Ամերիկայի հայկական խորհրդի Քաղաքական գործողության կոմիտեն հայտարարել է նոյեմբերին անցկացվելիք ընտրություններում սենատոր Բարբարա Բոքսերին սատարելու մասին: Ամերիկահայ կազմակերպության հաղորդագրության համաձայն` Սենատում Բարբարա Բոքսերի զբաղեցրած տեղի համար նրա հետ պայքարի մեջ է մտել հանրապետական գործարար կին Քարլի Ֆիորինան: Ամերիկայի հայկական խորհուրդն ընդգծում է Բոքսերի սերտ կապերը ամերիկահայ համայնքի հետ եւ նրա հայանպաստ գործունեությունը Սենատում: Կալիֆոռնիան ներկայացնող սենատորն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման աջակիցներից է եւ համապատասխան օրինագծերի համահեղինակներից, բազմիցս բարձրացրել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման հարցը: Բոքսերը, ինչպես եւ հայամետ մեկ այլ սենատոր` Ռոբերտ Մենենդեսը, վերջերս Սենատում արգելափակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը` դիվանագետին քննադատելով, մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապերի համար: