Մեծն Գարրի Կասպարովից հարցազրույց վերցնելը բարդ գործ է: Ամենակարեւոր խնդիրը ժամանակն է, ինչը շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնին չի բավականացնում: Նրա հետ զրուցել հաջողվեց միայն երրորդ փորձից հետո. առաջին երկու փորձերը ձախողվեցին Ռուսաստանի քաղաքական ամենագլխավոր ընդդիմադիրներից մեկի` ինչ-որ ակցիաների մասնակցության պատճառով:
Եվ այսպես, «168 Ժամի» հյուրն է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: Ինչպես շախմատային տախտակի առջեւ` նա իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը.
– Ասում եք` ի՞նչ թերթ է:
– Երեւանյան «168 Ժամ» թերթն է, անունը` շաբաթվա ժամերի թվից է: Թերթը լիբերալ է, եռալեզու կայքով:
– Ինչի՞ մասին ենք զրուցելու:
– Օրինակ` շախմատի տախտակի առջեւ Ձեր հնարավոր վերադարձի մասին:
– Ոչ, այդպիսի պլաններ չունեմ:
– Ի՞նչ տեղի ունեցավ Խանտի Մանսիյսկ քաղաքում` ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունների ժամանակ: Ինչպե՞ս եղավ, որ շախմատային երկու հսկաները` Կարպով-Կասպարովը, մի թիմի մեջ միավորվելով (ինչը նույնիսկ դժվար էր պատկերացնել)՝ այնուամենայնիվ տանուլ տվեցին ֆունկցիոներ Կիրսան Իլյումժինովին:
– Այն, որ տանուլ տվեցինք, առանձնապես սենսացիա չէր: Ի վերջո մենք նրա հետ շախմատ խաղալու չէինք նստել: Ընտրությունները քաղաքական գոտեմարտ են: Հենց այդ մարտը մենք տանուլ տվեցինք: Ավելի ճիշտ` Իլյումժինովը հաղթեց: Հաղթեց` օգտագործելով հսկայական ադմինիստրատիվ ռեսուրսը, հոգեբանական լուրջ ճնշումներ գործադրելով ՖԻԴԵ-ի այն անդամների վրա, որոնք շախմատային աշխարհում առանձնապես լուրջ ֆիգուրներ չեն: Նրան բացահայտ եւ հզոր աջակցություն էր ցուցաբերում Կրեմլը: Այն, ինչ արեց ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը, պարզապես որեւէ սահմանի մեջ չի տեղավորվում: Իլյումժինովին աջակցելու համար եկել էր Կալմիկիայի ղեկավարի պաշտոնում նրա փոխանորդ Ալեքսեյ Օռլովը… Իլյումժինովի տրամադրության տակ հսկայական գումարներ կային, ամենաբարձր մակարդակով հզոր աջակցություն, դրան գումարած` խայտառակությունը, գումարած` ընտրական բոլոր կանոնների խախտումները… Դա քվեարկություն չէր, այլ քաղաքական «մատնոց» խաղալ էր: Մենք ուզում էինք կանոններով խաղալ, սակայն խարդախների պես «ֆռռացրեցին»:
Բավական է միայն ասել, որ 56 երկիր իրենց քվեարկելու իրավունքը ընթացակարգային կոպտագույն խախտումներով վերավստահել էին ՖԻԴԵ-ի մյուս անդամներին: Մեզ ու մյուս պատվիրակների վրա ճնշում էր գործադրվում բոլոր ճակատներում: Նույնիսկ տարրական մամուլի ասուլիս թույլ չտվեցին անցկացնել:
Անատոլի Կարպովին չհաջողվեց ստանալ նույնիսկ այն երկրների աջակցությունը, որտեղ նա ֆանտաստիկ ժողովրդականություն է վայելում: Այդուհանդերձ՝ չեմ կարող չասել նաեւ, որ այդ անհաջողության մեջ մեր մեղքի բաժինն էլ կար. ինչ-որ տեղ մեր թիմը սխալ որոշում էր ընդունել, ինչ-որ տեղ` սխալվել էր կադրերի ընտրության հարցում, որոշակիորեն ուշ սկսեցինք մրցապայքարը, իսկ հետո արդեն գործում էինք մշտական դաժան ցեյտնոտի պայմաններում: Իրավիճակը դեռ ուսումնասիրվում է, տեղի ունեցածի շուրջ վերլուծությունը ավարտված չէ: Երբ ավարտենք, վերջնականապես պարզ կդառնա, թե որքան լուրջ էր մեր դեմ եւ հօգուտ Իլյումժինովի խաղում ադմինիստրատիվ ռեսուրսը, թե հանուն ձայներ փախցնելու որքան լուրջ էր ՖԻԴԵ-ի անդամների վրա ճնշումը… Գիտե՞ք, Խանտի Մանսիյսկն էլ, թերեւս, պատահաբար չէր ընտրվել: Դրսից եկածների համար ի՞նչ է Ռուսաստանը: Կարծրատիպ` հսկայական, ցուրտ, տոտալիտար երկիր: Իսկ ընտրություններն անցկացվում էին Սիբիրում: Հոգեբանորեն անհարմարավետ է:
– Ըստ Ձեզ` ի՞նչ ուղղությամբ կզարգանա սցենարը Իլյումժինովի` ՖԻԴԵ-ի նախագահ ընտրվելուց հետո: Ի՞նչ կարելի է սպասել:
– Ոչ մի լավ բան: Անատոլի Կարպովը շախմատի զարգացման լուրջ, բազմաշերտ ծրագիր ուներ: Դա միակ ծրագիրն էր: Իլյումժինովի ծրագրի մասին, ընդհանուր առմամբ, ասելու բան չկա: Որպես այդպիսին` այն պարզապես գոյություն չուներ: Ազգային շախմատային ֆեդերացիաներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին խոստումներ կային: Այլ թեմա է, թե նա ինչպես է նման կարգի խոստումները կատարում: Կարելի է միայն արձանագրել, որ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում գտնվելու ողջ ընթացքում նա այդպես էլ չկարողացավ լուծել ամենակարեւոր հարցերից մեկը` շախմատի համար կորպորատիվ հովանավոր այդպես էլ չգտնվեց: Ինքներդ նայեք քարտեզին, թե վերջին տարիներին հիմնականում որտե՞ղ են անցկացվում շախմատային մրցումները: Դա մերձկասպյան-կովկասյան տարածաշրջանն է: Առանձնակի հարկ չկա բացատրելու այնտեղի ֆինանսական միջոցների ծագումը. դրանք բյուջետային, ածխաջրածնային, «տարօրինակ» միջոցներ են: Եվ վերջ: Լուրջ մրցաշարերը մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել: Կարծում եմ` սկզբում Իլյումժինովը կկատարի իր տված խոստումները, եւ ազգային ֆեդերացիաները ինչ-որ փշրանքներ կստանան: Սակայն դա ոչինչ չի տա շախմատի զարգացմանը: Չեմ կարծում, թե այս անգամ նրան կհաջողվի լուծել շախմատի համար կորպորատիվ հովանավոր գտնելու խնդիրը: Ո՞վ կցանկանա նրա հետ գործ ունենալ: Նա այնպիսի համբավ ունի, որ ամեն մեկը չէ, որ նրա ձեռքն անգամ կսեղմի: Ավելի լավ կլիներ, եթե Իլյումժինովը շարունակեր եւ զարգացներ այլմոլորակայինների հետ իր հանրահայտ շփումները… ՖԻԴԵ-ի անդամների շարքերում աստիճանաբար նրա դեմ կսկսի դժգոհություն հասունանալ: Մոտավորապես ահա այսպես կզարգանան իրադարձությունները:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում շախմատային աշխարհում իրավիճակն ընդհանրապես: Կողքից` սիրողական հայացքով նայելիս թվում է, թե այն «մանրացել է»: Չկան Կասպարովի, Կարպովի, Ֆիշերի նման հսկաներ, էլ չենք խոսում ավելի հների մասին, որոնք վաղուց լեգենդ են դարձել:
– Ո՛չ, ինչո՞ւ չկան: Շատ ուժեղ շախմատիստներ կան… Եվ Կրամնիկը, եւ Անանդը, դեռ շատ երիտասարդ Մագնուս Կարլսենը, եւ ուրիշները: Միգուցե նախկին հսկաների նման արդեն չկան, սակայն խնդիրը միայն շախմատի մեջ չէ: Բազմաթիվ պատճառներ կան: Դա նաեւ գլոբալիզացիան է, մի տեսակ ունիֆիկացիան, ընդհանուր համահարթեցումը: Զանգվածային նոր հետաքրքրություններ են ի հայտ եկել, նոր ճաշակներ: Նման իրավիճակ է բոլոր ոլորտներում, ոչ միայն շախմատում: Սակայն շախմատում՝ ի թիվս նշված պատճառների, այդ իրավիճակն ավելի սուր կարող է ընկալվել, քան, ասենք, ֆուտբոլում, որտեղ այսօր Պելեի կամ Մարադոնայի բացակայությունը աղետալի կամ ճակատագրական չի կարող թվալ:
– Կարելի՞ է ասել, որ շախմատը` որպես արվեստ կամ սպորտ, իր զարգացման փակուղին է մտել:
– Չէ, ինչո՞ւ: Միայն ինտերնետում ամեն օր շախմատային միլիոնավոր պարտիաներ են խաղացվում: Այդքան շատ երբեք չի խաղացվել: Միայն պատկերացրեք խաղացողների նման քանակությունը… դա խոսում է խաղի զարգացման մասին: Այն նույնքան բուռն չէ, որքան առաջ էր: Մենք դժվար թե ինչ-որ սուպեր-էֆեկտիվ նորույթներ տեսնենք: Սակայն շախմատն առաջ է ընթանում: Եվ միշտ առաջ է ընթանալու, քանի դեռ խաղացողներ կան:
– Դե, եթե շախմատը լճացում չի ապրում, ուրեմն արժե՞ սպասել ինչ-որ հեղափոխական փոփոխությունների, ինչպես արեց Ֆիշերը` առաջարկելով ֆիգուրները շախմատային տախտակի վրա դասավորել վիճակահանությամբ:
– Ճիշտն ասած` վիճակահանությամբ ֆիգուրները տախտակի վրա դասավորելու գաղափարն առաջին անգամ առաջարկել է Դավիդ Բրոնշտեյնը, պարզապես Ֆիշերն այդ գաղափարն ավելի գրավիչ փաթեթավորմամբ մատուցեց: Եվ հետո, ուզում եմ պարզաբանել. խոսքն այն մասին չէ, որ ֆիգուրները տախտակին «մշտական գրանցում» են ստանում: Բրոնշտեյն-Ֆիշերյան գաղափարը (այդպես անվանենք) թույլատրում է շախմատային ֆիգուրների սկզբնական դիրքի նվազագույն, սահմանափակ տեղաշարժ: Ստանդարտի համեմատությամբ փոփոխություններն աննշան են: Թերեւս կարելի է վիճակահանություն անցկացնել, ստանալ որոշակի նախնական դասավորվածություն եւ որոշ ժամանակ, ասենք` մեկ տարի խաղալ այդ դասավորությամբ: Կարելի է փորձել:
– Կասպարովի նման մեծությանը ի՞նչ է հարկավոր քաղաքականության նման անշնորհակալ ոլորտում:
– Ինչպե՞ս թե` ի՞նչ: Ինձ համար միեւնույն չէ, թե ինչ է կատարվում իմ երկրում: Ես սիրում եմ իմ երկիրը եւ չեմ կարող անտարբեր լինել նրա ճակատագրի, նրա ապագայի հանդեպ: Այսօրվա իրավիճակը հավերժ չէ: Չի կարելի միայն օգտագործել ածխաջրածնային հումքը եւ դրա վրա պատրանքային հզոր պետություն կառուցել: Այսօրվա Ռուսաստանը իրականում տնտեսապես հետամնաց երկիր է, որը չի բավարարում նոր իրականության պահանջներին, պատրաստ չէ նոր մարտահրավերներին: Ես ու իմ նման շատ մարդիկ չենք ուզում ապրել այդպիսի Ռուսաստանում, այլ ուզում ենք ապրել ժամանակակից, ժողովրդավարական, տնտեսապես զարգացած, իսկապես հզոր պետության մեջ` իր հնարավորություններին եւ պատմական ներուժին համապատասխան: Եվ մեր հասարակությունը կհասունանա, կարթնանա, կտեսնի ու կգիտակցի պետականության ողջ ցինիզմը, որով շրջապատել են նրան: Ներկա իրավիճակը չի կարող եւ չի շարունակվելու անվերջ: Ինչպես եւ մնացած ամեն ինչ:
– Եվ վերջում մի հարց՝ ընթերցողի կողմից: Ի՞նչն է Ձեզ կապում Հայաստանի հետ, եւ կա՞ արդյոք այդ կապը:
– Լավ հարց է… Իսկ դուք կտպագրե՞ք այն, ինչ կասեմ:
– Մինչ օրս գրաքննության նախադեպ չի եղել:
– Դե, որ այդպես է, այլաբանորեն ասեմ: Մոտ մեկ տարի առաջ ես Թբիլիսիում էի` Զուրաբ Ազմայփարաշվիլու 50-ամյակին: Նա իմ հին ընկերն է, միասին ենք խաղացել, հետո նա իմ մարզիչների թիմի կազմում էր, երբ Կարպովի հետ էի խաղում… Սեղանի շուրջ իմ կողքին նստեց Սմբատ Լպուտյանը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավարը: Այո, ֆեդերացիայի նախագահը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է, սակայն ընթացիկ խնդիրները Լպուտյանի վրա են: Եվ նա ինձ ասում է. «Գարիկ, ինչո՞ւ որեւէ կերպ Երեւան չես գալիս»: Ես պատասխանեցի. «Սմբատ, իսկ ո՞վ է ինձ հրավիրում Երեւան»: Տեսնեմ` մի տեսակ անհանգիստ շարժումներ է անում, երեւի անհարմար զգաց… Ես շարունակեցի. «Հայաստանի իշխանությունները պատրա՞ստ են ինձ հրավիրելու: Նրանք կգնա՞ն Պուտինի հետ հարաբերությունները վատացնելու քայլին»: Ինձ համար պատասխանն այսօր ակնհայտ է… Ավելին, ասեմ, որ հայկական ֆունկցիոներների դիրքորոշումն ինձ տհաճորեն զարմացնում է: ՖԻԴԵ-ի նախագահի արդեն հիշատակված ընտրությունների ժամանակ մի կողմից ես էի` Գարրի Կասպարովը, ով աջակցում էր Անատոլի Կարպովին, մյուս կողմից` Կիրսան Իլյումժինովը… Թվում էր` հարցեր չպետք է լինեին: Այնինչ Հայաստանը քվեարկում է Իլյումժինովի օգտին: Այն նույն Իլյումժինովի, որն ամեն ինչից զատ, գլխավորապես հենվում է թուրքական եւ ադրբեջանական փողերի վրա: Ասեմ ավելին, Եվրոպայի շախմատային միության նախագահի ընտրություններում Հայաստանը դեմ քվեարկեց բուլղարացի Սիլվիո Դանաիլովին եւ պաշտպանեց Թուրքիայի կողմից առաջադրված Ալի Նիհաթ Յազչիի թեկնածությունը: Արդյունքում Դանաիլովը հաղթանակ տարավ, սակայն հարցը դա չէ: Ինչպե՞ս հասկանալ այդ տարօրինակ փաստը: Միգուցե սա Հայաստանի նոր քաղաքականությո՞ւնն է: Չգիտեմ… Ահա այսպիսին են այսօր իմ կապերը Հայաստանի հետ: