«Մեր տունը» թողեք մեզ

16/10/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Էջմիածին քաղաքում գտնվող «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպությունը տաքուկ տանիք է մանկատան այն շրջանավարտների համար, ովքեր մանկատնից դուրս գալուց հետո գուցեեւ հայտնվեին փողոցում, կամ, լավագույն դեպքում, գնալու տեղ չունենալու պատճառով, շարունակեին ապրել մանկատներում: «Մեր տան» երկհարկանի շինությունը կոկիկ, լուսավոր ու դրական էմոցիաներով լի մի հանգրվան է, որտեղ մանկատնից եկած յուրաքանչյուր սան ունի իր տեղն ու դերը: Այս կազմակերպության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ «Մեր տանը» բնակվող յուրաքանչյուր անձ ունի իր սեփական անկյունը, սեփական կյանքը տնօրինելու իրավունք եւ, որն ամենակարեւորն է` սեփական կարծիքն ու աշխարհընկալումը: Գավառից, «Զատիկ» մանկատնից «Մեր տուն» եկած չափահաս դարձած աղջիկներն այստեղ կարողանում են իրագործել իրենց երազանքները. ոմանք բարձրագույն կրթություն են ստանում, ոմանք՝ ամուսնանում, երեխաներ են ունենում, իսկ մյուսներն էլ` պարզապես վայելում են իրենց մանկական երազանքի իրականացումը` ընտանեկան ջերմությունը: «Մեր տունը» կազմակերպության հիմնադիր-նախագահ Տիգրանուհի Կարապետյանը բարեհամբույր, անսահման հոգատար, բայց միեւնույն ժամանակ՝ խստապահանջ ղեկավար է: Ղեկավար է ի պաշտոնե, մինչդեռ «Մեր տանը» նրան ընկալում եւ վերաբերվում են որպես մայր: «Երբ աղջիկներից մեկի համար փեսացու է հայտնվում, ամեն մեկին աղջիկ չեմ տալիս: Պիտի ինձ մոտ քննություն անցնեն (ծիծաղում է.- Լ.Ս.), պիտի վստահ լինեմ, որ երեխայիս լավ կվերաբերվեն: Էդ հարցում ահագին մարդ եմ մեջ գցում, որ փեսացուի մասին տվյալներ հավաքեն: Օրինակ` զանգում եմ մեր քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, ծանոթ-բարեկամների, խնդրում եմ, որ ճշտեն, թե նա ինչպիսի՞ մարդ է իր բնակավայրում, որքանո՞վ վստահելի ընտանիքի տղամարդ կարող է լինել, որքանո՞վ լավ հայր կարող է լինել, ի՞նչ ընտանիքում է մեծացել եւ այլն: Շատ զգուշավոր եմ աղջիկներիս ամուսնության հարցում, որովհետեւ մեծ պատասխանատվություն է: Նրանք դժվար մանկություն ապրած, խոցելի երեխաներ են, եւ ամեն ինչ անում եմ, որ գոնե իրենց կազմած ընտանիքներում լիարժեք երջանկություն ապրեն: Փառք Աստծո, մինչեւ օրս կայացած ամուսնությունների արդյունքում բոլորն էլ երջանիկ ընտանիքներ են»,- ասում է Տիգրանուհին, ով մեր այցելության ժամանակ հանդիսավորությամբ պատրաստվում էր նշել «Մեր տան» բնակիչ աղջիկներից մեկի ծննդյան տարեդարձը: «Մեր տան» շահառուներից վեցն արդեն ամուսնացել են: «Արդեն թոռնիկներ էլ ունեմ»,- ասում է Տիգրանուհին եւ իսկույն բջջային հեռախոսի մեջ փնտրում հարազատ աղջկա ուղարկած հուզիչ նամակը, ով մորը քիչ տեսնելու պատճառով կարոտն արտահայտում է հեռախոսային նամակագրությամբ: «Մեր տան» աղջիկների խնամքն այնքան ժամանակ ու մարդկային ռեսուրս է խլում, որ Տիգրանուհին ժամանակ չի գտնում հարազատ երեխաների հետ շփվել. «Ասում եմ` ոչինչ, սիրելիներս, իրենք ավելի շատ ունեն իմ կարիքը»: Ծնողազուրկ երեխաներին ընտանեկան հարաբերությունների եւ հայկական ավանդույթների արժեքներով դաստիարակելու համար նա բաց չի թողնում ոչ մի արարողություն, հետեւաբար՝ աղջիկների կրթությունն ապահովելուց հետո փորձում է պատշաճ կերպով ճանապարհել դեպի անձնական, ընտանեկան կյանք. «Օժիտով, հարսանիքով, տրնդեզով, կնունք, ծնունդով: Որ փեսայի ընտանիքն էլ հասկանա` սա տուն է, որտեղից կարող է հրաշալի կին դուրս գալ»: Հյուրասենյակում յուրաքանչյուր հյուրի սիրալիր ընդունող թվով 10 աղջիկներից յուրաքանչյուրը պատմում է իր անելիքների ու ծրագրերի մասին. «Ես թարգմանչի մասնագիտությունն եմ ընտրել: Ես համալսարանում եմ սովորում: Գորգագործություն գիտեմ, լավ ասեղնագործում եմ նաեւ»: Այնուհետեւ աղջիկներից ամեն մեկը պատշաճ հյուրընկալություն ցուցաբերելու համար անցնում է գործի: Մեկը սուրճ է պատրաստում, մյուսը սեղանի սպասքեղենն է մեկիկ-մեկիկ դասավորում, իսկ մյուսներն էլ իրենց ձեռքով մշակած պարտեզից վարդեր են քաղում, փաթեթավորում, որ պատկերազարդ, ձեռքի աշխատանքով բացիկի հետ մեկտեղ՝ ծաղկեփունջ էլ նվիրեն: Ի դեպ, այստեղ ապրած յուրաքանչյուր շահառու իր ծառն ունի, որովհետեւ «Մեր տունը» ոտք դնող ցանկացած անձ նախ եւ առաջ իր ծառն է տնկում եւ ապրած չորս տարիների ընթացքում խնամում, հետեւում ու հոգ է տանում իր ծառի մասին:

Ծանր տարիներին ոմանք թրաֆիկինգի ենթարկվեցին

Տիգրանուհի Կարապետյանը, նախկինում լինելով Սպիտակ քաղաքի բնակիչ, հոգեբանորեն հասկանում է հարազատ մարդու կորստի ցավը, դրա համար էլ ծնողազուրկ երեխաների հետ աշխատելիս կարողնում է ընկալել նրանց հոգեվիճակը. «Երկրաշարժի ժամանակ ես ամեն ինչ կորցրել եմ: Հարազատներիս, մտերիմներիս, տուն-տեղ, ամեն ինչ… Սոսկալի ծանր տարի էր, սարսափելի ապրումներ էին: Երբ հիշում եմ… ԱՄՆ-ում բնակվող մի հրաշալի բարեգործ կին կա` Ջուլի Աշեկյան: Նրա հետ փորձեցինք ինչ-որ բան անել»: 1988թ. Տիգրանուհին ամուսնու եւ Ջ. Աշեկյանի հետ ստեղծել է ծնողազուրկ երեխաներին աջակցության «Քասփ» ծրագիրը, այնուհետեւ գրասենյակներ են հիմնել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերում, որոնք մինչ օրս գործում են: Դրան զուգահեռ` օգնության ձեռք են մեկնել Հայաստանի բոլոր մանկատներին: «Երբ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ինչ-որ չափով բարելավվեց` շարունակեցինք օգնել միայն Գավառի մանկատանը: Գիտե՞ք, ահավոր է, երբ երեխաների հետ կապվում ես, նրանց սիրում ու նրանց համար անհանգստանում ես ու հետո ստիպված ես հեռու լինել իրենցից: Տոնավաճառների վաճառականներն արդեն ինձ ճանաչում էին, որովհետեւ իմ ձեռքով գնումներ էի կատարում, հանձնում էի անձամբ երեխաներին: Հետո նրանք նամակներ էին գրում, խնդրում էին, որ ես փոխանցեմ իրենց հեռավոր ազգականներին, ծնողներին. հարազատ էինք դարձել: Ես ու ամուսինս շատ էինք տառապում: Ամեն օր նրանց հետ էինք, հարազատ երեխաների պես սիրում էինք, բայց գալիս էինք տուն ու մի տեսակ դատարկված էինք մեզ զգում»,- պատմում է Տիգրանուհին` ասելով, որ այդ տարիներին մանկատան երեխաները, հատկապես աղջիկները 18 տարին լրանալուց հետո մեծ դժվարությունների միջով էին անցնում: Մանկատների շահառուներից շատերի հետ կապը պահպանում էին, ովքեր մանկատնից դուրս գալուց հետ հայտնվում էին ծանր վիճակում: 1998թ. մեծ աղմուկ բարձրացավ մանկատան շրջանավարտ աղջիկներին թրաֆիկինգի ենթարկելու փաստի առիթով: Տիգրանուհին ասում է. «Այդ վատ տարիներին շատերը հայտնվեցին բարձիթողի վիճակում: Այդ լուրերը հասան մինչեւ անգամ Ամերիկա, եւ Ջ. Աշեկյանն ասաց` ես օգնություն չեմ անի, եթե էդ երեխեքը հասարակության համար վատ մարդիկ պիտի լինեն: Ես ու ամուսինս շատ էինք տանջվում: Ասում էի` ախր ո՞նց կլինի, երեխաների հետ էդքան աշխատում ենք, էդքան գործ ենք անում, բայց էն կարեւոր տարիքը, որ նրանք պիտի կյանք մտնեն` իրենց մենակ ենք թողնում: Մանկատնից հետո արդեն նրանց կողքին չենք, բայց ամենակարեւոր փուլը հենց դա է, երբ նրանք մեն-մենակ, առանց ոչնչի կյանք են մտնում»: 1998թ. Գավառի մանկատանը կից շենք գնելուց հետո «Քասփ» ընկերությունն այդ շենքը հանձնել է Մայր աթոռին, մանավանդ, որ Ջ. Աշեկյանը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արեւելյան թեմի տիկնանց միության անդամ է: Ներկայումս Գավառի մանկատանը կից այդ կառույցում բնակվում են մանկատան շրջանավարտ այն տղաները, ովքեր զինծառայությունն ավարտելուց հետո վերադարձել եւ անօթեւան լինելու պատճառով՝ հայտնվել են փողոցում: Այնուհետեւ չափահաս դարձած մանկատան սաների անորոշ ճակատագիրն ու ծնողազուրկ երեխաների հետ կապվածությունը Տիգրանուհուն ստիպել է ստեղծել մի կազմակերպություն, որը կզբաղվի չափահաս սաների կրթությամբ, դաստիարակությամբ եւ ընտանիք կազմելու հարցերով` հավատալով, որ այս ծրագիրը նաեւ կարող է նպաստել ՀՀ սոցիալական քաղաքականությանը: «Գաղափարը կար, բայց կյանքի կորչելու հետ կապված խնդիրները շատ էին: Մի կարեւոր պատմություն կա: Դավիթ անունով մանկատան մի տղա կա, որի հետ շատ կապված էինք: Մի օր ինձ զանգեց, թե՝ գնալու տեղ չունեմ, փողոցում եմ հայտնվել: Հիմա եկել եմ Էջմիածին, կթողնե՞ս քո տանը մնամ: Դա առիթ հանդիսացավ, որ ծրագիրն արագ կերպով կյանքի կոչենք, որովհետեւ Դավիթի նման դրսում հայտնված շատ երեխաներ կային: Նրանք առանձին-առանձին ճակատագրեր են, մարդկային կյանքեր, որոնք օգնության, ձեռք մեկնելու կարիք ունեն»: 2005թ. գրանցել են «Մեր տունը» սոցիալական հ/կ-ն, իսկ 2006թ. ամերիկահայ բարերարների հովանավորությամբ Վաղարշապատում ձեռք են բերել մի սեփական տուն` հետագայում այն վերակառուցելով եւ նորոգելով աղջիկների կյանքին եւ կրթական ծրագրերին համապատասխան: 18 տարեկանից սկսած մանկատան սանը կարող է տեղափոխվել «Մեր տունը» չորս տարվա պայմանագրով, քանի որ նրանք բնակարանի շահառուներ են, եւ պետությունը հետագայում պետք է նրանց առանձին բնակարաններ հատկացնի. «Բայց շատերի բնակարանի հարցը չի լուծվել, օրինակ` հիմա մեր Լիլիթին ո՞նց հանեմ: 4 տարին լրացել է, բայց ո՞ւր գնա: 4 տարի պահեմ, հետո ուղարկեմ փողո՞ց, չեմ կարող: Հիմա նրա համար աշխատանք ենք գտել»: Այլ կերպ ասած` կազմակերպությունը միջանկյալ օղակ է մանկատնից դեպի կյանք շրջանավարտների տեղափոխվելու համար: «Մեր տան» հիմնադրման օրվանից սկսած կազմակերպության խնամքի ներքո մանկատան 16 աղջիկներից 8-ը բուհերի ուսանողներ են. «Մանկատան շրջանավարտին ընտրելիս մենք հաշվի ենք առնում նրա ձգտումն ուսման հարցում: Բավականին երկար աշխատանք ենք տանում` հասկանալու համար, թե արդյո՞ք նա ցանկանում է կրթություն ստանալ, լավ քաղաքացի լինել, մասնագիտություն ընտրել եւ այլն: Մոտ 10 օր միայն նրան հասկանալու համար, այսպես ասած, պրոֆիլակտիկ փուլ ենք անցկացնում»: «Մեր տան» բնակիչ դառնալու վերաբերյալ երկկողմանի պայմանագիր է կնքվում, որտեղ մանրամասն զետեղված են խնամարկուի եւ խնամարկյալի իրավունքներն ու պարտականությունները: Ընդ որում` խնամարկուն, համաձայն պայմանագրի` պարտավոր է ապահովել բժշկական օգնություն, ապահովել հագուստով, սննդով, կրթությամբ, անհրաժեշտ կահույքով, կենցաղային բոլոր անհրաժեշտություններով եւ այլն: Իսկ խնամարկյալը պարտավոր է ենթարկվել ներքին կանոնակարգին, պահպանել անվտանգության ապահովման պահանջները, բարեխղճորեն վերաբերվել գույքի եւ հագուստների նկատմամբ, ինչպես նաեւ՝ մարդկանց եւ սեփական անձի կյանքին ու առողջությանը: Կարեւոր է նաեւ, որ խնամարկյալն իրավունք ունի տեսակցել ծնողների կամ հարազատների հետ, կատարել մասնագիտական ազատ ընտրություն, եւ այլն: Տիգրանուհին նաեւ աշխատանք է տանում շահառուների ծնողներին գտնելու հարցում. «Եթե նա խնդրում է, ասում է` ի՞նչ կլինի, գտի ծնողներիս` ես փորձում եմ դա անել: Մի աղջիկ ունեմ` մոր լուսանկարը մշտապես մոտն է: Ցույց է տալիս, էնքան էլ սիրուն աչքերով մարդ է: Ասում եմ` ինչո՞ւ ես պահում էդ նկարը: Ասում է` չգիտեմ, ախր կարոտում եմ, կարոտում եմ մորս նկարը: Ամբողջ օրս երեխաներին նվիրելով, միեւնույն է` չեմ հասկանում այն ծնողներին, ովքեր լքել են իրենց երեխաներին: Դա դաժան արարք է»: Դեպքեր են եղել, որ ծնողների հետ ծանոթությունից հետո մանկատան չափահաս դարձած սանը չի ցանկացել վերադառնալ ընտանիք: Ծնողների կողմից լքված այս աղջիկներն ամուսնությունից հետո, որպես կանոն, ամեն ինչ անում են լավ կին եւ լավ մայր դառնալու համար` չցանկանալով կրկնել իրենց ծնողների թույլ տված սխալները: «Մեր տուն» յուրաքանչյուր ուրբաթ օր այցելում է որեւէ երգիչ կամ երգչուհի, դերասաններ, հասարակական գործիչներ, այլ կերպ ասած` հասարակության հեղինակությունը վայելող անձ. «Բոլորն էնքան պատրաստակամ են այս երեխաների համար ինչ-որ բան անելու հարցում: Որեւէ մեկի կողմից մերժում չեմ ստացել: Ամեն ուրբաթ հայտնի հյուր ենք ունենում: Երկար զրուցում ենք երեխաների հետ: Ամեն մեկն իր կյանքի պատմությունն է պատմում: Այդպիսով երեխաները հասկանում են, որ յուրաքանչյուր մարդ իր ճակատագրով դժվարություն ունի: Շատ ծանր ու հուզիչ պատմություններ են լսել: Հասկացել են, որ միայն իրենք չէ, որ կյանքում դժբախտություն են ունեցել: Իրենք կարծում են, որ կյանքում ամենամեծ կորուստն իրենք են ունեցել` մեծանալով որբ ու առանց հարազատների: Բայց երբ լսում են ուրիշների ցավոտ պատմությունները…»: Երկհարկանի տանը շրջելիս աղջիկները ներկայացնում են այն նվիրատվությունները, որոնք արել են Հայաստանի հեղինակավոր մարդիկ: Մշտապես հաճախում են կինոթատրոններ, թատրոններ. «Եթե պրեմիերա է լինում` մենք առաջինն ենք տեսնում»,- ասում են նրանք: Ի դեպ, Տիգրանուհին ասում է, որ աղջիկներին թույլ չի տալիս ժամը 18:00-ից հետո դուրս գալ. «Որովհետեւ կարծրատիպ կա, որ եթե մանկատանը մեծացած աղջիկ է, ուրեմն` կարելի է անվայել վերաբերվել: Երեկոյան տանից դուրս գալու թույլտվությունը պետք է լինի պատճառաբանված: «Մեր տունը» բավականին ջերմ ընտանիք է, որտեղ բոլորն իրար հասկանում եւ աջակցում են: Համեստն արդեն ամուսին, ընտանիք, երեխա ունի, բայց ամեն օր այցելում է «Մեր տուն»: Տիգրանուհին ասում է` «Շատ լավ ամուսին ու սկեսուր ունի: Սկեսրոջ հետ հարաբերությունների մեջ կարծես մայր ու աղջիկ լինեն»:

Մայր Աթոռը «Մեր տան» շենքն է ուզում

2009թ. Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը որոշել է, որ «Մեր տան» շենքը, որի սեփականության վկայականը պատկանում է «Մեր տունը» հ/կ-ին, պետք է պատկանի Մայր Աթոռին: Հետեւաբար, Արմավիրի դատարանը «Մեր տունը» հ/կ-ի դեմ ներկայացրած Մայր Աթոռի հայցը բավարարել է: Վերաքննիչ դատարանը նույնպես հօգուտ Մայր Աթոռի վճիռ է կայացրել: Ներկայումս գործը Վճռաբեկ դատարանում է, որի իրավական փաստարկները եւ անարդար դատավարության մանրամասները կներկայացնենք մեր հաջորդ համարում: Օգոստոս ամսին «Մեր տունը» հ/կ-ի նախագահ Տ. Կարապետյանը եւ շահառուները նամակ են գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որն այդպես էլ անպատասխան է մնացել: Մեջբերում ենք նախագահին հասցեագրված «Մեր տանն» ապրող աղջիկների խոսքերից մի հատված. «Մեր տունը» մեր գտած հայկական, ավանդական ընտանիքն է: Այսօր վերջապես գտել ենք մեր կորցրածը` ընտանիք, սեր: Մենք հավատում ենք, որ վաղվա օրը մերն է, եւ մեզ այստեղ դաստիարակում են գնահատել մեր արժեքները, անցյալը եւ ներկան: Խնդրում եւ աղաչում ենք Ձեզ լինել արդարացի եւ «Մեր տունը» թողնել մեզ: Եթե չլինի «Մեր տունը», ո՞ւր ենք գնալու, ի՞նչ ճակատագիր ենք ունենալու: Երկար տարիներ ապրելով Գավառի մանկատանը՝ բավականին երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք տիկին Կարապետյանին, նա մեր մեծ մայրիկն է եւ նա միակ մարդն է, ով իսկապես հետաքրքրված է մեր ճակատագրով: Խնդրում եւ աղաչում ենք «Մեր տունը» թողնել մեզ»: