Բուժիչ նամակներ

16/10/2010

Պղպեղ

Պղպեղը Ամերիկայից Եվրոպա է բերել Քրիստափոր Կոլումբոսը։ Մեքսիկայի տարածքում ապրող ացտեկները եւս ժամանակին սննդի մեջ ծեծած պղպեղ էին ավելացնում։

Հայրենիքում՝ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, նաեւ Ֆլորիդայում (ԱՄՆ) պղպեղը աճում է որպես վայրի բույս։ Դրանք բազմամյա ոչ խոշոր թփեր են` կարմիր, նարնջագույն, դեղին գույներով եւ արտաքին տեսքով միմյանցից տարբեր։ Մենք, սակայն, գիտենք, որ պղպեղը միամյա խոտաբույս է։ Այն պատկանում է մորմազգիների ընտանիքին (պտուղները խոշոր եւ գունավոր են)։ Պղպեղի մեջ որքան շատ է կապսացինի պարունակությունը, այնքան կծու է պղպեղը։ Կապսացինը հակաբորբոքային նյութ է, որը կանխում է քաղցկեղածին բջիջների առաջացումը, պայքարում է ստամոքսի եւ տասներկումատնյա աղիի խոց առաջացնող մանրէների դեմ, օգտակար է բրոնխիտի դեպքում: Սակայն կապսացինի չարաշահումը նաեւ կարող է գրգռել եւ աղեստամոքսային տրակտի խանգարումներ առաջացնել:

Բանջարեղենի պղպեղները, որոնց նաեւ անվանում են բուլղարական (չնայած որեւէ կապ չկա այդ երկրի հետ), բավական տարածված են եւ վիտամիններով շատ հարուստ` B1, B2, PP եւ այլն։ Հատկապես կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունը ամենաշատն է։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում։ Դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղները հարուստ են բետտա-կարոտինով, որը նախապահպանում է սրտային հիվանդություններից եւ քաղցկեղի որոշ տեսակներից։ Բացի այդ, կարմիր պղպեղը մյուսների համեմատ ավելի քաղցր է եւ զգալի քանակությամբ պրովիտամին A է պարունակում։
Սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում քաղցր պղպեղն անհրաժեշտ է պարտադիր ընդգրկել ամենօրյա սննդակարգում։ Հենց այս բանջարեղենն է, որ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ոչ միայն ամրացնում են մազանոթների պատերը, այլեւ բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու ճկունությունը։ Քաղցր պղպեղը հատկապես օգտակար եւ կարեւոր է արյան շրջանառության խախտման դեպքում, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի նախնական փուլում, բացի այդ, օրգանիզմից հեռացնում է խարամներն ու թունավոր նյութերը։

Քաղցր պղպեղը հարուստ է վիտամիններով՝ ռուտինով (P), որը հեղուկացնում է արյունը եւ ամրացնում արյունատար անոթների պատերը. այդ իսկ պատճառով շատ օգտակար է տրոմբոֆլեբիտի եւ երակի վարիկոզ լայնացման դեպքում։ Բացի այդ, պղպեղը նաեւ կարոտին, կալիում, կալցիում, մագնիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ, կրեմնիում է պարունակում, նույնիսկ` արծաթ եւ պղինձ, որոնք ոչ միայն նպաստում են օրգանիզմի ամրապնդմանը, այլեւ անփոխարինելի բուժիչ միջոցներ են համարվում սակավարյունության, անքնության, հոգնածության, շաքարային դիաբետի, մաշկային եւ տեսողական խնդիրների դեպքում: Դանդաղեցնում է ծերացման ընթացքը։ Օգտակար է թե՛ մեծերին, եւ թե՛ փոքրերին։ Պղպեղը համեղ եւ օգտակար է բոլոր ձեւերով՝ հում, տապակած, խորոված, շոգեխաշած։ Ներկայացնենք քաղցր պղպեղով մի աղցան. կարմիր եւ դեղին պղպեղները երկարությամբ կամ զոլակներով կտրատել եւ տապակել մի քանի ատամիկ սխտորի հետ՝ ձիթապտղի յուղի մեջ, մինչեւ փափկելը։ Ավելացնել քացախ, 2 ճաշի գդալ ռեհան (կտրատած)։ Մատուցել կարելի է եւ՛ տաք, եւ սառը վիճակում։

Հատկապես կծու պղպեղը նաեւ հակացուցումներ ունի. այն մեծ քանակությամբ խորհուրդ չի տրվում գաստրիտի, բարձր թթվայնության, քրոնիկ փորկապության, ենթաստամոքսային գեղձի բորբոքման (պանկրեատիտ), ստամոքսի խոցի եւ 12-մատնյա աղիի բորբոքման սրացման դեպքում եւ անհատական անընկալունակության ժամանակ։

Մետեորիզմի դեմ

Հյութաքամիչով քամել 500 մլ թարմ քաղցր պղպեղի հյութն ու անոթի վիճակում օրը 2 անգամ խմել 250 մլ չափով։ 2 ժամ ընդմիջում տալ։ Ընդունել մինչեւ ինքնազգացողության լիարժեք լավանալը։ Այս նույն միջոցն օգնում է նաեւ հեռացնել ստամոքսային ծակծկոցներն ու ջղակծկումները։

Բարեկազմության համար

Քերիչով անցկացնել բուլղարական պղպեղը (ցանկացած գույնի), դդմիկը, գլուխ սոխը եւ լոլիկը։ Բոլորը առանց յուղի շոգեխաշել։ Վերջում որքան հնարավոր է շատ խառը կանաչեղեն ավելացնել։

Ջուլիետա Սահակյան