Պատվիրակության անդամները դիտարկել են Երեւանի մի շարք համայնքների, Արմավիրի, Լոռվա ու Տաուշի մարզերի մի քանի գյուղերի ու քաղաքների ընտրությունները: Երեկ իրենց դիտարկումների արդյունքների մասին տեղեկացնելու նպատակով՝ պատվիրակության անդամներն ասուլիս էին հրավիրել: Դիտորդների կարծիքով՝ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն «ընդհանուր առմամբ անցան Եվրոպայի խորհրդի ընտրական չափանիշների սահմաններում»: «Ընտրական գործընթացն ընդհանուր առմամբ բավարար մակարդակի վրա էր»,- իր տպավորությունները փոխանցեց պատվիրակության ղեկավար, Իռլանդիայի ներկայացուցիչ Շոն Օ’Բրայանը: Վերջինս իրենց դիտորդական առաքելությանն աջակցելու համար շնորհակալություն հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին, ԿԸՀ-ին եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Շեշտելով, որ 2002թ. ՏԻՄ ընտրությունների համեմատ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման գործընթացն էապես բարելավվել է, պատվիրակության ղեկավարը դա պայմանավորեց ընտրական հանձնաժողովների անդամների շրջանում վերապատրաստման դասընթացների անցկացմամբ: Այնուամենայնիվ, դիտորդների հավաստմամբ, հնարավոր չի եղել խուսափել «մանր» խախտումներից: ՏԻՄ ընտրությունների թերությունների շարքում դիտորդները հարկ համարեցին նշել, որ թեեւ ընդհանուր առմամբ ընտրություններն անցնում էին մրցակցության պայմաններում, սակայն որոշ համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարել է միայն մեկ թեկնածու: Դիտորդները չէին լսել Նոր Հաճընում տեղի ունեցած հայտնի դեպքի մասին, եւ հրաժարվեցին որեւէ կերպ մեկնաբանել այն: Իսկ Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների շուրջ տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների մասին դիտորդները լսել էին, սակայն, ինչպես նշեց նրանցից մեկը, «մենք չենք կարող հաստատել դրանք, քանի որ մեր առաքելությունն այն է, որ մենք խոսենք այն բաների մասին, որոնք տեսել ենք»: Ինչեւէ, արձանագրելով, որ ՏԻՄ ընտրություններն անցել են Եվրոպայի խորհրդի չափանիշների սահմաններում, լրագրողների բազմաթիվ հարցերին պատասխանելիս՝ տպավորություն էր ստացվում, թե դիտորդները մի տեսակ փորձում էին արդարացնել իրենց այդ գնահատականը՝ շեշտելով, որ իրենք մեր երկրում կարճաժամկետ դիտորդական առաքելություն են իրականացնում: «Իսկ Վանաձորում շատ լուրջ մրցակցություն էր: Եվ, ինչպես եւ իմ երկրում, երբ ուժերը գրեթե հավասար են, նման տարօրինակ ասեկոսեներ են տարածվում»,- եզրափակեց Լլոյդ-Ուիլյամսը: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք դիտորդներն ընտրակաշառք են համարում այն, որ թեկնածուներից ոմանք նախընտրական շրջանում համայնքի տարածքում ասֆալտապատում են իրականացնում կամ վերանորոգում են շենքերի վերելակները, պատվիրակության ղեկավար Շոն Օ’Բրայանը պատասխանեց. «Եթե ընտրողները դիմեն ինձ՝ այդ հարցերը լուծելու նպատակով, ես կփորձեմ օգնել, եւ, եթե դա ինձ հաջողվի, առանց ամաչելու կասեմ, որ ես եմ դա արել: Եվ եթե մարդիկ էլ դրա դիմաց ինձ ձայն կտան, ես շատ ուրախ կլինեմ»: Իսկ եթե, ի տարբերություն ՏԻՄ ընտրությունների, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չանցնի եվրոպական չափանիշների սահմաններում, ի՞նչ հնարավոր պատժամիջոցներ են եվրոպացիները կիրառելու մեր երկրի նկատմամբ: «Գիտե՞ք, պատժամիջոցների հարց չի էլ ծագում, որովհետեւ պատիժներ չունենք էլ, որ կիրառենք»,- տեղեկացրեց պատվիրակության ղեկավարը եւ հավելեց, որ իրավիճակը շեշտակիորեն բարելավվում է: