ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե 2012-2013թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրարշավի «շքերթը» գլխավորելու է Հանրապետական կուսակցությունը, քանի որ, ըստ նրա` 1,5, 2,5 տարիների ընթացքում չի ձեւավորվի քաղաքական այն միավորը, որը կկարողանա մրցակցել ՀՀԿ-ի հետ:
«Նախընտրական արշավը նման է վազքի մրցումների: Նշանակություն չունի, թե ով ինչպես է սկսում, նշանակություն ունի այն, թե ում քաղաքական շնչառությունը կհերիքի հատել եզրագիծը: Էլի սպորտի լեզվին անդրադառնամ. սպորտում կան տարբեր քաշեր, ՀՀԿ-ն այսօր քաղաքական դաշտում գրավում է այդ գերքաշային կատեգորիան»,- ասել է նա` անդրադառնալով այն խոսակցություններին, թե Հայաստանում արդեն սկսվել է նախընտրական ակտիվությունը: Ի դեպ, սա, թերեւս, պատասխան էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե` իրենք առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայքարելու են «50+1» արդյունքի համար: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը նաեւ դժգոհել էր` ասելով. «Հազար անգամ առիթ է եղել, մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, սակայն փոքրամասնություն լինելով` չենք կարողացել իրականացնել: Մենք պայքարում ենք, որ ունենանք «50+1»-ը, որ մեր խոսքը գործ լինի»: Անդրադառնալով Հայ Ազգային կոնգրեսի կողմից Ազատության հրապարակը վերանվաճելու մասին հայտարարությանը, Կ. Ավագյանն ասել է. «ՀԱԿ-ի համար գերխնդիր է դարձել Ազատության հրապարակը: Երեւի թե տարիների ընթացքում նախագահական նստավայրը փոխվել է Ազատության հրապարակով: Առաջ իրենց համար գերխնդիր էր նախագահական նստավայրը, եւ դա պատահական չէ, դրա պատճառն այն ակտիվության պակասն է, որ այսօր մենք բոլորս տեսնում ենք ՀԱԿ-ում եւ ՀԱԿ-ի գործունեության մեջ: ՀԱԿ-ի գործունեության մեջ շատ հստակ է նաեւ այն, որ ՀԱԿ-ը փորձում է ներիշխանական քամիներ բռնել` ՀԱԿ-ին սպասարկող տարբեր լրատվական միջոցներով: Դա եւս խոսում է ՀԱԿ-ի ակտիվության պակասի մասին»: Իսկ ինչ վերաբերում է հենց Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու ՀԱԿ-ի նախասիրությանը, ապա Կ. Ավագյանն ասել է. «Ի՞նչ նշանակություն ունի տեղը: ՀԱԿ-ի համար հանրահավաքի անցկացման վայրերի տարբերությունը քաղաքապետարանն է տեսնում, որը հստակ նշում է Ազատության հրապարակում հանրահավաք թույլ չտալու որոշման պատճառները: Ինչ վերաբերում է նրան, թե ՀԱԿ-ը երբ կվերադառնա Ազատության հրապարակ, ապա եթե կատակով ասեմ` ամենալավ ձեւը մի հատ օպերա գրելն է, սպասել, որ այդ օպերան որոշակի ճանաչում ունենա եւ հետո` տարիների ընթացքում կհայտնվեն Ազատության հրապարակում»: Հարցին, թե՝ չե՞ք վախենում, որ մի օր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի համբերության բաժակն իսկապես կարող է լցվել, եւ նա կմտնի Ազատության հրապարակ, Կարեն Ավագյանը պատասխանել է. «Իրականում չենք վախենում: Իրականում ոչ մի վախենալու բան չկա, նորից եմ ասում` որեւէ տարբերություն չկա, թե Օպերայից քանի մետր հեռավորության վրա է իրականացվում այդ հանրահավաքը»: Անդրադառնալով ՀՀՇ կուսակցության կողմից օրերս Վրաստանի եւ Ադրբեջանի կուսակցությունների հետ ստորագրած հռչակագրին, երիտասարդ ՀՀԿ-ականն ասել է. «Այդ հռչակագիրը եւս խոսում է այն մասին, որ Եվրոպայի աչքին երեւի պուպուշ երեւալու խնդիր ունեն, եւ անգամ համաձայնության են գնում «Մուսավաթ» կուսակցության հետ, որը միշտ հայտնի է եղել իր հակահայկական դրսեւորումներով»: Որպես ՀԱԿ-ի պասիվության պատճառ, Կարեն Ավագյանը նաեւ նշել է այն, որ ՀԱԿ-ում չկա «Լեւոն Տեր-Պետրոսյանին փոխարինող անձը»: «Նույն ՀԱԿ-ն այսօր ունի սերնդափոխության խնդիր, եւ նույն ՀԱԿ-ում այսօր չի ձեւավորվել այն երկրորդ անձը, որը փոխարինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչը եւ խանգարում է ՀԱԿ-ի գործունեությանը, ՀԱԿ-ի ակտիվությանը ներքաղաքական դաշտում»,- ասել է նա: Իսկ հարցին, թե ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանին փոխարինող կա՞, նա պատասխանել է. «ՀՀԿ-ում նման խնդիր չկա: Այսինքն` ՀՀԿ-ն նման խնդրի առաջ չի կանգնի»: «Իսկ ՀԱԿ-ը կանգնե՞լ է նման խնդրի առջեւ» հարցին նա պատասխանել է. «Իհարկե, կանգնել է, դա հենց երեւում է Լ. Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունից ու պասիվությունից»:
Ի դեպ, երեկ լրագրողները ՀՀԿ-ական պատգամավորից նաեւ հետաքրքրվել են, թե ինչու Հանրապետական կուսակցությունն ու երկրի նախագահը չեն արձագանքում բանակում տեղի ունեցող աղմկահարույց միջադեպերին, ինչին ի պատասխան՝ նա ասել է. «Արձագանքելու որեւէ խնդիր չկա, դա իմ կարծիքն է»: Ըստ նրա` բանակն արտացոլում է հասարակության մեջ եղած խնդիրները: «Բանակի ղեկավարությունն իր համար գերխնդիր է դրել, որպեսզի հնարավորինս լուծի բոլոր այն պրոբլեմները, որոնք մենք գիտենք, որ այսօր կան բանակում: Այլ բան է, թե ինչպես է դա շահարկվում, ինչպես է դա օգտագործվում»,- ասել է նա` հավելելով, թե բանակն ուժեղացնելու համար քայլեր արվում են, ու այդ հարցում ամենաշահագրգիռ մարդն էլ հենց պաշտպանության նախարարն է: