Սպասում է Անկարայի որոշմանը

14/10/2010

ԱՄՆ-ի կարծիքով` Թուրքիայի աշխարհագրական դիրքը շատ հարմար է հնարավոր բալիստիկ հրթիռային հարձակումներից պաշտպանվելու նպատակով հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հարցերով պատասխանատու Ջիմ Թոունսենդը: «Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ ուժեղ եւ շատ ակտիվ դաշնակից է, եւ շատ բնական է, որ մենք ցանկանում ենք աշխատել Թուրքիայի հետ: Ըստ մեզ, Թուրքիայի աշխարհագրական դիրքը շատ հարմար է, որպեսզի այնտեղ տեղակայվեն ՀՀՊ որոշ տարրեր` բալիստիկ հրթիռների հարձակումներից պաշտպանվելու համար: Այժմ Անկարան պետք է որոշում կայացնի»,- հայտարարել է նա: Հիշեցնենք, որ ըստ միջազգային մամուլի` Միացյալ Նահանգները Թուրքիայի տարածքում ցանկանում է տեղակայել ՀՀՊ տարրեր: Սակայն Անկարան մինչեւ օրս ոչ հերքել, ոչ էլ հաստատել է շրջանառվող այս տեղեկությունները: Թուրքիայում ՀՀՊ տարրերի տեղակայման առնչությամբ Վաշինգտոնի մտադրության մասին վերջին անգամ գրել էր «Washington Post» պարբերականը: Թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության անանուն աղբյուրները, գրել էր, որ ԱՄՆ պատրաստվում է ռադիոտեղորոշիչ կայան տեղադրել Հարավային Եվրոպայում: Պարբերականը` նշելով, որ կողմերը շատ մոտ են ՌՏԿ-ի տեղակայման առնչությամբ համաձայնության հասնելուն, ընդգծում էր, որ Պենտագոնն ուսումնասիրում է Թուրքիայում կամ Բուլղարիայում X-band տիպի հզոր ՌՏԿ-ի տեղակայման հնարավորությունը: