Օբամայի տոհմածառը

16/10/2010

Գիտնականները սենսացիոն բացահայտում են արել: Պարզվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդքան էլ հասարակ սեւամորթ տղա չէ, ինչպես ինքն է ասում: Նա իրականում բազմաթիվ հայտնի, ազդեցիկ ու հարուստ մարդկանց ազգականն է: Մասնագետներն ազգակցական կապ են գտել Օբամայի եւ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի, ինչպես նաեւ Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինի ու հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի միջեւ: Ըստ հետազոտողների` Օբաման ու Փեյլինը մայրական գծով զարմիկներ են, ճիշտ է` 10-րդ սերնդի, եւ կապված են իրար հետ ընդհանուր նախնի Ջոն Սմիթով, որը XVII դարում քահանա է եղել Մասաչուսեթսում: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Պարզվել է նաեւ, որ Օբամայի ու Ջորջ Բուշի ընդհանուր նախնին Սեմյուել Հինկլին է, որը քահանա Սմիթի աներն էր: Նույն կերպ բացահայտվել է նաեւ Օբամայի եւ միլիարդատեր Ուորեն Բաֆեթի, Օբամայի եւ Բրեդ Փիթի ազգակցական կապը: Գիտնականները, սակայն, որոշել են կանգ չառնել եւ զբաղվել են Սառա Փեյլինի տոհմածառի ուսումնասիրությամբ: Արդյունքում պարզվել է, որ այդ սկանդալային կին քաղաքական գործչի ազգականն են ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը եւ արքայադուստր Դիանան: