2011թ. բյուջեում Ադրբեջանն այս տարվա համեմատ կրկնապատկում է ռազմական ծախսերը: Այդ մասին երեկ հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը: Խորհրդարանում ներկայացնելով պետբյուջեի նախագիծը` ֆինանսների նախարարն ասել է, որ պաշտպանական բնագավառի ծախսերը 2011թ. աճելու են 89.7 տոկոսով եւ կկազմեն 2.5 միլիարդ մանաթ (շուրջ 3 միլիարդ 100 միլիոն դոլար):
Հիշեցնենք, որ Ադրբեջանի 2010թ. բյուջեով ռազմական ծախսերին հատկացվել է 1 միլիարդ 187 միլիոն մանաթ: «2011թ. բյուջեում ռազմական ծախսերը կկազմեն 19.7 տոկոս` 2010թ.10.7 տոկոսի համեմատ: Այսինքն` ռազմական ծախսերը բյուջեում համարյա կրկնապատկվում են»,- ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարարը: Շարիֆովի խոսքով, մոտավորապես 1 միլիարդ 400 միլիոն դոլարն ուղղվելու է ադրբեջանական բանակի արդիականացմանը` ժամանակակից սպառազինություններ ձեռք բերելու համար: Նաեւ ասել է, թե Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար ավելի շատ գումար է հատկացվելու, քան այս տարի, բայց չի կոնկրետացրել, թե որքան գումար է նախատեսվում ծախսել այդ ուղղությամբ:
Ըստ «Ֆրանսպրեսի»` Ղարաբաղի հարցով Հայաստանի հետ երկարատեւ հակամարտություն ունեցող Ադրբեջանը էներգակիրների արտահանումից ստացած գումարների հաշվին անցած երկու տարիների ընթացքում ռազմական ծախսերն առանց այդ էլ համարյա կրկնապատկել էր: