայնության փաստ է գրանցվել: Համաձայնությունը տեղի է ունեցել թուրքական «Ֆլեյ էյր» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Թաուեր թրավել» եւ «Բագրատ տուր» ընկերությունների միջեւ: Համաձայն այս երկու ընկերությունների միջեւ կնքված տնտեսական մրցակցությանը խոչընդոտող պայմանագրի` «Բագրատ տուրը» «Թաուեր թրավելին» պետք է վճարի Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթի վաճառված յուրաքանչյուր տոմսի արժեքից 50 դոլար: Հանձնաժողովից հաստատեցին այս տեղեկատվությունը, սակայն չմանրամասնեցին, թե ո՞րն է հակամրցակցային քայլը: Փորձեցինք լուրը ճշտել նաեւ այս 2 ընկերությունների գրասենյակներից: «Բագրատ տուրի» տնօրեն Բագրատ Նավոյանը չցանկացավ պատասխանել: «Որտեղից որ լսել եք, այնտեղից էլ ճշտեք»,- ասաց նա: Զանգահարեցինք «Թաուեր թրավել» ընկերություն, հեռախոսավարուհին, խոսափողը վերցնելով, պատասխանեց՝ «Բագրատ տուր ընկերություն»: Մեր հարցին, թե ի՞նչ կապ ունեն «Թաուեր թրավելի» հետ, նա պատասխանեց, որ դրանք նույն ընկերությունն են: Ստացվում է, որ այս 2 ընկերությունները միասին կամ առանձին-առանձին Հայաստանում թուրքական «Ֆլեյ էյր» ընկերության ներկայացուցիչներն են: Իսկ թե այս եռանկյունու կողմերից ո՞ր մեկն է փորձում հակամրցակցային իրավիճակ ստեղծել ավիատոմսերի վաճառքի շուկայում, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից խոստացան տեղեկացնել մոտ օրերս: Ավելացնենք, որ «Բագրատ տուրը» նաեւ տուրիստական ընկերություն է եւ սպասարկում է Թուրքիա գնացող-եկող խմբերին: Իսկ Թուրքիա հիմնականում գնում են առեւտրականները: Նույն «Թաուեր թրավել» ընկերությունից փորձեցինք ճշտել նաեւ այս ծառայության «գինը»: «Այո, շաբաթական 4 թռիչք ունենք,- պատասխանեց ընկերության աշխատակցուհին: -Տոմսն արժե մոտ 270 դոլար: Բայց եթե տոմսերն ուշ են վաճառվում, եւ շուտ թռիչք չի ապահովվում, կարող է որոշ չափով թանկանալ»: Ստացվում է, որ այս ընկերությունն իր թռիչքի համար մի ընդհանուր գին ունի որոշած, որը բաժանում է տվյալ պահի ուղեւորների քանակին ու ստանում է մեկ տոմսի արժեքը: Բնական է, որ այս մեթոդով աշխատելիս, մեկ տոմսի արժեքը թռիչքից թռիչք փոխվում է: Այս մեթոդով Երեւան-Ստամբուլը մի օր կարժենա 270 դոլար, մյուս օրը` 300 դոլար, իսկ էն մյուս օրը, ո՞վ գիտե, գուցե 400 դոլար:
Ա.Ա.