«Վան» հացատո՞ւն, թե՞ հասարակաց տուն

14/10/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանյան գիշերները հատկապես կորցրել են իրենց հմայքը Երեւանի որոշ փողոցներում, որտեղ խայտաբղետ շարք են կազմում մարմնավաճառ կանայք, կամ, ինչպես ասում են՝ գիշերային «թիթեռնիկները»:

Ավելին, կան փողոցներ, որտեղ կանգնում են մինչեւ 25 տարեկան աղջիկներ ու տղաներ: Ու եթե պատահմամբ հայտնվում ես այդ փողոցների հարակից տարածքում, ապա տեղի «առեւտրականները» աչքի պոչով փորձում են հետեւել քո գործողություններին ու, ամեն դեպքում՝ հետաքրքրվել, թե ինչի՞ ես սպասում: Այս տեսարանը վաղուց արդեն զարմանալի չէ: Այն վերածվել է մեր մայրաքաղաքի գիշերների բաղկացուցիչ երանգի: Ու թերեւս շատերին է հայտնի, որ մարմնավաճառությունը մեզ մոտ դարձել է ամենաշահավետ բիզնեսներից մեկը: 2006թ. ՄԱԿ-ի կողմից Հայաստանում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մեր երկրում միայն մարմնավաճառության բիզնեսում ապօրինի շրջանառվել է շուրջ 300 մլն դոլար: Այն ժամանակ այդ գումարը կազմում էր ՀՀ պետբյուջեի 30 տոկոսը: Մարմնավաճառությունը երբեմն դառնում է սովորական առեւտուր: Տարիներ առաջ կապանցի մարմնավաճառուհիներից մեկը սպառնացել էր իր թաղամասի որոշ բնակիչներին դատի տալ, ովքեր պարտքով օգտվում էին մարմնավաճառուհու մատուցած «բարձրակարգ» ծառայությունից: Մարմնավաճառ կինը պարտքացուցակ էր պահում, եւ պարբերաբար «կլիենտներին» խնդրում էր մարել պարտքերի որոշ մասը: Զավեշտը հասավ նրան, որ որոշ հանդուգն հաճախորդներ իր «բնամթերքը» անտրտունջ վաճառող կնոջն ասացին, որ հույսը կտրի պարտքերից: Ուշագրավն այն էր, որ դրանից հետո մարմնավաճառուհին պարտքացուցակը հրապարակեց ամբողջ թաղամասում, ու այդ ժամանակ բացահայտվեցին թաղամասի որոշ հաճախորդ-տղամարդիկ: Ի դեպ, մարմնավաճառ կինը նույնիսկ զեղչեր էր անում իր մշտական «կլիենտների» համար: Կնոջ ծառայությունից հիմնականում օգտվում էին պարսիկ վարորդները, որոնց ավտոմեքենաները շատ հաճախ կարելի էր տեսնել մարմնավաճառուհու բակում: Ըստ թաղամասի հարեւանների, երբ «հաճախորդները» գալիս էին, կինը երեխաներին դուրս էր հանում փողոց` «մաման գործի ա» արտահայտությամբ: Իսկ պատվերներ ստանալիս էլ երեխաներին նույն զգուշացումն էր հաղորդում. «Մաման գործի ա գնում, հանկարծ չարություն չանեք»: Սա իրական պատմություն է, ու այդ կինն այն հազարավորներից մեկն է, որ գործում է մեր հանրապետությունում՝ թաքնված, բայց գոնե մշտական աշխատանքով ապահովված: Այս կինն այնպիսի ազնվություն էր հաղորդել իր «աշխատանքին», որ մի պահ սկսում ես կասկածել անգամ մարմնավաճառությունը՝ զանցանք դիտելու փաստը:

Պաշտոնական տվյալներով` 2008թ. վարչական պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 357 անձ, որոնցից 110-ի մոտ ախտորոշվել էին վեներական հիվանդություններ: Ընդ որում, տուգանքի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի կրկնակին: Ու այս դեպքում դժվար է խոսել այդ բիզնեսի վերահսկման մասին, երբ ոլորտի կառավարումը մատնվել է բարձիթողի վիճակի: Օրեր առաջ Երեւանի Թումանյան 23 հասցեում գտնվող «Վան» հյուրանոցում կատարվածը եւս ընդունեցինք բավական բնականոն ձեւով՝ առանց աղմուկի կամ ավելորդ ցնցման: Հոկտեմբերի 6-ին Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն էր հրավիրվել 10 կին քաղաքացի: Այնուհետեւ պարզվեց, որ նրանք մարմնավաճառուհիներ են, որոնց «բիզնեսին» աջակցել էր «Վան» ռեստորանը: Թեեւ գործը հիմա նախաքննության փուլում է, բայց մենք փորձեցինք խոսել ռեստորանի ղեկավարության հետ:

Հացատուն-մոթել համարվող «Վանը» ներսից հիշեցնում է կենդանիների սպանդանոց: Այստեղ պատերի յուրաքանչյուր սանտիմետրի վրա փակցված էին տարբեր կենդանիների մորթիներ: Ավելին՝ այդ ամենին շունչ էին հաղորդում թռչունները, որոնք փոքրիկ վանդակներով դրված էին միջանցքի հատակին: Իսկ կոլորիտն ամբողջացնելու համար վառվում էին աղոտ լույսեր, որոնք ավելի ճնշող էին դառնում խոնավության հոտի առկայությամբ: Հյուրանոցի մենեջերը, չգիտես ինչու, նյարդայնացավ` լսելով, որ թերթի թղթակից ենք: «Ինչի՞ եք ուզում ավելորդ բաներ գրեք: Համ էլ գրել են արդեն»,- ասաց մենեջերը` նկատի ունենալով Ոստիկանության կողմից տարածած հաղորդագրությունը: «Ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու: Ոչինչ չեմ կարող ասել,- ասաց «Վան» հյուրանոցի մենեջերը՝ չներկայանալով,- Ինչի՞ համար պիտի անուն-ազգանունս ասեմ, որ թերթի մեջ անպայման նշեք, որ էդ մարդուն հարցրեցի՝ սենց պատասխանեց: Չէ, չեմ ասի: Մի՛ գրեք»:

Մենք փորձեցինք այս գործի առնչությամբ տեղեկատվություն ստանալ նաեւ Ոստիկանության լրատվական բաժնից, որտեղ, սակայն, մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին: