Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ցանկացել է պարզաբանումներ տալ ՀՀ ԳԱԱ Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտին պատկանող բակային տարածքների վաճառքի մասին: Դրա համար նա ինստիտուտի տնօրեն Սեւադա Դավթյանին հրավիրել է իր մոտ՝ քաղաքապետարան: Հիշեցնենք, որ «բնակելի շենքերի շինարարության նպատակով» քաղաքապետարանը 2003թ. երկու աճուրդով վաճառել է ինստիտուտի 10.000 քմ հողատարածքը: Քաղաքապետարանը դրա համար ոչ միայն չի ունեցել ինստիտուտի ղեկավարության համաձայնությունը, այլեւ դրա մասին տեղյակ չի պահել: Սեւադա Դավթյանը մեզ ասաց, որ Երեւանի քաղաքապետն իրենց հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը չի իմացել, թե դա ինչ գործարք է եղել, եւ որ դա արել է իր նախորդը՝ Ռոբերտ Նազարյանը, իսկ ինքը միայն ստորագրել է: Բայց ինստիտուտի հողերը 2003թ. վաճառվել են երկու աճուրդով: Երբ ինստիտուտի ղեկավարներն առաջին աճուրդի դեմ փորձել են պայքարել, մեկ-երկու ամիս հետո, արդեն միայն քաղաքապետի ստորագրությամբ վաճառվել է հողատարածքի մյուս մասը:
Ս. Դավթյանի ասելով` աճուրդներից հետո իրենք բողոքով դիմել են ՀՀ նախագահին: Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն առաջարկել է հաշտության պայմանագիր կնքել: Քանի որ առաջին աճուրդով վաճառված տարածքներում արդեն սկսված էին կառուցապատումները, առաջարկվել էր դրանց ձեռք չտալ, իսկ երկրորդ աճուրդով վաճառված 4200 քմ հողատարածքը հետ վերադարձնել ինստիտուտին: Հուշագիրը կազմվել է, ինստիտուտի կողմից ստորագրել է ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը: «Քաղաքապետը սկզբում համաձայնել է ստորագրել հուշագիրը, հետո փոշմանել է»,- ասաց Ս. Դավթյանը։
Հիմա Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Ս. Դավթյանը Երեւանի քաղաքապետին առաջարկել է այցելել ինստիտուտ եւ մոտիկից ծանոթանալ իրավիճակին: