Երեկ Մատենադարանին հարող տարածքում, հորդառատ անձրեւի տակ կայացել է Հայ Ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որում, ինչպես միշտ, առանցքայինը եղել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Այն, ինչպես եւ խոստացվել էր, նվիրված է եղել Հայաստանում ահագնացող կոռուպցիային, դրա տնտեսական, սոցիալական ու քաղաքական հետեւանքներին: Ծավալուն ելույթում Լ. Տեր-Պետրոսյանն անուններ չի հնչեցրել, համենայնդեպս, չեն հնչել կոնկրետ կոռուպցիոն դեպքերի հետ կապված անուններ, չնայած շատերը հենց դա էին ակնկալում: ՀՀ առաջին նախագահը խոսելով կոռուպցիայի` որպես արատավոր երեւույթի, չարիքի մասին, ընդամենը կարդացել է իշխանական վերնախավի գրեթե բոլոր ներկայացուցիչների անունները: Թվարկելով հայտնի կոռուպցիոն մեխանիզմներն ու դրսեւորումները, Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել է. «Այսօրվանից եւեթ յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, որ իշխանափոխությունից հետո պետական պաշտոնյաների ձեռքով ժողովրդից հափշտակված ողջ հարստությունը պետք է վերադարձվի ժողովրդին: Դա, բնականաբար, պետք է տեղի ունենա ոչ թե բռնագանձման եղանակով, այլ միանգամայն օրինական ճանապարհով, այսինքն` դատական կարգով, ինչի հնարավորությունը պարունակում է Հայաստանի ներկայիս, թեկուզ անկատար, Քրեական օրենսգիրքը: Ինչ վերաբերում է օլիգարխներին կամ ընդհանրապես գործարարներին, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվի բոլորովին այլ մոտեցում. նրանք պարզապես պետք է տեղափոխվեն գործունեության օրինական դաշտ»: Իրականում Լ. Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը հետաքրքիր է ոչ թե ինչ-որ անունների պոպուլիստական հրապարակմամբ, այլ այն առումով, որ վկայում է շատ սկզբունքային մի շեշտադրման փոփոխության մասին: 2007թ. սեպտեմբերից, երբ Լ. Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ քաղաքականություն, նրա գրեթե բոլոր ելույթներում կարմիր թելի պես անցնում էր «հակաօլիգարխիկ» թեզը: Նա անուն առ անուն բոլոր օլիգարխներին խոստանում էր «բոմժ» դառնալու հեռանկարը: Իհարկե, նա նկատի ուներ, որ օլիգարխներին նման հեռանկար է սպասվում, եթե նրանք շարունակեն աջակցել գործող իշխանությունների վերարտադրությանը: Սակայն, անկախ ձեւակերպումներից, Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական կամպանիան ասոցիացվում էր «օլիգարխներին բոմժ սարքելու» կարգախոսի հետ: Եվ իրենք` օլիգարխները, դա ընկալում էին ոչ թե որպես նախազգուշացում գործող իշխանություններից, ինչպես ներկայացնում էր Տեր-Պետրոսյանը, այլ որպես սպառնալիք` վերջինիս իշխանության գալու դեպքում: 2008թ. ընտրություններից հետո շատերը Լ. Տեր-Պետրոսյանի դե ֆակտո պարտությունը կամ նրա ձեռքից խլված հաղթանակը (տվյալ դեպքում՝ ձեւակերպումը կարեւոր չէ) պայմանավորում էին նրա քարոզչության հենց այս` հակաօլիգարխիկ ուղղվածությամբ: Այդ կարծիքի կողմնակիցների փաստարկները համոզիչ էին. լավ է դա, թե վատ, սակայն օլիգարխներն այսօր Հայաստանում կայացած ենթակառուցվածքներ ունեցող սուբյեկտներ են, որոնք հսկայական ազդեցություն ունեն ընտրական գործընթացների վրա, եւ եթե Լ. Տեր-Պետրոսյանը պատերազմ չհայտարարեր նրանց դեմ, վերջիններիս գոնե մի մասն այդքան անձնվիրաբար չէր ծառայի գործող իշխանություններին: Դժվար է ասել, ինքը` ՀՀ առաջին նախագահն, ընդունե՞լ է այդ փաստարկների ճշմարտացիությունը կամ իր սխալը, թե՞ իր դիրքորոշումը փոխել է նոր իրողությունների ազդեցության տակ, սակայն, որ նման փոփոխություն տեղի է ունեցել, ակնհայտ է: Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ հոսումգ Ինչպես երեկվա անձրեւը: