«Լցոնումներ» քաղաքապետի օգտին

19/10/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Պաշտոնական վերջին տվյալներով՝ Վանաձորի բնակչության թիվը մի կերպ «ձգում» էր մինչեւ 100 հազարը: Մինչդեռ հոկտեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ ընտրողների (այսինքն՝ միայն չափահաս բնակչության) թիվը 101 հազար է, որից էլ ընտրությանը մասնակցել է 47 հազարը: Ահա թե ինչու Վանաձորի պաշտոնական մամուլում ընտրությունից առաջ այդպես էլ չհրապարակվեց ընտրական տեղամասերի ցուցակը, քանի որ այդ դեպքում պետք է հրապարակվեր նաեւ յուրաքանչյուր տեղամասի ընտրողների թիվը, եւ նախապես կարող էր աղմուկ բարձրանալ: Ի դեպ, տեղի էր ունեցել շուրջ 10 տեղամասային փոփոխություն, իսկ այդ մասին բնակչությունն իրազեկվեց միայն ընտրության նախորդ օրվա գիշերը՝ տեղական հեռուստատեսությամբ: Փաստորեն, ընտրողների մի մասը նախապես հնարավորություն չունեցավ պարզել իր տեղամասի գտնվելու վայրը, իսկ ծանուցում սակավաթիվ ընտրողների է ուղարկվել՝ դատելով քաղաքացիներին ուղղված մեր հարցումներից, եւ ընտրողների մի ստվար զանգված միայն վերջին պահին հայտնաբերեց իր ազգանվան բացակայությունը ընտրացուցակներում (ի տարբերություն… մահացածների անունների առկայության): Արդյունքում, հոկտեմբերի 16-ին Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի շենքի առջեւ չէր դադարում քաղաքացիների հերթը, որոնց մի մասին միայն հաջողվեց դատարանի որոշմամբ վերականգնել իր ընտրական իրավունքը: (Իսկ թիվ 9-ը տեղամասում ընտրող մի կին էլ դատարանից տեղամաս գնալ-գալու ճանապարհին հանկարծամահ էր եղել): Դատելով քաղաքի բնակչության թվի նկատմամբ ընտրողների պաշտոնական թվի անհամապատասխանությունից՝ եւ տեղամասերից մի քանիսում գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Ս. Դարբինյանի օգտին գրանցված կասկածելի մեծության թվերից, կարելի է հիմնավոր համարել այն դժգոհությունները, որ քաղաքապետի օգտին «լցոնումներ» են եղել: Խիստ կասկածելի է գրեթե յուրաքանչյուր տեղամասում պարտադիր բնույթ կրող «անվավեր» քվեաթերթիկների թիվը՝ շուրջ 1600, քանի որ, նորմալ քվեաթերթիկն «անվավեր» դարձնելը դժվարություն չի ներկայացնում: