Վստահության ճգնաժամ

19/10/2010

«Արա Աբրահամյանը պարտավոր չէ ոչինչ անել: Նա 10 մլն հայերից մեկն է: Սակայն մենք հայրենասեր մարդիկ ենք եւ չենք կարող չանել: Ես սիրում եմ իմ հայրենիքը եւ երջանիկ կլինեմ, եթե ինձանից շատ այստեղ անողներ լինեն»,- երեկ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` պատասխանելով այն խոսակցություններին, թե Աբրահամյանը ՀՀ-ի համար ոչինչ չի արել: Ըստ նրա` Հայաստանում վստահության ճգնաժամ կա, որի համար մեղավոր են ոչ միայն իշխանությունները, այլեւ ընդդիմությունը: Նրա խոսքով` չի կարելի մարդուն քննադատել` չսպասելով, որ նա կատարի իր խոստումները: «Եթե ընտրել եք, տվեք ժամանակ, որ մարդը կատարի իր խոստումը»,- ասել է նա: Հարցին, թե` արդյոք քաղբանտարկյալների ազատ արձակումը չի՞ նպաստի վստահության մթնոլորտի հաստատմանը, Արա Աբրահամյանը պատասխանել է. «Վստահությունը մի քայլով չի ձեռք բերվի, վստահությունը պակետային է, պետք է քայլ առ քայլ վերականգնել»: Ի դեպ, նա շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու համար. «Նա կարողացավ ճիշտ ժամանակին վարկեր վերցնել միջազգային կառույցներից, կառավարության հետ մտածված, ճիշտ քայլերի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել էկոնոմիկայի պոտենցիալը»: