Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որտեղ կոչ են անում Ավստրիայի իշխանություններին՝ վերջ տալ երեխաների ձերբակալություններին եւ դադարեցնել լավ ինտեգրված ու ապաստանի հարցում մերժում ստացած ընտանիքների արտաքսումը երկրից: Հայտարարությունը ստորագրել է նաեւ «Amnesty International» հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը:
Հայտարարության հեղինակները գտնում են, որ Ավստրիան պետք է ավելի լավ պաշտպանի ոչ ավստրիացի փոքրամասնությունների իրավունքները եւ ավելի մեղմ լինի` մարդասիրական հիմքի վրա թույլ տալով երկրում մնալ ապաստան հայցող երիտասարդներին ու նրանց ծնողներին: Օրեր առաջ Ավստրիայում ձերբակալվել եւ հայրենի Կոսովո են արտաքսվել 8-ամյա երկվորյակները եւ նրանց հայրը: Երկրում մնացել է ընտանիքի մայրը, ով հոգեբուժական օգնություն է ստանում: Ընտանիքը Ավստրիայում էր 2004 թվականից: Բացի այդ, նշվում է նաեւ 14-ամյա հայ աղջկա մասին, ով անհետացել է չորեքշաբթի օրը` մինչ ոստիկանությունը նրան դպրոցից կվերցներ եւ կվտարեր երկրից: Աղջկա մայրը, ով սպառնում է ինքնասպան լինել, հսկողության տակ է: