Կառուցողական համագործակցություն

14/10/2010

«Մուսավաթ» կուսակցությունը դրական է գնահատում Հայաստանի Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) եւ Վրաստանի հանրապետական կուսակցությունների հետ հոկտեմբերի 8-ին գերմանական Պոտսդամ քաղաքում ստորագրած հռչակագիրը»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության գործադիր քարտուղար Արիֆ Հաջիլին: «Մուսավաթ» կուսակցությունը Կովկասի ամենահին քաղաքական կուսակցությունն է եւ գիտի` ինչպես, որտեղ եւ ինչ փաստաթղթի տակ դնի իր ստորագրությունը,- ասել է Հաջիլին` ավելացնելով,- Մենք դրական ենք գնահատում համագործակցության մասին հռչակագրի ստորագրումը Հարավային Կովկասի կուսակցությունների հետ: Առավել եւս, որ այդ համաձայնության մեջ բոլոր երեք կուսակցությունները իրենց առջեւ նպատակ են դնում ինտեգրումը եվրոպական հանրությանը, տարածաշրջանում խաղաղության եւ ժողովրդավարության հաստատումը»: Նշելով, որ հենց Հայոց համազգային շարժման կառավարման օրոք են «օկուպացվել Ադրբեջանի տարածքները», նա հավելել է, թե «Մուսավաթը» ամեն ինչ հիշում է, բայց ՀՀՇ-ն այժմ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերից առավել կառուցողական դիրքորոշումն ունի Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: «Մենք համարում ենք, որ տարածաշրջանում ժողովրդավարության, խաղաղության եւ բարգավաճման հաստատումը կարող է մոտեցնել երկրներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- ասել է Հաջիլին։