Նոր կուսակցություն

16/10/2010

Երեկ «Մետրոպոլ» հյուրանոցում կայացել է Հայաստանի Երիտասարդական Կուսակցության «Հայ աղջիկների միության» համաժողովը, որին, ինչպես երեկ տարածած հաղորդագրության մեջ նշել է ՀԵԿ-ը, մասնակցել են հարյուրից ավելի ներկայացուցիչներ Հայաստանի բոլոր մարզերից: «Քաղաքացիական հասարակության կայացման գործում հայ աղջիկները ակնկալում են իրենց հավասարաչափ մասնակցությունը Հայաստանի իշխանության երեք թեւերում եւ հասարակական-քաղաքական կյանքում, ինչպես նաեւ պայքարելու են հասարակության ներսում արատավոր երեւույթների դեմ, ինչպիսիք են կանանց շահագործումը, կանանց իրավունքների ոտնահարումը, սոցիալական արդարության բացակայությունը, սեփական երկրի հանդեպ գալիք ապագայի իմաստավորման կորուստը եւ երիտասարդ ընտանիքների նկատմամբ ոչ լիարժեք պետական հոգածությունը: «Հայ աղջիկների միությունը» կոչ է անում ՀՀ բոլոր կանանց միություններին եւ հ/կ-ներին միավորվել իր շուրջ եւ ստեղծել նոր շարժում»,- նշված է ՀԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Անշուշտ, շատ ազնիվ ու գեղեցիկ նախաձեռնություն է, սակայն «Հայ աղջիկների միություն» անվանումով միավոր ստեղծելու գաղափարը առնվազն մի քանի տարակուսելի հարցեր է առաջացնում: Նախ, հետաքրքիր է` ինչպե՞ս է տեղի ունենալու այդ միությանն անդամագրվելու գործընթացը, ինչպե՞ս է կարգավորվելու այդ միությունում անդամությունը սառեցնելու կամ կախակայելու ընթացակարգը: Բացի այդ, ինչպե՞ս է ՀԵԿ-ը` որպես այդ միության նախաձեռնող, որոշակի պարբերականությամբ, ասենք՝ ամիսը կամ կիսամյակը մեկ անգամ հաշվետվություն հրապարակելու կուսակցության անդամների թվի «շարժի» մասին: Գուցե համապատասխան տեղեկանքներ ներկայացնելով Քաղաքացիական կացության ակտերի գրացման մարմինների՞ց: